Հայերեն   English   Русский  

​Հաջողության հասնելու համար պետք է սիրես մասնագիտությունդ. հնագետ


  
դիտումներ: 5480

Ոչ հայկական անունով նվիրյալ հայուհի. թերևս այսպես կարելի է բնորոշել հնագետ Ինեսա Կարապետյանին, որն իր ողջ կյանքը նվիրել է հայոց պատմության նյութական ժառանգության ուսումնասիրությանը։

Երբ հայրն իր նորածին դստերն անվանակոչում էր ֆաշիստների դեմ պայքարող իսպանական ինտերնացիոնալ բրիգադի քաջարի մարտիկ և իր զոհված զինակից Ինեսայի անունով, դժվար թե պատկերացներ, որ իր դուստրն էլ կդառնա պատմական ճշմարտության մարտիկը։

«Պատերազմական տարիներին ծնված մեր սերունդը շատ շուտ հասունացավ։ Մենք փայփայված ու անհոգ երեխաներ չենք եղել»,- ասում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, հնագետ Ինեսա Կարապետյանը։ Հայրենական պատերազմում հոր զոհվելուց հետո նա մնում է մոր խնամքին։ Մայրը դերասանուհի էր, խիտ աշխատանքային գրաֆիկ ուներ, իսկ փոքրիկ աղջիկը ստիպված էր տանն իր համար զբաղմունք գտնել։ Հիշում է, որ դեռ դպրոց չէր գնում, սակայն մայրն իրեն գրել-կարդալ էր սովորեցրել, և ազատ ժամանակը լցնելու համար գրադարանից վերցրած գրքերն էր կարդում։

Պատմում է, որ դպրոցում ուսումնառության տասը տարիների ընթացքում 12 դպրոց է փոխել, սակայն դա չի խանգարել լավ սովորելուն։ Ճակատագրի հեգնանքով դպրոցական վերջին տարիներին սովորել է Բաքվում, ապա Երևան վերադարձել՝ ընտրելով պատմաբան-հնագետի մասնագիտությունը։

Մասնագիտության ընտրությունը, սակայն, միանգամից տեղի չի ունեցել։ Հիշում է, որ գրքերով ոգևորված՝ նախ ցանկանում էր նավաշինարար դառնալ։ Մորաքրոջ միջամտությունից հետո, սակայն, հրաժարվում է այդ մտադրությունից։ Բուհ ընդունվելու համար երկու տարվա աշխատանքային փորձ էր պետք, ուստի նախ աշխատանքի է անցնում ռայկոմում որպես գործավար։ Շուտով հասկանում է, որ չինովնիկական միջավայրն իրենը չէ։ «Անտանելի էր տեսնել, որ զրկվածը չի կարողանում իր բողոքը հասցնել իր ղեկավարին, ոլորտի պատասխանատուին»,- ասում է նա՝ հավելելով, որ կաշառակերությունը, ծանոթ-բարեկամ խաղերը տեսնելուց հետո թողնում է աշխատանքը։ Սկսում է աշխատել թատրոնում՝ իր համար բացահայտելով մի նոր ու հետաքրքիր աշխարհ։ Որոշում է, որ պետք է ռեժիսուրա սովորի։ Ընդունելության քննության ժամանակ, սակայն, ընդունող հանձնաժողովի ղեկավար Վարդան Աճեմյանը նրան խորհուրդ է տալիս այլ մասնագիտություն ընտրել՝ նշելով, որ կանայք, հատկապես՝ Հայաստանում, ռեժիսուրայում անելիք չունեն։

Հաջորդ տարին նա արդեն դիմում է պատմության ֆակուլտետ։ Ասում է, որ այս որոշման համար երբևէ չի զղջացել և նորից ընտրություն ունենալու դեպքում կրկին նույն մասնագիտությունը կընտրեր։ «Շատ հետաքրքիր ու գրավիչ մասնագիտություն է։ Հնավայրերում, երբ մարդիկ գալիս ու ծանոթանում են պեղումների արդյունքներին, չկա մեկը, որ երանի չտա մեզ ու չասի, որ ինքն էլ կուզենար հնագետ լինել»,- ասում է Կարապետյանը։

Հիշում է, որ դեռ առաջին կուրսի ամռանը մի քանի ընկերուհիներով Հայաստանի պատմության թանգարան են գնում՝ տնօրենին խնդրելով իրենց ներգրավել պեղումներ իրականացնող արշավախմբերում։ Այդտեղից էլ ամեն ինչ սկսվում է։ Մինչ օրս Կարապետյանը մասնակցել է շուրջ 15 հնավայրերի պեղումների, ինչպես նաև ղեկավարել է Թմբադիրի, Կարճաղբյուրի և Արմավիրի հնագիտական արշավախմբերի պեղումները։

Նա նշում է, որ կանայք, այդ թվում և Հայաստանում, հնագետների թվում փոքր մաս չեն կազմում, տղամարդկանց չեն զիջում նաև իրենց վաստակով ու ցուցաբերած արդյունքներով, սակայն աչքի են ընկնում համեստությամբ, այդ պատճառով քչերը գիտեն, որ կանայք էլ հնագիտության ոլորտում հաջողություններ ունեն։

Միաժամանակ Կարապետյանն ասում է, որ կնոջ համար հեշտ չէ հնագետ լինելը։ «Հնագետի աշխատանքը որքան գիտական, գրասենյակային գործունեություն է, այնքան էլ դաշտային աշխատանք է։ Իսկ պեղումների համար հատուկ գիտելիքներ են պետք։ Արտակարգ հետաքրքիր աշխատանք է, երբ պեղում ու նոր բան ես բացահայտում, ապա դրա մասին նյութեր գտնում պատմական աղբյուրներում,- ասում է նա։- Բայց կնոջ համար հեշտ չէ հնագետ լինելը. երեխաներս արշավախմբերի հետ են մեծացել»։

Ասում է, որ իր մասնագիտական հաջողություններում մեծ դեր է ունեցել նաև ամուսինը, որը, գնահատելով կնոջ մասնագիտական կարողություններն ու հետաքրքրությունները, իրեն աջակցել է ամեն հարցում։ Հիշում է՝ երբ առաջնեկ որդին ընդամենը 1 տարեկան 3 ամսական էր, պետք է պեղումների գնար։ Երեխային մսուր-մանկապարտեզ է ուղարկում, իսկ ամուսինը համաձայնում է մանկապարտեզից դուրս խնամել երեխային։

«Ամուսինս արվեստաբան էր, հայագիտությամբ էր զբաղվում։ Արվեստի ինստիտուտում էր աշխատում, ապա Ազգային պատկերասրահի գիտքարտուղարն էր։ Շատ զարգացած մարդ էր, ռոմանտիկ անձնավորություն, բանաստեղծություններ էր գրում, նկարում էր, զարդեր էր ստեղծում։ Ուրիշ տղամարդ լիներ՝ երբեք չէր համաձայնի, որ իր 1,3 տարեկան երեխային մայրը թողնի ու գնա»,- ասում է նա՝ հավելելով, որ երկու օրը մեկ Հոկտեմբերյանի Հայկավան գյուղից Երևան էր գալիս ճանապարհի մի մասը ոտքով, մի մասն էլ՝ պատահական համընթաց ավտոմեքենաներով, գիշերը լվացք ու արդուկ էր անում, ճաշ պատրաստում ու առավոտյան նորից արշավախմբին հասնում։

Ասում է, որ ինստիտուտում կանայք շատ կային ու նման առօրյան միայն իրենը չէր։ Պատմում է, որ երկրորդ և երրորդ երեխաներին արդեն իր հետ պեղումների է տարել. «Աղջկաս ու փոքր տղայիս արշավախմբերում եմ մեծացրել»։

Հարցին, թե ինչպես է կարողացել համատեղել աշխատանքն ու ընտանիքը՝ Կարապետյանը պատասխանում է, որ համատեղելու գաղտնիքը սերն է. «Պիտի սիրես ամուսնուդ, ընտանիքդ և աշխատանքդ։ Երբ սիրում ես՝ կարողանում ես ուժերդ հավաքել ու ճիշտ բաշխել»։

Կարապետյանն ասում է, որ թե՛ խորհրդային տարիներին, թե՛ անկախ Հայաստանում հնագետի աշխատանքը սուղ է վարձատրվում, ինչի պատճառով էլ ընտանիքի կարիքները հոգալը բավականին բարդ է։ Նա վստահ է՝ եթե հնագետների աշխատանքը բավարար չափով վարձատրվեր, մարդիկ առօրյա հոգսերի մասին այդքան չմտածեին՝ շատ ավելի մեծ արդյունքներ կունենայինք։

Չնայած ֆինանսական առումով ոչ գրավիչ լինելուն՝ Կարապետյանն իր մասնագիտությունը շատ է սիրում ու գնահատում։ Նա, սակայն, ցավով փաստում է, որ հայաստանյան հնագիտությունը տեխնիկական հագեցվածության առումով հետ է մնում համաշխարհային զարգացումներից։ Եթե խորհրդային տարիներին բոլորն էլ համեմատական վերլուծության միջոցով էին տվյալներ ստանում, ապա այժմ արտասահմանյան արշավախմբերն ունեն գերժամանակակից տեխնիկական հնարավորություններ, որոնց միջոցով առավել ճշգրիտ արդյունքներ են ունենում, մինչդեռ մենք այդ հնարավորությունից զուրկ ենք։

Կարապետյանն ուրախությամբ է փաստում, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Հայաստանի տարածքը գնալով ավելի ու ավելի գրավիչ է դառնում միջազգային արշավախմբերի համար, իսկ նման զարգացումների պայմաններում մի օր էլ պատմական ճշմարտությունը կհաղթանակի։ Ասում է, որ խորհրդային տարիներին կեղծ հավասարության սկզբունքը մեծ վնաս է հասցրել հայերիս։ Ուրարտուն, որը համարվում էր առաջին պետական միավորը Խորհրդային Միության տարածքում, վերագրվում էր երեք ժողովուրդներին՝ հայերին, վրացիներին և ադրբեջանցիներին։

«Մենք մեր մեջ խոսում էինք, բայց բարձրաձայնել չէինք կարող։ Մեր պատմությամբ, աշխարհագրությամբ զբաղվում էին օտարազգիները, որոնց համար մեր պատմական ճշմարտությունը կարևոր չէր»,- ասում է նա։

Անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ Կարապետյանն ասում է, որ 90-ականներին իրենց ընտանիքն էլ կարող էր արտերկիր մեկնել, ամուսնուն տարբեր տեղերից հրավիրում էին, սակայն հրաժարվեցին, քանի որ քաջ գիտակցում էին՝ օտար ափերում վաստակած հացի կտորն իր գինն ունի՝ ինքնությունը։ Չմեկնելու, Հայաստանում մնալու որոշման համար չի զղջում, չնայած բազում ֆինանսական խնդիրներին ու ընտանեկան հոգսերին։

Երիտասարդներին էլ Կարապետյանը խորհուրդ է տալիս որոշումներ կայացնելիս չառաջնորդվել շահով։ Հիշեցնում է, որ առաջինն ընտանիքն է, հետո միայն աշխատանքը և մասնագիտությունը։ Սակայն աշխատանքն էլ պետք է սիրես, որպեսզի որպես վարձատրություն, դրամից բացի, նաև հոգեկան բավարարվածություն ստանաս։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: