Հայերեն   English   Русский  

​Աշխարհի ամենախելացի դրամապանակի հեղինակը չի թաքցնում հաջողության բանաձևը


  
դիտումներ: 5516

Անցյալ տարվա ամռանն էր, երբ աշխարհը սկսեց խոսել հայկական գերհզոր ու գերխելացի «Վոլտերման» դրամապանակների մասին, որոնք հնարավորություն են տալիս անվտանգ պահել այն, իսկ կորցնելու դեպքում՝ հեշտությամբ գտնել:

Այս միտքը հեղինակ և նախագծի ղեկավար Ազատ Թովմասյանը հղացել էր ըստ անհրաժեշտության, առօրյա պարզ խնդրին լուծում գտնելու համար. դրամապանակը կորցնելու դեպքում գտնել այն: Այսպիսի դրամապանակ ստեղծելու միտքը ծագեց մոտ երկուսուկես տարի առաջ, և Ազատը սկսեց մշակել գաղափարը, բազմաթիվ փորձեր ու փորձարկումներ անել՝ հասկանալու համար՝ հնարավո՞ր է այդ գաղափարը կյանքի կոչել, այդպիսի փոքր չափերի մեջ տեղավորել այն բոլոր ֆունկցիաները, որ նախատեսել ես: Այդ փուլերից հետո՝ 2017 թ. կեսերին, որոշվեց, որ հնարավոր է պատրաստել նման դրամապանակ: Իսկ այս հետաքրքիր գաղափարը կյանքի կոչելու համար էլ ընտրվեց ֆինանսավորման ոչ պակաս հետաքրքիր՝ քրաուդֆանդինգի տարբերակը:

«Քրաուդֆանդինգը շատ ընդունված բան է ամբողջ աշխարհում, ու շատ հայտնի ապրանքանիշներ հենց այդ ճանապարհով են գնացել: Այդ ընթացքում դու և՛ շուկան ես ուսումնասիրում, և՛ հայտնի ես դառնում: Լավ PR ակցիաներ են լինում ընթացքում, հետևաբար բիզնեսի տեսանկյունից էլ շատ հարմար է, օգնում է մեծ գումար ներգրավել այդ գաղափարի շուրջ, որով արդեն արտադրում ես, զարգացնում ես, կատարելագործում ես և մտնում միջազգային վաճառքի հարթակներ: Մենք արդեն հասել ենք այդ վերջին փուլին, իսկ այդ ամբողջ ընթացքում արդեն հասցրեցինք հասկանալ, որ մեր առաջարկած նախագիծը կհաջողվի, պահանջված է, մեծ հետաքրքրություն է առաջացրել»,- «Անկախին» պատմեց նախագծի հեղինակ Ազատ Թովմասյանը:

Հայաստանյան իրականության մեջ աննախադեպ էր նաև «Վոլտերմանի» համար նախաձեռնված քրաուդֆանդինգը, քանի որ նախատեսվել և հայտարարվել էր, որ անհրաժեշտ է հավաքել մոտ 40 հազար ԱՄն դոլար գումար, բայց քրաունդֆանդինգի մեկնարկից մեկուկես ամիս անց արդեն հավաքվել էր մոտ 1 միլիոն դոլարից ավելի գումար: Հիմա էլ քրաուդֆանդինգը չի դադարել և աշխարհի տարբեր ծայրերից հետաքրքրվողները դեռ շարունակում են գումարներ տրամադրել այս նախագծին, ներկայումս այն արդեն հատել է 1 միլիոն 800 հազար դոլարի սահմանագիծը: Աշխարհի շուրջ 135 երկրներից ավելի քան 16 հազար մարդ է աջակցել «Վոլտերման» դրամապանակների համար նախաձեռնված քրաուդֆանդինգին, և մարտի սկզբներից քրաունդֆանդինգի բոլոր մասնակիցները կարող են տեսնել արդյունքը՝ պատրաստի «Վոլտերման» խելացի դրամապանակը:

Մինչ քրաուդֆանդինգի փուլին հասնելը Ազատ Թովմասյանը փաստորեն մոտ մեկուկես տարի միայնակ է աշխատել այս նախագծի վրա, որից հետո արդեն ներգրավվել են այլ մասնագետներ՝ տեխնիկներ, դիզայներներ, շուկայագետներ և այլք: Ներկայումս 10 հոգուց է կազմված «Վոլտերմանի» հիմնական թիմը: Իսկ առաջիկայում, երբ կազմակերպվի նաև սեփական արտադրությունը, աշխատակիցների թվաքանակը մի քանի անգամ կմեծանա:

«Մենք հիմքերը դրեցինք՝ շեշտադրում անելով պրոֆեսիոնալիզմի վրա ու ջանալով բացառապես հայկական արտադրանք թողարկել: Ակնկալել ու հավատացել ենք, որ շատ մեծ հաջողությունների ենք հասնելու»,- նշում է «Վոլտերմանը» ստեղծողը:

Մեկուկես տարվա ընթացքում, ինչպես նշում է Ազատ Թովմասյանը, հազարավոր փորձեր են արվել. դրանք, ըստ էության, չհուսահատվելու, չհանձնվելու փորձություն էին, երբ ինչ-որ բան չի ստացվում, նորից ու նորից ես փորձում, մինչև գտնվի լուծումը: Ոչ բոլորն են պատրաստ հազար անգամ ինչ-որ գործիք, գործառույթ փորձել ու շարունակել մինչև արդյունք ստանալը: Ազատ Թովմասյանը, սակայն, այդ ամբողջ ընթացքում նույն ջանասիրությամբ, նույն հավատով, որ ամեն ինչ կստացվի, ու նույն աշխատասիրությամբ իրականացրեց իր մտահղացումը, չհանձնվեց ու չնահանջեց:

«Նախ և առաջ դրան օգնեց աշխատասիրությունը և հավատը, երբ ամբողջ սրտով հավատում ես, որ արդյունքը լինելու է այնպիսին, ինչպիսին դու ես ուզում: Մենք աշխարհում նմանը չունեցող պրոդուկտ էինք պատրաստում: Իհարկե, կան նման մեկ կամ երկու ֆունկցիա ունեցող դրամապանակներ, բայց մենք ունենք ընդհանուր 6 ֆունկցիա, որոնք աշխարհում որևէ դրամապանակ չունի: Հետևաբար վստահ էի, որ մեծ հաջողություն է ունենալու: Այդ հաջողության ակնկալիքն էլ հենց ստիպում էր ավելի նվիրված աշխատել»,- նշեց Ազատ Թովմասյանը՝

Այսպիսով՝ «Վոլտերման» սմարթ դրամապանակն ունի 6 առանցքային գործառույթ: Առաջին՝ Power Bank-ի օգնությամբ դրամապանակից հնարավոր է հեռախոսը լիցքավորել մինչև 100%: Երկրորդ՝ երբ դրամապանակն ու հեռախոսը միմյանցից հեռու գտնվեն, Bluetooth Alarm գործառույթի շնորհիվ դրանք միմյանց ազդանշան կհաղորդեն, այսինքն՝ եթե մոռանաք դրամապանակը ինչ-որ տեղ, ապա հեռախոսը կհիշեցնի դրա մասին կամ հակառակը: Եթե դրամապանակը գողացել են և հեռախոսի ազդանշանը չի լսվել, ապա Global GPS Tracker-ի օգնությամբ հնարավոր է online քարտեզի վրա, ամբողջ աշխարհի շառավղով տեսնել, թե որտեղ է այն տվյալ պահին: Դրամապանակն ունի WiFi Hotspot, որի միջոցով աշխարհի ցանկացած կետում հնարավոր է օգտվել գլոբալ ինտերնետ ռոումինգի ծառայությունից, որի սակագները սովորական ինտերնետային ռոումինգից 3 անգամ էժան են: «Վոլտերմանն» ունի նաև ներկառուցված փոքրիկ տեսախցիկ, ու եթե այն կորչելուց հետո ինչ-որ մեկը բացի, ապա փոքր տեսախցիկը կլուսանկարի բացողի դեմքը և նկարները կուղարկի տիրոջ հեռախոսին: Եվ վեցերորդ գործառույթը ներկառուցված հիշողության քարտն է:

Իսկ այլ խելացի համարվող դրամապանակներն ունեն սոսկ Bluetooth Alarm կամ Power Bank ֆունկցիաներ: Այնպես որ ներկայումս հայկական «Վոլտերմանն» աշխարհում ամենախելացի դրամապանակն է:

Վոլտերման

Այս նախագիծը նաև բավական հաջողակ բիզնեսի պատմություն է: Իսկ նման հաջողակ բիզնես ստեղծելու համար, ինչպես նշում է «Վոլտերմանի» հեղինակը, առաջին հերթին անհրաժեշտ է աշխատասիրություն և թիմ: Եթե այդ երկուսի սինթեզը կա, ապա հաստատ բիզնեսդ հաջողությամբ կպսակվի:

«Եթե ծուլություն անես, գործերդ ականջի հետև գցես, թիմդ պրոֆեսիոնալ չլինի, թիմիդ անդամներն իրար չհասկանան, հավանաբար ժամանակից հետ ընկնես: Իսկ բիզնես սկսելու և հաջողելու համար այսօր, իմ կարծիքով, խիստ կարևոր է ժամանակին համընթաց գնալը և նույնիսկ ժամանակից առաջ ընկնելը: Քանի որ եթե մի միտք ունես, բայց չես անում, ուրիշներն անպայման կանեն: Յուրաքանչյուր մարդ հաստատ ունենում է մտքեր, որ չի անում, ու մի գեղեցիկ օր տեսնում է, որ ուրիշն է անում: Սա լուրջ խնդիր է, որ մեզ հանդիպում է կյանքում»,- ասում է Ազատ Թովմասյանը:

Պատմում է, որ մոտ մի ամիս օրական 2-3 ժամից ավելի չէին կարողանում քնել, որպեսզի կարողանային ամեն ինչ հասցնել: Այդ շրջանում աշխատել են շաբաթը 7 օր, օրական 24 ժամ ռեժիմով, անկախ աշխատանքային և ոչ աշխատանքային օրերից, անկախ օրվա ժամից: Դա հիմնական մեկնարկն էր, որը շատ լավ ստացվեց: Բայց որպեսզի հաջող մեկնարկը շարունակվի ու վերածվի հաջող ընթացքի, պետք է բիզնեսը ճիշտ կառավարել, թիմը պետք է անընդհատ կատարելագործվի, կրթվի, նոր հմտություններ ձեռք բերի: Այդ ամենի համար, ըստ աշխարհում նմանը չունեցող խելացի դրամապանակի ստեղծողի, Հայաստանում բոլոր պայմանները կան, նույնիսկ ավելի նպաստավոր են, քան այնպիսի երկրներում, որոնք մեր ընկալմամբ լավագույն վայրերն են համարվել բիզնեսի համար:

Հետաքրքրվեցինք՝ կա՞ն որոշակի հատկանիշներ կամ բնավորության գծեր, որոնք պարտադիր են հաջողակ բիզնեսմեն լինելու ու հաջողակ ծրագրեր իրականացնելու համար: «Վոլտերմանի» հիմնադիրը մի քանի հատկանիշ առանձնացրեց՝ նորից շեշտելով, որ աշխատասիրությունն է ամենակարևոր պայմանը: Ապա նշեց համբերատարությունը: Պետք է համբերատար այնքան փորձել, մինչև ստացվի: Բացի այդ, երբեք չի կարելի սեփական ձախողումը «գցել ուրիշի վրա»:

«Մենք սիրում ենք, չէ՞, ասել՝ երկիրը երկիր չէ... Ո՛չ, պետք է տրամադրվես այնպես, որ ամեն ինչ քեզնից է կախված, դու չպետք է որևէ մեկի վրա մեղք բարդես, եթե սխալմունք է եղել, ուրեմն առաջին հերթին ինքդ ես սխալվել: Եթե քո աշխատակիցը սխալվում է, ուրեմն նրան աշխատանքի ճիշտ ռելսերի վրա չես դրել, որ նա ամեն ինչ ճիշտ անի: Պետք է համբերություն ունենաս ու պատասխանատվություն ստանձնես ամեն ինչի համար, երբեք չպետք է ուժեղ հարվածից կոտրվես, թևաթափ լինես ու նահանջես: Պետք է իմանաս, որ բիզնեսում հնարավոր է դիմակայել ցանկացած հարվածի ու ցանկացած փորձության»,- ասում է Ազատ Թովմասյանը:

Նրա կարծիքով՝ կարևոր է նաև, որ բիզնեսմենն անընդհատ կարդա, ինքնակրթվի, զարգանա, անընդհատ հետևի աշխարհի զարգացումներին, որպեսզի կարողանա համաշխարհային պրոցեսներին զուգահեռ քայլել:

Այսպիսով՝ «Վոլտերմանի» առաջին տարբերակն արդեն պատրաստ է զանգվածային արտադրության ու վաճառքի, իսկ առաջիկայում, ինչպես խոստանում է Ազատ Թովմասյանը, կլինեն նաև այլ հետաքրքիր արտադրանքներ, ապագայի համար արդեն որոշ նախատիպեր ունեն:

Լուսանկարները՝ «Վոլտերմանի» և Ազատ Թովմասյանի անձնական արխիվից





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: