Հայերեն   English   Русский  

​Գյուղապահովագրությունը սարերի ետևում չէ


  
դիտումներ: 3536

Ամեն տարի կարկուտից, սելավներից, երաշտից, ցրտահարությունից ու այս կամ այն աղետից տուժում են եթե չասենք հազարավոր, ապա գոնե հարյուրավոր գյուղացիական տնտեսություններ ու ֆերմերներ:

Հատկապես վերջին շրջանում բնության քմահաճույքները մեր գյուղատնտեսությանն ամեն տարի միջինը 30-40 մլրդ դրամի վնաս են հասցնում: Իսկ պետության տված օգնությունն ու փոխհատուցումները բավարար չեն: Եվ Հայաստանում տարիներ շարունակ հատարարվել է, որ գյուղատնտեսության զարգացման լավագույն խթան կարող է լինել գյուղատնտեսական ապահովագրությունը: Սակայն միայն այս տարի են սկսվել գործնական քայլերը:

Հունվարի 26-ին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելեց ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ի թիվս այլոց, զեկուցեցին նաև, որ Կենտրոնական բանկի և արտասահմանյան գործընկերների հետ ընթացքի մեջ են գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրման աշխատանքները:

Արդեն փետրվարի 2-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացրեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրին առնչվող հարցեր քննարկելու նպատակով:

Այդ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն էլ ասել է, որ ներկայումս առաջնահերթ խնդիրը վնասի գնահատման ինստիտուտի ներդրումն է՝ «Նարմա» բյուրոյի ձևավորումը: Դա կլինի այն գործիքը, որով կգնահատվեն տարերային աղետների վնասները: Բյուրոն կզբաղվի նաև ապահովագրական պոլիսների մշակմամբ: Կենտրոնական բանկի պատասխանատուներն էլ առաջարկ են ներկայացրել «Նարմա» բյուրոն ձևավորել մասնակից ապահովագրական ընկերություններից ու նրանց ներդրումներով` կիրառելով ԱՊՊԱ-ի հաջողված փորձը:

Պայմանավորված բարձր ռիսկայնությամբ՝ գյուղատնտեսության ոլորտը ապահովագրական ընկերությունների համար գրավիչ չէ: Միջազգային փորձի դիտարկումները ցույց են տալիս, որ գյուղատնտեսության ապահովագրության համակարգ ունեցող երկրներում տարբեր մեխանիզմներով աջակցում է պետությունը:

Հարկ է նշել, որ բազմառիսկային ապահովագրությունը բավականին թանկ է բոլոր երկրներում, քանի որ դրա դեպքում պետք է անցկացնել ռիսկերի ամբողջական ուսումնասիրություն և գնահատում: Ուստի շատ երկրներ ներդրել են ոչ թե համընդհանուր ու պարտադիր ապահովագրության համակարգեր, այլ կամավոր ու առանձին ապահովագրական պրոդուկտներ՝ նախատեսված տարբեր իրավիճակների, տարբեր վայրերի ու շրջանների, տարբեր մշակաբույսերի կամ կենդանատեսակների համար, որպեսզի գյուղացին ստիպված չլինի միանգամից ամբողջական թանկ փաթեթ գնել:

Միջազգային փորձը վկայում է, որ պետության ներկայությունը պարտադիր է

ԱՄՆ-ում, Կանադայում և Իսպանիայում ֆերմերներին առաջարկվում են մոտ 100-150 տեսակի ապահովագրական պրոդուկտներ, որպեսզի գյուղացիները հավելյալ բեռ չկրեն:

Առհասարակ ապահովագրության դասական մոդելում գործում են երկու հիմնական սուբյեկտներ՝ ապահովագրողն ու ապահովագրվողը: Բայց քանի որ գյուղատնտեսության ոլորտի բարձր ռիսկայնության պատճառով ապահովագրական ընկերությունների հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ բավական ցածր աստիճանի է, աշխարհի շատ երկրներում հարցի լուծումը գտել են գյուղոլորտի ապահովագրության պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով: Այսինքն՝ այս դեպքում ապահովագրական համակարգն ունի երեք կողմ՝ ապահովագրող-ապահովագրվող-պետություն: Ընդ որում, այս մոդելում առաջատար դերը վերապահված է հենց պետությանը: Մոդելների մեծ մասի դեպքում պետությունը համաձայնեցնում և հաստատում է ապահովագրության պայմանները, սուբսիդավորում է ապահովագրավճարները կամ փոխհատուցում է ապահովագրական ընկերության ադմինիստրատիվ ծախսերի մի մասը, որպեսզի ապահովագրությունը մատչելի դառնա, կամ էլ կարող է հատուկ ծառայություններ տրամադրել ապահովագրական ընկերությանը՝ տարերային աղետների ժամանակ «չքանդվելու» համար և այլն:

Միջազգային պրակտիկայում կարելի է առանձնացնել գյուղապահովագրության 5 մոդելային տիպ՝ ԱՄՆ մոդելը, Կանադա-Իսրայել մոդելը, Իսպանիա-Թուրքիա մոդելը, Ավստրիա-Շվեյցարիա մոդելը և Գերմանիայի մոդելը: Դրանք ենթադրում են պետության ու մասնավորի մասնակցության տարբեր ձևաչափեր՝ սկսած պետության լայն ներգրավվածությունից մինչև պետության նվազագույն դերակատարությունը:

ԱՄՆ-ում գյուղապահովագրությունը սուբսիդավորվում է ֆեդերալ կորպորացիայի միջոցով, որը սահմանում է ապահովագրավճարների, սուբսիդիաների չափերը և հաստատում է ապահովագրական պրոդուկտները: Ֆեդերալ կորպորացիայի գործունեությունն էլ վերահսկում է գյուղատնտեսության նախարարությանը կից ռիսկերի կառավարման գործակալությունը: Բուն ապահովագրությունն իրականացնում են մասնավոր ընկերությունները, որոնք պատասխանատու են ապահովագրական պայմանագրերի կնքման համար, հաճախորդների սպասարկման ծրագիրն են իրականացնում և երաշխավորում են ապահովագրավճարների տրամադրումը: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում ապահովագրական պրոդուկտները տարածվում են 85 տեսակի գյուղատնտեսական կուլտուրաների վրա, իսկ գյուղացիներին առաջարկվում են ավելի քան 150 տեսակի ապահովագրական պրոդուկտներ՝ բազմառիսկային կամ ինդեքսային ապահովագրության ձևաչափերով:

Կանադա-Իսրայել մոդելը պետության ազդեցության մեծ աստիճան ունի, բայց ոչ ԱՄՆ-ի չափ: Կանադայում գործում են առանձին մշակաբույսերի համար նախատեսված ապահովագրական պրոդուկտներ, բայց գյուղացիների մեծամասնությունն օգտվում է բերքի մասնակի կամ ամբոջական կորստի ապահովագրությունից:

Իսրայելում գյուղապահովագրությունը պարտադիր է, գյուղատնտեսությունը 100 տոկոսով ապահովագրվում է: Պետությունը բավականին ակտիվ է ապահովագրական համակարգը կառավարելու և վերաապահովագրության հարցերում և ծածկում է ամեն տեսակի մշակաբույսերի ու կենդանիների ապահովագրավճարների 35 տոկոսը, իսկ տարերային աղետների դեպքում՝ մինչև 80 տոկոսը:

Իսպանիա-Թուրքիա մոդելում գործում է պետություն-մասնավոր համագործակցությունը, բայց ավելի թույլ: Ընդ որում՝ պետությունն իր վրա է վերցնում այս ոլորտի ապահովագրության կառավարումը, ռիսկերի գնահատումը և այլ հարցեր: Իսպանիայում 27 ընկերությունների կողմից ստեղծված մեկ միասնական ընկերակցությունը, որին աջակցում է պետությունը, գյուղացիներին առաջարկում է մոտ 100 ապահովագրական փաթեթներ մշակաբույսերի, կենդանիների ու ջրային կուլտուրաների համար: Իսպանիայում ապահովագրվում են ֆերմերների ավելի քան 70 տոկոսը, գյուղատնտեսական կուլտուրաների մոտավորապես 90 տոկոսն ու կենդանիների 70 տոկոսը: Թուրքական մոդելը ստեղծվել է իսպանական մոդելի օրինակով:

Ավստրիա-Շվեյցարիա մոդելը ենթադրում է շուկայում միակ գյուղապահովագրողի առկայություն: Ավստրիայում 17 ապահովագրական ընկերությունները ստեղծել են մեկ միասնական գյուղապահովագրող ընկերություն, որը շահույթ չհետապնդող ընկերություն է: Սա կատարում է ապահովագրության սուբսիդավորման ամբողջ վարչարարությունը: Շվեյցարիայում կենդանիների ապահովագրությունն իրականացնում են 27 մասնավոր ապահովագրական ընկերություններ, իսկ բույսերի ապահովագրությունը՝ միայն մեկ ընկերություն: Շվեյցարիայի ապահովագրողներն իրենց շահառուներին առաջարկում են տարբեր պրոդուկտներ՝ կախված գյուղացու գործունեության տարածաշրջանից, այդ տարածաշրջանի բնակլիմայական պայմաններից, տեղական իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունից:

Գերմանիայում գործում է պետության նվազագույն միջամտության մոդելը: Պետությունը չի խառնվում ապահովագրական ընկերությունների ու ապահովադիրների հարաբերություններին, բացի խիստ մասնավոր դեպքերից, որոնք համաձայնեցվում են Եվրամիության հետ: Գերմանիան իրականացնում է միայն երեք տեսակի գյուղապահովագրություն՝ էական եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում իրավիճակային օգնություն, պետության կողմից մասամբ ֆինանսավորվող կենդանիների ապահովագրություն և կայծակից ապահովագրություն, որը պարտադիր չէ և իրականացնում է մասնավոր ընկերությունը:

Թե գյուղապահովագրության որ մոդելը կընտրի Հայաստանը, դեռ շատ վաղ է ենթադրություններ անել, առայժմ միայն քննարկումներ են անցկացնում փորձնական ծրագրեր իրականացնելու համար: Եթե սայլն իրոք տեղից շարժվի՝ առաջիկայում կունենանք նաև այս ինստիտուտը, ինչը չափազանց կարևոր է մեր գյուղատնտեսության համար: Համենայն դեպս նախարարի հետ հանդիպման ժամանակ կողմերը վստահեցնում էին, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի 2019 թվականից արդեն գյուղապահովագրական պոլիսները վաճառվեն գյուղացիներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: