Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառը տոներն են. Ալի Հասանով


  
դիտումներ: 413

Ադրբեջանում հոկտեմբերին կամ ապրիլին նախագահական ընտրությունների անցկացումը չի կարող մեկնաբանվել որպես պոտենցիալ թեկնածուների, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հնարավորությունների սահմանափակում և նրանց համար հավելյալ դիվիդենդ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» կայքը, այս մասին մայրաքաղաք Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը:

Ըստ Հասանովի՝ 2018 թ-ի ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելը պայմանավորված է երկրում Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված մի շարք միջազգային և տեղի միջոցառումների անցկացմամբ:

«Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախատեսված էին 2018 թ-ի հոկտեմբերի 17-ին, սակայն սույն թվականի մայիսից Ադրբեջանում տեղի կունենան բազմաթիվ կարևոր միջազգային և տեղի միջոցառումներ: Դրանց թվում են Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ձևավորման 100-ամյակը (նշվում է մայիսի 28-ին), Միջազգային մարդասիրական ֆորումը և այլն: Այդ ամենը հաշվի առնելով՝ նման որոշում է կայացվել»,- նշել է Ալի Հասանովը:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի համաձայն՝ երկրում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվելու են ապրիլի 11-ին: Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահ է 2003 թ-ից: Համաձայն 2016 թ-ին երկրում իրականացված սահմանադրական փոփոխությունների՝ Ադրբեջանի նորընտիր նախագահը երկիրը ղեկավարելու է 7 տարի ժամկետով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: