Հայերեն   English   Русский  

​Երիտասարդ հայ պարֆյումերն ու Հայաստանում ստեղծված առաջին օծանելիքի բրենդը


  
դիտումներ: 3597

2014 թ. Հայաստանում պաշտոնապես գրանցվում է հայկական առաջին օծանելիքի բրենդը՝ «Արման Մանուկյան պարֆյումսը»: Առաջին հայկական օծանելիք ստեղծողն ու առաջին հայաստանցի պարֆյումեր լինելը ոչ միայն պատիվ է, այլև պատասխանատվություն: Դա է պատճառը, որ Արմանն ամենայն բծախնդրությամբ է վերաբերվում իր ամեն մի բույրին:

Արման Մանուկյանը ծնվել է Երևանում, 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել Մոսկվա, ուր դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ֆակուլտետում: Դիզայներական ոլորտն ընտրած տղան, սակայն, հոգու խորքում զգում էր, որ պարֆյումեր է դառնալու. բույրերի աշխարհը նրան գրավում էր մանկուց, սուր հոտառություն ուներ և անտարբեր չէր և ոչ մի հոտի նկատմամբ: Շրջակա միջավայրն Արմանը խորությամբ զգում էր նախևառաջ բույրերով ու սիրում էր երբեմն բնության բույրերն իրար խառնել, համադրել՝ ստանալով նոր երանգներ: Սակայն օծանելիքի բույրը նրա առաջ բացում է բոլորովին նոր դռներ. «Իմ առաջին պարֆյումերային շոկը եղել է մորս ֆրանսիական օծանելիքը՝ «Ֆիջին»,- հիշում է նա,- դրանից հետո իմ առաջ բացվեց պարֆյումերիայի աշխարհը, և ես սիրահարվեցի այդ աշխարհին»:

Արման Մանուկյան

Մի գեղեցիկ օր էլ ընկերներից մեկի հետ, որը լավ քիմիա գիտեր, Արմանը սկսում է եթերային յուղեր ստեղծել: Հիշում է՝ առաջին եթերային յուղն անանուխից ստացան: Հետո Արմանը որոշում է գիտելիքները խորացնել այդ ոլորտում և արոմաթերապիա է սովորում, որպեսզի հասկանա մարդու օրգանիզմի վրա բույրերի ազդեցությունն ու բոլոր նրբությունները: «Օծանելիքը մի ողջ փիլիսոփայություն է, այն էմոցիա է և պետք է ազդեցություն գործի մարդու վրա, իր մասին իմաց տա, տեղ հասցնի ասելիքը: Դրա համար ես սիրում եմ խարիզմատիկ բույրեր, որոնք շատ շեշտակիորեն ընդգծում են մարդու տեսակը»,- ասում է երիտասարդ պարֆյումերը:

Արման Մանուկյանը խորհուրդ է տալիս բույր ընտրելիս լինել հնարավորինս բծախնդիր. «Ամեն մաշկ տարբեր ձևով է արձագանքում բույրին և անհատական է բուրում: Սովետական ժամանակաշրջանում մարդիկ իրար օծանելիք էին նվիրում և կարևոր չէր՝ ինչ բույր ուներ այն, կարևորը, որ լիներ ֆրանսիական, և բոլորը երջանիկ էին: Հիմա, փառք Աստծո, ամեն ինչ փոխվել է, մենք ընտրելու հնարավորություն ունենք, այնպես որ առաջին հերթին պետք է հետևել ներքին ձայնին, զգալ՝ հենց առաջին հայացքից բույրը հաճելի՞ է, թե՞ ոչ: Եթե դու անհատականություն ես, պետք չէ ընկնել նորաձևության հետևից: Նախ պիտի զգաս բույրը, ցանես վրադ և որոշ ժամանակ ապրես այդ բույրի հետ՝ հասկանալու համար՝ դա քոնն է, թե ոչ»:

2010 թվականից Արմանը մշտապես վերադարձել է Հայաստան: Խոստովանում է՝ Հայաստանն իրեն միշտ է ձգել: Եվ չնայած խոսում է ռուսերեն, մայրն էլ լեհուհի է, դա նրան չի խանգարում, որ իրեն լիարժեք հայ զգա. «Եթե դու ծնվել ես որևէ տեղ, ուրեմն էներգետիկորեն դա է ճիշտ եղել, հետևաբար դա է քո տեղը, դու այդտեղ կարող ես քեզ լավ զգալ»,- այսպես է բացատրում Հայաստանի նկատմամբ ձգտումը:

Հայաստանում «Արման Մանուկյան պարֆյումս» բրենդով առաջին լուրջ բույրը, ավելի ճիշտ՝ բույրերի շարքը, հանրությանը ներկայացրել է 2014 թ. «7 մեղք, 7 բույր» անվանումով: Սա պարզապես օծանելիքի նորամուտ չէր, այլ աստվածաշնչյան 7 մեղքերի թեմայով ստեղծագործական մի ողջ կոմպոզիցիայի ցուցադրություն, որտեղ «մահացու» բույրերը ցուցադրված էին Արմանի ստեղծած օծանելիքներում, իսկ սյուրռեալիստական գույներն ու ասելիքը՝ նրա ստեղծած կտավներում: Այո, Արմանը նաև նկարիչ է և գույների համադրության մեջ նույնքան տաղանդավոր ու արտասովոր, որքան բույրերի: Եվ ահա՝ 7 մահացու մեղքերը ոչ միայն մարմնավորվում են կտավներում, այլև դառնում 7 բույր:

«Հայ հասարակության համար անսպասելի էր այս ամենը,- անկեղծանում է նա,- սա անհատական, հեղինակային օծանելիք է: Այն կարող է մեկին դուր գալ, մյուսին՝ ոչ: Դա քո տեսիլքն է, քո աշխարհը, քո ստորագրությունը՝ իբրև արվեստագետ: Այստեղ չկան մարքեթոլոգներ, որ ասեն՝ բույրը պետք է լինի այսպիսին կամ այնպիսին: Այդ պատճառով իմ օծանելիքները շատերին անչափ դուր եկան, շատերն էլ դեռ պատրաստ չէին դրանց»:

Արման Մանուկյան

Արմանը կարծում է, որ առհասարակ մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ հեղինակային, ոչ ստանդարտ բույրերի, որովհետև նրան այդպես սովորեցրել են օծանելիք ներկրողները՝ թելադրելով որոշակի ճաշակ, և շատերն օծանելիք են ընտրում իներցիայով, մեկը մյուսին հետևելով, նորաձևության միտումներից ելնելով, ինչն օծանելիքի դեպքում սխալ է: «Բարեբախտաբար հիմա Երևանում կան սրահներ, որոնք առաջարկում են նաև հեղինակային օծանելիք, և կամաց-կամաց մեզ մոտ էլ են սկսում հասկանալ լավն ու վատը: Օծանելիքի ոլորտն այնքան խորն է, այնքան հարուստ. դա խելահեղ հետաքրքիր ինդուստրիա է, և ես երջանիկ կլինեմ, որ մեր հասարակությունն ազատվի կարծրատիպերից և իր առաջ բացի իսկական պարֆյումերիայի աշխարհը»:

Արման Մանուկյանի համար շատ կարևոր է նաև հայկական անուն-ազգանունով բրենդի հիմնումն ու դրա կայացումը Հայաստանում: Այո, աշխարհում կան բավականին տաղանդավոր հայազգի պարֆյումերներ, բայց, ցավոք, նրանք ապրում և աշխատում են օտար երկրներում, օտարերկրյա ընկերությունների համար:

Նրանցից միայն մեկը՝ ֆրանսահայ հանրահայտ պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանն է, որ ստեղծեց սեփական «Maison Francis Kurkdjian» բրենդը, որը ներկայացված է նաև Հայաստանում: «Այս ոլորտն ուսումնասիրելիս ես պարզեցի, որ Հայաստանում երբեք չի եղել օծանելիքի արտադրություն: Ես որոշեցի իմ բրենդը հիմնել Հայաստանում ոչ թե նրա համար, որ լինեմ առաջինը, այլ որ Հայաստանում նույնպես այս ինդուստրիան զարգանա: Այդ պատճառով էլ ես եկա և քայլ առ քայլ գնում եմ դեպի իմ երազանքը»:

Արմանն այժմ աշխատում է 9 բույր ունեցող նոր շարքի ստեղծման ուղղությամբ: Հույս ունի, որ այս տարվա ընթացքում այն արդեն կներկայացնի հանրությանը: Սակայն բույրերին զուգահեռ կստեղծվեն նաև գրաֆիկական աշխատանքներ՝ արտացոլելով այդ 9 բույրերը գեղարվեստական ստեղծագործություններում: «Նկարչությունը, պարֆյումերիան և երաժշտությունը փոխլրացնում են իրար»,- ասում է նա:

«Արման Մանուկյան պարֆյումսի» օծանելիքներն այժմ ներկայացված են մոսկովյան շուկայում, սակայն Հայաստանում շուտով դրանք հնարավոր կլինի ձեռք բերել պաշտոնական կայքի միջոցով, ինչպես նաև որոշ խանութ-սրահներում:

«Անկեղծ ասած, ինձ համար հիմա այնքան էլ կարևոր չէ իմ օծանելիքների վաճառքը: Ավելի կարևոր է ինքնարտահայտումը, ինչպես նկարիչն է փորձում ստեղծագործության միջոցով տեղ հասցնել իր ներաշխարհը, իր զգացմունքներն ու ապրումները: Իհարկե, որպեսզի բրենդը ծաղկի, պետք է նաև զբաղվել մարքեթինգով, վաճառքով և այլն, բայց դա զուգահեռ գործընթաց է: Ինձ համար՝ որպես նկարչի, այդ հարցերը մի քիչ երկրորդական են: Առաջնայինը բույրի ստեղծումն է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: