Հայերեն   English   Русский  

Հարկային նոր դրույթների «երգը» հակառակ համեմատական է տնտեսվարողների «ճռռոցին»


  
դիտումներ: 1629

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտան հարկային օրենսգրքում նախորդ տարեվերջին կատարված լուրջ փոփոխությունները, ինչը բուռն արձագանք գտավ թե՛ տնտեսվարողների, թե՛ հասարակական-քաղաքական շրջանակներում:

Ընդհանուր առմամբ, ինչպես անցած տարեվերջին ներկայացնում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, օրենսգրքում 33 բովանդակային փոփոխություններ էին կատարվել: Փոփոխությունները շատ են, ուստի տարբեր տնտեսվարողների խնդրեցինք ներկայացնել իրենց դիտարկումները նոր դրույթների վերաբերյալ հենց իրենց գործունեության օրինակով: Արձագանքը խիստ ուշագրավ էր:

Րաֆֆի Մխջյան, սուրճի արտադրությամբ զբաղվող «Ռիո գրանդե» ընկերության հիմնադիր, տնօրեն

Այդ նոր հարկային դրույթները խիստ վատ պայմաններ են ստեղծում անձամբ ինձ համար: Մենք արտադրում ենք «3-ը 1-ում» սուրճերը, ու հիմա պետք է նստեմ ու ամեն մի փոքրիկ փաթեթիկի վրա առանձին-առանձին դրոշմապիտակ փակցնեմ: Դա իմ ապրանքի ինքնարժեքն ահագին բարձրացնում է: Հիմա 20 հատ փոքրիկ փաթեթիկները ես տեղադրում եմ 1 հատ տուփի մեջ, առաջարկել եմ, որ գոնե այդ տուփերի վրա մեկ դրոշմապիտակ փակցնեմ, չեն թույլատրում: Այսինքն՝ ահագին մեծ աշխատանքի ճակատ է բացվել, որն անիմաստ է դարձնում տվյալ արտադրանքի թողարկումը. ինքնարժեքն է բարձրացնում: Երկրորդ՝ խիստ խնդրահարույց է եկամտահարկի չափի բարձրացումը: Աշխատողներս չեն գիտակցում, որ պետությունն է իրենցից ավելի գումար հարկում, դժգոհում են ու հարցնում, թե ինչու եմ իրենց աշխատավարձերը կրճատել, ասում են՝ գնանք այլ տեղ գործ փնտրենք, դե եկ ու յուրաքանչյուրին բացատրիր, որ դա պետության ստեղծած դժվարությունների հետևանքով է: Վառելիքի թանկացումները նույնպես մեզ վրա բացասաբար են ազդում: Բոլոր դժվարություններն էլ անդրադառնում են մեզ վրա: Ինչ վերաբերում է դրական կողմերին՝ ես դեռ որևէ դրական կողմ չեմ տեսել:

Ռաֆայել Մանուկյան, միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն

Միանգամից ասեմ, որ օրենքը թերի է, և փոփոխությունները հաստատ բացասաբար են ազդելու մեր գործունեության վրա. շատ բաներ հաշվի չեն առնվել: Օրինակ՝ մեր ընկերությունը միջազգային բեռնափոխադրումներ է կատարում բեռնատար մեքենաներով: Հաստատագրված վճարների դաշտից մեզ տեղափոխեցին ավելացված արժեքի հարկով հարկվող դաշտ, ու որպեսզի մենք կարողանանք մեր ծախսերը հիմնավորել, հարկային մարմիններն ասում են՝ պետք է ունենաք դրսում կատարված ծախսերի համար պայմանագրեր ու փոխանցումներ կատարեք այդ ընկերություններին: Օրինակ՝ մեր վարորդը գնում ու դիզվառելիք է ձեռք բերում արտասահմանյան որևէ երկրում, օրինակ՝ ՌԴ-ում կամ Բելառուսում: Հիմա ումից որ վառելիք է ձեռք բերել, այսինքն՝ տվյալ լցակայանից, նրա հետ պետք է պայմանագիր ունենանք, հետո փոխանցում կատարենք, հետո վարորդը գնա ու վառելիք լցնի, որպեսզի մենք կարողանանք դա ծախս ցույց տալ: Եթե ենթադրենք՝ մեքենայի վառելիքը ճանապարհին վերջանում է ու նա ստիպված է լինում լիցքավորել ամենամոտ հնարավոր լցակայանից, որի հետ մենք պայմանագիր չունենք, ապա այդ դեպքում մեր հարկային մարմիններն ասում են, որ չեն ճանաչի այդ ծախսը, դա կհամարեն եկամուտ ու կսկսեն դրա 20 տոկոսը հարկել որպես շահութահարկ: Ստացվում է, որ եթե ես 10 միավոր վառելիք պետք է գնեմ, ապա ևս երկու միավորի գին էլ պետք է տամ հարկայինին. կոպիտ ասած այդպես է:

Կամ ասում է՝ պայմանագրերով ու փոխանցումներով աշխատեք նաև ծառայություններ ձեռք բերելիս, ինչը, բնականաբար, խելամիտ չէ, որովհետև ո՞ր երկրի հետ, ո՞ր կազմակերպության հետ այդպես աշխատես, քանի՞ հազար կազմակերպության հետ: Օրինակ՝ եթե Վրաստանում լիցքավորում ենք մեքենան, որտեղ լցակայանների ճնշող մեծամասնությունը պատկանում է ադրբեջանական նավթագազային պետական ընկերությանը՝ SOCAR-ին, ապա պետք է պայմանագիր կնքենք այդ ընկերության հետ, ինչը հնարավոր չէ: Իսկ հարկայինն ասում է՝ գնացեք ուրիշին գտեք, որը կկնքի: Հազարավոր կիլոմետրեր անցնելու դեպքում հնարավոր չէ այնքան լցնել, որ ամբողջ ճանապարհին բավարարի, իսկ այստեղ վառելիքի գները շատ բարձր են: Մենք դրսի փոխադրողների հետ մրցակցությունում արդեն դաշտից դուրս ենք մնում հենց միայն այս առումով:

Նույնը տեխսպասարկման մասով է: Որովհետև պետք է տեխսպասարկողի հետ ունենաս պայմանագիր և փոխանցումով աշխատես, որպեսզի այդ ծախսերդ ևս հարկայինն ընդունի: Բայց պատկերացնո՞ւմ եք, որ Լարսի սարերի վրա, չոլերի մեջ, մեքենան փչանա, ինչը շատ հաճախ է լինում, որովհետև մեր տրանսպորտային միջոցներն օգտագործում ենք շատ ծանր պայմաններում՝ պայմանավորված վառելիքի որակով, ճանապարհների որակով ու նաև լեռնային գոտիներում շահագործելու հանգամանքով: Հիմա Լարսում փչանալու դեպքում ես որտեղի՞ց գտնեմ, օրինակ, «սվարշչիկ», որը ուշ գիշերին մեզ պայմանագիր տա, որ կկարողանամ փոխանցում անել և գումարը կնստի նրա հաշվին: Բայց եթե անգամ Վրաստանի սարերում գտել ենք նման «սվարշչիկի», որ մեզ հետ կաշխատի պայմանագրով ու փոխանցումներով, միևնույն է, այդ գործառույթների համար ժամանակ է անհրաժեշտ, իսկ յուրաքանչյուր երկիր տրանզիտի համար որոշակի ժամկետներ է սահմանում, ու մենք այդքան ժամանակ էլ չենք ունենա այդ ամբողջ պրոցեսը կազմակերպելու համար: Նույն Վրաստանը, եթե չեմ սխալվում, 5 օր ժամկետ է տալիս տրանզիտի համար, ու 5 օրվա ընթացքում պետք է լքես իր տարածքը, հակառակ դեպքում մեծ տուգանքներ են նախատեսվում՝ 250 լարի յուրաքանչյուր օրվա համար:

Մի խոսքով, այսպիսի աբսուրդային բաներ կան: Մտցվում է նաև ճանապարհներից օգտվելու համար նոր տուրք, սա վերաբերում է մեծ տրանսպորտային միջոցներին՝ ֆուռերին, յուրաքանչյուր միջոցի համար նախատեսված է 480 հազար դրամ վճարել: Դա միանվագ վճար է տարվա համար, բայց եթե, ենթադրենք, վճարեցինք, բայց մեքենայի հետ տեխնիկական խնդիր առաջացավ ու այն չշահագործվեց կամ երկրում չգտնվեց , միևնույն է, այդ գումարը գանձվում է մեզանից՝ անկախ նրանից՝ այդ մեքենան օգտվում է այդ ճանապարհից, թե ոչ: Իսկ երբ հարկայինում հարցնում ենք, ասում են՝ մեքենան չի աշխատում, ուրեմն պետք է բերեք համարանիշները հանձնեք, նոր մենք կնայենք-կտեսնենք՝ հնարավո՞ր է, որ այդ գումարը վերադարձվի, թե՞ ոչ: Բայց եթե մեր մեքենան մնացել է, օրինակ, Ռուսաստանո՞ւմ, այսինքն՝ հնարավոր չէ պետհամարանիշները հանել ու բերել-հանձնել: Բայց աբսուրդն այն է, որ օտարերկրյա մեքենաներից այդ գումարը չեն գանձում: Այս ամենը լուրջ մրցակցային խնդիրներ է առաջացնում: Ու մենք ստիպված մտածում ենք մեր ընկերությունները հանել Հայաստանից: Հայաստանում մոտ 200-ից ավելի բեռնափոխադրող ընկերություններ կան՝ 1500-ից ավելի խոշոր բեռնատարներով, ինչքան հիշում եմ: Հիմա կարելի է ասել՝ բոլոր բեռնափոխադրողներս մտածում ենք, որ Ռուսաստանում կազմակերպություններ բացենք ու բիզնեսը տեղափոխենք այնտեղ, իսկ դա նշանակում է, որ մեր հարկերն արդեն գնալու են Ռուսաստանին, իսկ դրանք հսկայական գումարներ են:

Վլադիմիր Գևորգյան, տուրիստական «Վիզիթ Արմենիա» հարթակի հիմնադիր

Վատ է, որ բեռ է ավելացել: Օրինակ՝ արդեն նաև շահաբաժնից ես հարկեր մուծում, որը կոնկրետ մեր մասով չկար: Իսկ ծառայությունների ոլորտում շատ-շատ հարցեր ենք ունենում: Օրինակ՝ տրանսպորտային ծառայություններ մատուցողներ կան, հավելյալ տարբեր ծառայություններ կան, որոնք դու պարզապես չես կարող փաստաթղթավորել: Իսկ դա նշանակում է, որ քո հարկային բեռը լրացուցիչ 5 տոկոսով ավելանում է, անիմաստ տեղը: Օրինակ՝ անհատ գիդի ծառայություններից օգտվելիս նա քեզ ի՞նչ փաստաթուղթ պետք է տա, չի կարող: Էլի բազմաթիվ ծառայություններ կան, որոնցից դու ստիպված ես օգտվել, բայց չես կարողանալու հիմնավորել: Իսկ եթե չես կարողանալու հիմնավորել՝ դա դիտարկվելու է շահույթ, ու դրանից լրացուցիչ հարկ ես տալու: Իսկ դա լուրջ բեռ է, մենք ամեն դեպքում շրջանառության հարկով ենք աշխատում, ու եթե իրական շրջանառության համար 5 տոկոս ենք մուծում, ստացվելու է, որ արդեն ոչ թե 5, այլ 10 տոկոս հարկ ենք վճարելու՝ կրկնակի շատ: Դա լուրջ բեռ է, ու լուրջ մրցակցային խնդիրներ է ստեղծելու մեզ համար»:

Հուսիկ Ստեփանյան, կաթնամթերք արտադրող «Սիս Ալպ» ընկերության հիմնադիր, տնօրեն

Հուսիկ Ստեփանյան

«Անկեղծ ասեմ՝ դեռ մենք էլ չենք հասցրել մարսել փոփոխություններն ու նոր դրույթները: Բայց արդեն իսկ որոշակի խնդիրներ կան, որոնք լուրջ պրոբլեմ են դառնալու մեզ համար: Մասնաբաժնի հարկ է սահմանվել, ու կարելի է ասել՝ մենք կրակն ենք ընկել, մինչև հիմա 3,5 տոկոս շրջանառության հարկով ենք աշխատել, բայց քանի որ շրջանառության շեմն էլ է 115 միլիոն դրամից իջեցվում մինչև 58 միլիոն դրամ, ու մենք ավտոմատ հայտնվում ենք ԱԱՀ-ով հարկման տիրույթում, մեր հարկային բեռը միանգամից ավելանալու է: Դրան էլ եթե գումարում ենք այդ շահաբաժնի հարկը՝ 5 տոկոսը, դա արդեն պրոբլեմ է: Ինչ վերաբերում է դրոշմապիտակներին, մենք, բացի պանիրներից, մնացած ապրանքների վրա փակցրել ենք: Իսկ պանիրը, այսինքն՝ քաշային միավորներով վաճառվող ապրանքը չգիտենք՝ պե՞տք է դրոշմապիտակավորվի, թե՞ ոչ. դա էլ է «խուճուճ»: Որովհետև ստանդարտ քաշեր չեն, հետո դրանք վաճառվում են ոչ թե հատով, այլ կիլոգրամով, դա ինչպե՞ս պետք է կարգավորվի: Սրանք հարցեր են, որ դեռ չենք հասցրել հասկանալ, պատկերացնել:

Խնդիրներից մեկն էլ այն է, որ մեր հիմնական հումքը կաթն է, իսկ կաթը մեզ ոչ ոք փաստաթղթով չի տալիս, ես ինչպե՞ս գնամ գյուղացուն ասեմ, որ սրանից հետո ինձ պետք է փաստաթուղթ տա: Դա նշանակում է, որ մեր ծախսը չենք կարողանալու հիմնավորել, դա դիտարկվելու է որպես շահույթ, ու նորից հարկվելու է՝ ավելացնելով մեր ապրանքների ինքնարժեքը: Մենք արդեն ստիպված պետք է թանկացնենք, որովհետև լրացուցիչ բեռ է ավելանում մեզ վրա, իսկ թանկացումը ազբաբնակչության ներկայիս խիստ ցածր գնողականության պայմաններում ի՞նչ հետևանքներ կունենա, չեմ էլ ուզում նույնիսկ պատկերացնել: Մենք այսօր նույնիսկ փատաթուղթ տալու խնդիր էլ ունենք, որպեսզի հիմնավորենք մեր շրջանառությունը: Ասեմ, որ խանութների ճնշող մեծամասնությունը հրաժարվում է փաստաթղթերով աշխատելուց, ու դա ևս խնդիր է դարձել մեզ համար, հիմա էլ պայմաններն էապես փոփոխվում են, այսինքն՝ բոլորս կրակի մեջ ենք: Մի խոսքով՝ դեռ չենք կարողանում մարսել նոր պայմանները: Անկեղծ ասած, դեռ հինը չէինք մարսել, արդեն նոր պայմաններին պիտի հարմարվենք»:

Բաբկեն Թունյան, տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր, տնօրեն

Նոր դրույթների վատ կողմերից մեկը շահաբաժինների հարկումն է, և 280 հազար դրամից ավելի ստացողների հարկային բեռը ծանրանում է: Իսկ եթե ավելի գլոբալ ասեմ, շատ վատ է, որ հարկային օրենսգիրքն ընդունվեց, որպեսզի կայունություն ու կանխատեսելիություն ապահովի, բայց անընդհատ փոփոխություններ են կատարվում։ Ու եթե ՓՄՁ ես, չես կարող այդ փոփոխությունների հետևից հասցնել...

Նոր դրույթների մեջ ինձ համար դրական է, որ ստեղծվում է միասնական հաշիվ (նախկինում ամեն հարկատեսակի համար առանձին հաշիվ կար), դա թե՛ տնտեսվարողի գործն է հեշտացնում, թե՛ գերավճարների թեման ավտոմատ փակում է:

Նելլի Ավետիսյան, ձեռագործ օճառներ և մարմնի խնամքի միջոցներ արտադրող «Վերդե ֆարմ» ընկերության հիմնադիր և տնօրեն

Նելլի Ավետիսյան

Սա վհուկների ո՞րս է, թե՞ թիկունքից հարված փոքր բիզնեսին: Ճիշտ կլինի, որ օճառների համար դրոշմապիտակները նախօրոք չփակցվեն, որովհետև կարճ ժամանակի ընթացքում պոկվում են: Ձեռակերտ օճառների քաշի ստանդարտավորումը շատ դժվար է, անգամ անհնար:

Մինչև հիմա կատարվում էր դրոշմապիտակավորում, կարիք չկա մնացորդների մասին հավելյալ տեղեկություն:

Ի՞նչ է լինելու օրինակ՝ կաթնամթերքի գույքագրման արդյունքում (հաշվիչ մեքենա՞ պետք է տեղադրվի կովերի վրա):

Ինչպե՞ս պետք է պիտակավորվեն արտադրության պրոցեսում գտնվող ձեռակերտ օճառները, որոնց հասունացման համար 3-6 ամիս է պետք և վերջում ստացված օճառը հնարավոր է՝ վաճառքի համար պիտանի չլինի վատ տեսքի պատճառով:

Դրոշմապիտակների որակը շատ վատն է. նախ պետք է ապահովել, հետո հաշիվ պահանջել: Լուրջ գործով զբաղվելու փոխարեն դրոշմապիտակ պետք է հաշվե՛նք: ճիշտ կլինի տնայնագործների գործունեությունը, փոքր բիզնեսը կամ այլ կերպ ասենք՝ handmade-ը բացառել այդ օրենքի ենթակայությունից, պետք է թույլ տալ, որ նրանք զարգանան:

Արմեն Բալայան, «Նիկոլայ» ապրանքանիշի ժամացույցներ արտադրող «Հայկ Բալայան» ընկերության մենեջեր

Արմեն Բալայան

Մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների աշխատավարձից պահումները 1,4 տոկոսով իջեցվել են, ինչը լավ է, բայց միաժամանակ 150 հազար դրամից ավելի ստացողներից գանձվող եկամտահարկը նախկին 26 տոկոսի փոխարեն բարձրացվել է 2 տոկոսով և հիմա 28 տոկոս է կազմում, ինչը դրական չի անդրադառնա մարդկանց եկամուտների վրա: Իսկ 2 միլիոն աշխատավարձ ստանալու դեպքում հարկերն ու տուրքերը կազմում են 36 տոկոս: Այսինքն՝ հարկային բեռը մեծ է:

--------------

Վերջում նշենք միայն, որ հարցում ենք արել 41 տնտեսվարողների, որոնց ճնշող մեծամասնությունն ասում էր՝ դեռ նախկին օրենսգիրքն ու դրույթները չէին հասցրել մարսել, էլ ուր մնաց սա, ու կարող են ավելի առարկայական խոսել միայն վերջնական հասկանալուց հետո, թե ինչ է կատարվում: Բայց նաև նշենք, որ բոլորն էլ, ընդհանուր առմամբ, դժգոհ էին հարկային նոր դրույթներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: