Հայերեն   English   Русский  

​«Հայաստանն իմ մարմնի, իմ հոգու, իմ սրտի մի մասն է». Լարիսա Ռայան-Հովհաննիսյան


  
դիտումներ: 9892

Հայաստանի հեռավոր գյուղերի դպրոցներն այլևս ստիպված չեն լինի համապատասխան մանկավարժների բացակայության պատճառով հետ մնալ որակյալ կրթությունից։

«Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կազմակերպությունը հոգում է, որ հեռավոր գյուղերի դպրոցներն ապահովվեն անհրաժեշտ ուսուցիչներով, որոնք երկամյա դասավանդման ծրագրով մեկնում են գյուղ՝ միաժամանակ զարգացնելով սեփական հմտություններն ու վերապատրաստվելով իբրև մանկավարժ։

Ծրագրի մասնակիցներին բավականին բարձր չափորոշիչներով են ընտրում. չէ՞որ նրանք սովորական դպրոց չեն գնում, այլ հեռավոր, սահմանամերձ գյուղի դպրոց, որտեղ խնդիրներն ու մտածողությունն այլ է և առանձնահատուկ մոտեցում է պահանջում։ Այդ պատճառով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը կարևորում է ոչ միայն մասնակցի մասնագիտական կարողությունները, այլև մարդկային որակներն ու արժեհամակարգը։

Լարիսա Հովհաննիսյան. մարդ, որ իրականություն դարձրեց այս ծրագիրը

«Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր ղեկավարն է Լարիսա Ռայանը, որն այժմ կրում է ամուսնու՝ Կարին Հովհաննիսյանի (Րաֆֆի Հովհաննիսյանի որդու) ազգանունը։

Լարիսան ծնվել է Երևանում, բայց 3 ամսական էր, երբ ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ։ Հայրը ծագումով իռլանդացի է, մայրը՝ հայ։ Լարիսայի մայրական պապը Արցախի նշանավոր գրող Լեոնիդ Հուրունցն է։

Երբ Լարիսան 6 տարեկան էր, նրա ընտանիքը ԱՄՆ-ից տեղափոխվում է Մոսկվա և շուրջ 12 տարի ապրում այնտեղ։ Լարիսան Մոսկվայում դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվում է Միացյալ Նահանգներ և ընդունվում համալսարան՝ միջազգային բիզնեսի ֆակուլտետ։ «Ես ավելի շատ հետաքրքրված էի սոցիալական բիզնեսով։ Երբ համալսարանն ավարտեցի, աշխատանքի ընդունվելու համար գնացի մի կազմակերպություն, որը մոտ էր իմ նախընտրած ոլորտին»։

«Teach for America». 30 տարի առաջ Միացյալ Նահանգներում ստեղծված այս հասարակական կազմակերպության նպատակը ԱՄՆ-ի ցածր եկամուտ ունեցող բնակչությամբ շրջանների դպրոցների համար երկամյա ծրագրով դասավանդող մասնագետներ ապահովելն է։ Ծրագիրը շահեկան է և՛ մասնակցի, և՛ դպրոցի համար, քանի որ մասնակիցը զարգացնում է դպրոցը՝ միաժամանակ զարգացնելով սեփական կարողությունները: Ծրագրի ավարտին մասնակիցները ստանում են մանկավարժի որակավորման վկայական և դառնում «Teach for America»-ի թիմի անդամ՝ հետագայում իբրև կրթության ոլորտի լավագույն փորձագետ աշխատելով ԱՄՆ-ի կրթական համակարգում և նպաստելով ոլորտի զարգացմանը։

«Ինձ շատ հետաքրքրեց այդ ամենը, քանի որ մոտ էր իմ նախընտրած ոլորտին՝ սոցիալական բիզնեսին ու սոցիալական զարգացմանը։ Դիմեցի և անցա բոլոր փուլերով։ Շատ զարմացա, երբ ինձ ընդգրկեցին հատուկ կրթության ծրագրում։ Ես պետք է աշխատեի ամենաբարդ ոլորտում՝ հատուկ կարիքներով՝ ծայրահեղ ծանր մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների հետ»։

2012 թ. ավարտելով ծրագիրը՝ Լարիսան որոշում է տեղափոխվել Հայաստան, որի հետ կապը երբևէ չէր խզվել։ «Միշտ այն զգացողությունն եմ ունեցել, որ Երևանն իմ տունն է։ Մինչ այդ էլ մտածում էի Հայաստան տեղափոխվելու մասին, բայց ուզում էի գալ ու ինչ-որ բան ստեղծել, իմ ներդրումն ունենալ, դրա համար մի քիչ սպասեցի և երևի թե ճիշտ արեցի, որովհետև եկա արդեն կոնկրետ գաղափարով ու ծրագրով»։

Լարիսա Հովհաննիսյան

«Teach for Armenia» կամ «Դասավանդի՛ր, Հայաստան». ահա ճանապարհը

Լարիսան որոշում է Հայաստանում հիմնել այն նույն ծրագիրը, որն իրեն գիտելիքներ, փորձ և ամենակարևորը՝ իր ճանապարհը գտնելու հնարավորություն էր տվել Միացյալ Նահանգներում։ Նա հասկանում էր, որ սա Հայաստանի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ ծրագիր է, քանի որ մարզերում, հատկապես հեռավոր գյուղերում կրթության որակը, մեղմ ասած, տխուր է առաջին հերթին լավ մասնագետների բացակայության պատճառով։

Խորհրդակցելով «Teach for America»-ի թիմի հետ և հայտնելով իր մտադրության մասին՝ նա պարզում է, որ կազմակերպությունն ունի մեկ այլ կառույց՝ «Teach for all»-ը, որն իր շուրջն է համախմբել 46 երկրներում այս ծրագրի հիման վրա ստեղծված կազմակերպությունների և աջակցում է դրանց կայացմանն ու զարգացմանը։ «Teach for all»-ը նաև Լարիսային է աջակցում և շուրջ 2 տարի նրա հետ համատեղ աշխատում, որ ծրագիրը Հայաստանում կայանա։

6 մարզ, 52 դպրոց, 71 մասնակից

2015 թ. սեպտեմբերին ծրագիրը մեկնարկում է։ Դժվարությունները շատ էին, քանի որ ծրագիրը նոր էր ու հավակնոտ։ Լարիսան ասում է՝ «Թումո»-ի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյաններն առաջինն էին, որ հավատացին իրեն և աջակցեցին։ Հետո միացան շատերը։ Իսկ ծրագրին որոշակի թերահավատությամբ նայող պետական կառույցներն այսօր արդեն դարձել են «Դասավանդիր, Հայաստան»-ի կայուն գործընկերներն ու համատեղ ջանքեր են գործադրում, որպեսզի այն զարգանա և ընդլայնվի։

Հիմա ծրագիրը ներկայացված է Հայաստանի 6 մարզերի 52 դպրոցներում և 71 մասնակից ունի։ 14 մասնակից արդեն ավարտել է ծրագիրը՝ դառնալով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանավարտ-դեսպան, ակտիվորեն համագործակցելով կազմակերպության հետ, որպեսզի իրականացնեն ծրագրի երկարաժամկետ նպատակը։ «Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ստանալու գերազանց կրթություն անկախ նրանից, թե որտեղ է ապրում՝ մայրաքաղաքում, թե հեռավոր գյուղում,- ասում է Լարիսան,- այդ նպատակով մենք շարունակելու ենք համագործակցել նոր դպրոցների ու համայնքների հետ, որպեսզի ծրագիրը հասանելի դառնա Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր մարզում ապրող երեխայի համար»։

Այն պահից, երբ ծրագրում ընդգրկված ուսուցիչները գյուղ են գնում, պաշտոնապես գրանցվում են որպես ուսուցիչ և աշխատավարձ ստանում: Իսկ կազմակերպությունը նրանց տրամադրում է կրթաթոշակ, որն ուղղվում է տեղափոխման և ապրուստի համար նախատեսված ծախսերին: Սակայն ծրագրի առավելությունները մասնակիցների համար շատ ավելին են, քան նյութական փոխհատուցումը. պրոֆեսիոնալ զարգացում ու վերապատրաստում, ինչպես նաև բարդ տարածաշրջանում և ոչ ստանդարտ իրավիճակում կարևոր առաքելության իրականացում, ինչը մասնակիցներին մեծ ոգևորություն է հաղորդում։ Առաջին մի քանի ամսվա անհարմարավետությունը գյուղական պայմաններում շուտով վերափոխվում է ջերմ սիրո, կապվածության և անսպառ դրական էներգիայի, որը փոխանցվում է նաև գյուղին, դպրոցին ու աշակերտին։

Ծրագրին դիմում են մասնակիցներ ոչ միայն Հայաստանից, այլև Սփյուռքից։ Ներկայումս Հայաստանի հեռավոր գյուղերում դասավանդում են հայ երիտասարդներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Լիբանանից, Ուկրաինայից։

«Ամեն տարի մենք ավելի ու ավելի ենք հիանում մեր երիտասարդությամբ,- ասում է Լարիսան,- տեսնում ենք, որ կա երիտասարդություն, որի մտածողությունն ուրիշ է, հավատում է, որ կարող է իր ուժերով ինչ-որ բան փոխել և վերակառուցել մեր երկիրը։ Մենք մեծ փոփոխություններ ենք տեսնում նաև այն դպրոցներում, որտեղ աշխատում են մեր մասնագետները»:

Սակայն Լարիսան այս ծրագրի իրականացման գործում չափազանց բարձր է գնահատում հեռավոր գյուղերի տնօրեններին, մանկավարժներին, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի իրենց դպրոցը, իրենց գյուղը չդատարկվի։ «Մենք նոր ենք այս գործը գյուղում անում, բայց այդ մարդիկ արդեն 30 տարի դա անում են և անում են առանց ցուցադրելու, առանց մեդիայի ու տեսախցիկների»։

Այս տարվա սեպտեմբերին ծրագիրը կիրականացվի նաև Արցախում։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Լարիսայի համար պարզապես աշխատանք չէ, նրա կյանքի գլխավոր նպատակն ու խթանն է։ Իսկ Հայաստանը նրա անբաժանելի մասն է։ Նա իրեն չի համարում հայրենադարձ, քանի որ կարծում է, որ երբեք Հայաստանից չի էլ հեռացել. «Ինչպե՞ս կարող էի Հայաստանից անջատվել, եթե Հայաստանն իմ մարմնի, իմ հոգու, իմ սրտի մի մասն է»։Картинки по запросу Լարիսա ռայան

Ի դեպ, Լարիսան նաև երգում է։ Նա հայտնի դարձավ բոլորովին վերջերս Սերժ Թանկյանի թողարկած «Արի իմ սոխակ» երգի տեսահոլովակից, որտեղ հանրահայտ ռոք երաժիշտն ու Լարիսա Ռայանը կատարում են չափազանց հուզիչ օրորոցայինը։

Սակայն դա բոլորովին այլ պատմություն է…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: