Հայերեն   English   Русский  

Պառավաքարի փոքրիկները Խաղաթաքստոց կունենան


  
դիտումներ: 6023

Տավուշի մարզի Պառավաքար գյուղի երեխաներն այսուհետ անվտանգ և հարմարավետ Խաղաթաքստոց կունենան:

Պահապան զարգացման հիմնադրամը Տավուշի մարզում արդեն երրորդ Խաղաթաքստոցն է բացում: Կատարված աշխատանքների, ապագա ծրագրերի և այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Մանուկյանի հետ։

«Ընդհանրապես հիմնադրամի առաքելությունը Տավուշի զարգացման ծրագրերն են, մեր ուշադրության կենտրոնում սահմանամերձ գյուղերում տնտեսական կյանքը մի փոքր արթնացնելն է: Առանձին մի նախաձեռնություն ունենք, որի համար գումար ենք հայթայթում: Նպատակը սահմանամերձ գյուղերի դպրոց-մանկապարտեզներում երեխաների համար ապահով վայրեր ստեղծելն է, թաքստոցներ,որտեղ երեխաները կարող են պահվել կրակոցների ժամանակ, որովհետև այդտեղ բավական հաճախ է լինում, և այդ տեսանկյունից պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծել»,- ասաց նա:

Մանուկյանը նշեց, որ նպատակ ունեն 15 գյուղի համար 15 այսպիսի թաքստոց պատրաստել, բայց դրանք ոչ թե պարզապես թաքնվելու միջավայր պիտի լինեն, այլ ապահով վայր, որտեղ երեխաները կարող են շարունակել խաղալ, սովորել: Նա ընդգծեց՝ հենց այս պատճառով էլ այնտեղ, որտեղ աշխատում են, փորձում են առաջին հերթին ապահովության չափանիշներին հետևել. եթե դպրոց է, ունի նկուղ, այն մաքրում են, նորոգում, ապահովում են երկրորդ մուտք, օդափոխություն՝ ԱԻՆ չափանիշների համաձայն:

Եթե դպրոցը չունի նկուղ, իսկ այդպիսի դպրոցներ կամ մանկապարտեզներ շատ կան, որոնք կառուցված են գետնի վրա, ապա կամ դպրոցի բակում պետք է կառուցվի նման թաքստոց՝ հողի մեջ, որը կահավորելը դժվար է, կամ շենքի ներսում պիտի առանձնացվի մի հատված, որը էլի այդ չափանիշներին համապատասխան փորձում են կահավորել:

«Բոլոր այդ վայրերը, որտեղ մենք աշխատում ենք, տեղադրում ենք մանկական կահույք, հեռուստացույց, սառնարան, էլեկտրական պլիտա, տաքացուցիչներ, գեներատոր, որպեսզի կարիքի դեպքում իրենք կարողանան այնտեղ հանգիստ մնալ, եթե մանավանդ դրսում աղմուկ է, ապա կարողանան զբաղվել, երաժշտություն լսել: Հիմա երրորդ թաքստոցն ենք կառուցում, այս անգամ՝ Պառավաքար գյուղում: Առաջինը եղել է Ներքին Կարմիրաղբյուրում՝ մեր միջոցներով, երկրորդը Մովսես գյուղի թաքստոցն էր, որը նորոգված էր արդեն, մենք տրամադրեցինք կահավորանքը, գեղեցիկ միջավայր է, երրորդը Պառավաքար գյուղի դպրոցն է»,- ասաց նա:

Մանուկյանը նշեց, որ այս նախաձեռնության ֆինանսները հավաքագրվել են «խաղաթաքստոց» քարոզարշավի արդյունքում, որով իրենք Երևան քաղաքում 35 սրճարան-ռեստորան միավորել են մեկ ցանցի մեջ, այդ պահից մինչ օրս այնտեղ փակցված են հիմնադրամի պաստառները, կարծեք՝ «փազըլներ» են հավաքվում: «Փազըլ»-ի կտորներն, ըստ գործադիր տնօրենի, հանգանակության հետաքրքիր ձև են դառնում. ըստ պայմանավորվածության՝ սրճարաններից յուրաքանչյուրում մատուցողները հաճախորդներին առաջարկում էին պաստառն ամբողջացնել իրենց գնած «փազըլ»-ներով, որոնց մեկ կտորն ընդամենը 200 դրամ արժեր: Այդ գումարը գցում էին հանգանակի մեջ, «փազըլ»-ից մի կտոր փակցնում էին պաստառի վրա, վերջում հավաքվում էր մի շատ գեղեցիկ նկար:

«150 կտոր կար նկարի վրա, ամեն կտորը գումար էր, հիմա դա բազմապատկեք սրճարանների թվով, ամեն սրճարանում մի քանի նման պաստառ է հավաքվել: Այդ գումարով մենք փորձում ենք շարունակել այս գործը, բացի դրանից, Մոսկվայում ունենք աջակիցներ, որ գումարներ են հավաքել, Մոնտ-Ռեալում, փորձում ենք ընդլայնել մեր ընկերների քանակը՝ սփյուռքահայերի ներգրավելով: Մեր կայքում ծրագրերը գրված են, կայքի միջոցով էլ ենք դրամահավաք իրականացնում, մարդիկ, որոնք կարող են տեսնել՝ մենք ինչ ենք նախատեսում անել, արդեն մի շարք ծրագրերի գումարներ ունենք հավաքած, մի 4 ծրագիր ունենք աչքի առաջ, կարող են իրենք էլ նվիրաբերություն անել, որպեսզի հաջորդը կառուցենք»,- ասաց նա:

Հիմնադրամի գործադիր տնօրենն ասաց, որ թեպետ դեռ հայտարարված չէ, սակայն Պառավաքարի մանկապարտեզից հետո հրատապ է Այգեպարի համայնքում երեխաների համար թաքստոց սարքելը, ապա նաև Չինարիում ու Կոթիում: Հիմնադրամի ծրագրերը բյուջեի իմաստով բավական մատչելի են, որովհետև հիմնադրամն իր կողմից տրամադրում է անվճար ուժ, կազմակերպչական բոլոր հարցերը լուծում է, իսկ բոլոր հանգանակություններն ուղղակի ծախսեր են, այսինքն՝ գումարը, որ նվիրաբերվում է, մնում է կամ տրանսպորտին, կամ գույքին ու կահավորանքին, կամ շինարարությանը:

«Մենք աշխատում ենք այդ ամենը Տավուշից գնել, այսինքն՝ գումարը պահվում է Տավուշում, դա կլինի հավելյալ օգնություն: Այս պահի դրությամբ մեր ծրագրերը թանկ չեն, օրինակ՝ նկուղը իր կահավորանքով արժե մոտավորապես 2500 – 3000 դոլար, իսկ եթե խնդիր կա շինարարության, այսինքն՝ չկա ոչինչ, այդ գումարը ավելանում է, հասնում մինչև 6-7-8 հազար դոլար, նույնիսկ՝ 20 հազար դոլար»,- ասաց նա:

Մանուկյանն ասաց, որ իրենք փորձում են տարբեր դոնորներ գտնել, և եթե էլի միացողներ լինեն, ուրախությամբ կընդունեն, քանի որ ամենաչնչին գումարն անգամ իրենց համար մի ծրագրի ներդրում է: Նշենք, որ մոտ 10,000 երեխա Տավուշի սահմանամերձ գյուղերում ապրում են պարբերական կրակոցների տակ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: