Հայերեն   English   Русский  

​Կարեն Ասմարյան. «Ձմեռային վոլեյբոլով փորձելու ենք մյուս երկրներից հետ չմնալ»


  
դիտումներ: 1768

Ձմեռային վոլեյբոլի տարածման մասին են վկայում մի շարք երկրներում անցկացվող ազգային առաջնությունները: Հաղթող զույգերն իրավունք են նվաճում մասնակցելու առաջին անգամ անցկացվող ձմեռային վոլեյբոլի Եվրոպայի առաջնությանը:

Ձյան վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնությունը` «Ծաղկաձոր օփեն 2018»-ը, տեղի ունեցավ հունվարի 20-21-ը: Մրցաշարին մասնակցեցին տղամարդկանց և կանանց թիմեր, այդ թվում՝ մեկական թիմ Վրաստանից:

«Անկախի» հետ զրույցում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է առաջնության արդյունքները, խոսում մեր թիմերի մասնակցությամբ առաջիկա մրցաշարերի և Հայաստանում վոլեյբոլի զարգացման ուղիների մասին:

- Պարոն Ասմարյան, ձմեռային վոլեյբոլի առաջնությանը հայտավորված էր տղամարդկանց 16 և կանանց 14 թիմ: Ընդհանուր առմամբ առաջնության խաղամակարդակն ինչպե՞ս կգնահատեք:

- Աս տարվա ձյան վոլեյբոլի առաջնությունը սկզբունքային էր: Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի պահանջն էր անպայման անցկացնել այդ առաջնությունը, քանի որ հաղթողները պետք է մասնակցեն ձմեռային վոլեյբոլի Եվրոպայի անդրանիկ առաջնությանը: Եվրոպական 17 երկիր հայտ է ներկայացրել, որ թիմերն իրավունք ստանան միանգամից մասնակցելու առաջնության եզրափակիչ փուլին: Ուղեգրի խաղարկումը մարզիկներին լրացուցիչ մոտիվացիա հաղորդեց: Մարզիկները ոգևորված էին, քանի որ գիտեին, որ հաղթելու դեպքում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: Անցյալ տարվա համեմատ՝ այս տարի մասնակից թիմերի թիվն ավելացել էր: Վրաստանից Հայաստան էին ժամանել տղաների և աղջիկների թիմեր՝ ուժեղ և փորձառու խաղացողներ:

Մենք առաջիններից էինք, որ անցկացրինք մրցաշարը: Եղանակային պայմանների առումով որոշակի դժվարությունների հանդիպեցինք: Ձմեռն այս տարի հանրապետությունում ձյունառատ չէ: Առաջնությունն անցկացրինք Ծաղկաձորում: Բավական հետաքրքիր պայքար ստացվեց: Տղաների պայքարում հաղթեց Անդրե Սիմոնի-Աշոտ Բալաբեկյան զույգը: Կանանց պայքարում առաջին տեղը զբաղեցրեց Վրաստանի ԵՌՏՀ թիմի Մարի-Իրինա զույգը:

- Հաղթանակի շնորհիվ Անդրե Սիմոնի-Աշոտ Բալաբեկյան զույգը իրավունք ստացավ մասնակցելու 2018 թվականի ձյան վոլեյբոլի Եվրոպայի անդրանիկ առաջնությանը:

- Այո, տղաները հաջող հանդես եկան, նրանք բավական լավ խաղ են ցուցադրում: Նրանց մարզիչը փորձառու Գրիգորի Ամբարյանն է, որ նաև լողափնյա վոլեյբոլի մարզիչն է: Եվրոպայի առաջնությունում, որը կայանալու է մարտի վերջին Զազբուրգում, տղաները պետք է որ հաջող հանդես գան: Նրանց հետ մեծ հույսեր ենք կապում: Մինչ այդ` փետրվարի 22-25-ը, Վրաստանում կմասնակցեն ձմեռային վոլեյբոլի վարկանիշային առաջնության: Կարևոր է Եվրոպայի առաջնությունից առաջ ուժերը ստուգել միջազգային ասպարեզում: Պարզապես ձյան խնդիր կա Հայաստանում: Այժմ տղաները մարզվում են մարզադահլիճում: Ձմեռային վոլեյբոլում փորձում ենք հետ չընկնել, ինչպես դասական և լողափնյա վոլեյբոլում:

- Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի օրացուցային պլանում մի շարք նոր մրցաշարեր են հայտնվել: Փետրվարի 15-18-ն անցկացվելու է Սերգեյ Արակչյանի անվան վոլեյբոլի պատանեկան առաջնությունը:

- Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանի առաջարկով կանցկացվեն հուշամրցաշարեր՝ նվիրված այն մարդկանց, որոնք ունեցել են ավանդ վոլեյբոլի զարգացման գործում: Սերգեյ Արակչյանը եղել է առաջին հայ միջազգային կարգի մրցավարը, փորձառու մասնագետ այս ասպարեզում: Նրա անվան հուշամրցաշար անցկացվել է նաև Խորհրդային Միության օրոք: Մենք փորձում ենք այդ ավանդույթը վերականգնել: Հիմնականում պատանեկան հուշամրցաշարեր կկազմակերպվեն:

Այս տարի շատ կարևոր ստուգատես ունենք Հայաստանում՝ Արևելյան Եվրոպայի երկրների մինչև 15 տարեկանների առաջնություն: Պատանեկան մրցաշարերն անցկացվելու են հատկապես այդ տարիքային խմբում: Պետք է ամեն ինչ անենք, որ թիմը լավ պատրաստվի և Հայաստանի պատիվը բարձր պահի նաև արդյունքերի առումով:

- Պարոն Ասմարյան, ե՞րբ է անցկացվելու ստուգատեսը: Նմանատիպ մրցաշարերի անցկացման համար համապատասխան պայմաններ կա՞ն Հայաստանում:

- Մրցաշարի անցկացման իրավունքը վերջնականպես կհաստատվի մայիսին: Արևելյան Եվրոպայի երկրների համաժողովը կանցկացվի, և մեր հայտը կընդունվի: Շատ կարևոր է մարզաձևի զարգացման համար նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը: Միայն այդ դեպքում պատանիներն ավելի կսկսեն հետաքրքրվել, մարզվել և մարզաձևն ավելի մասսայական կդառնա: Չեմպիոն թիմը իրավունք է ձեռք բերում միանգամից մասնակցելու մինչև 15 տարեկանների Եվոպայի առաջնությանը: Փաստորեն ուղեգիր է խաղարկվում բարձրակարգ մրցման համար: Առաջին տեղը զբաղեցրած թիմն առանց ընտրական խաղերի կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Նմանատիպ առաջնություն Հայաստանում դեռևս չի անցկացվել: Բացի Ադրբեջանից, ընդգրկված բոլոր երկրների ներկայացուցիչները կլինեն Հայաստանում: Մենք կփորձենք ստանդարտներին համապատասխան մարզադահլիճում անցկացնել առաջնությունը, ինչը, սակայն, այսօր մեծ խնդիր է մեզ համար: Սա խթան կդառնա, որ ապագայում ունենաք ավելի լավ մարզադահլիճներ Հայաստանում:

Առաջնությունների անցկացման առաջարկներ շատ կան: Պարզապես չունենք մարզադահլիճ, որն ունենա վոլեյբոլի համար նախատեսված հատուկ մարզահատակ: Կան լավ մարզադահլիճներ, սակայն դրանց հատակները նախատեսված չեն վոլեյբոլի, առավել ևս՝ Եվրոպայի առաջնություններ անցկացնելու համար:

Անցյալ տարի Հայաստան ժամանեց Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը և մեզ առաջարկեց որևէ տարիքային խմբում անցկացնել Եվրոպայի առաջնության ինչ-որ մի փուլ: Մենք կփորձենք աշխատանքներ տանել նաև այդ ուղղությամբ:

Սեպտեմբերին «Գրանդ սպորտում» կրկին կանցկացնենք Արևելյան Եվրոպայի երկրների լողափնյա վոլեյբոլի առաջնություն: Կփորձենք նաև լողափնյա վոլեյբոլի համար նախատեսված մարզադաշտերի խնդիրը լուծել:

- Տարին բավական ակտիվ եք սկսել: Ի՞նչ միջոցառումներ են սպասվում տարվա ընթացքում:

- Ձմեռային վոլեյբոլի հետ կապված մի շարք ծրագրեր ունեինք տարեսկզբին: Շիրակում պետք է անցկացնեինք Հայաստանի գավաթի առաջնություն: Սակայն ձյուն չլինելու պատճառով հավանաբար առաջնությունը կանցկացնենք տարեվերջին՝ դեկտեմբերին: Ձմեռային վոլեյբոլի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա երկրպագուների շրջանում: Նշեմ, որ Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում ձյան վրա վոլեյբոլի ցոււցադրական խաղեր են անցկացվելու: Ամեն բան անում ենք, որպեսզի ձմեռային վոլեյբոլում հաջողություններ ունենանք: Կարևոր է ֆինանսավորումը: Այս պարագայում մարզիկները հնարավորություն կունենան մասնակցելու նաև միջազգային մրցաշարերի, քանի որ կան մի շարք առաջարկներ: Ձմեռային վոլեյբոլով փորձելու ենք մյուս երկրներից հետ չմնալ:

Մարտին կմեկնարկեն բարձրագույն խմբի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Պայքարում հայտավորված կլինեն նոր թիմեր: Բարձրագույն խմբում հանրապետության բուհերից թիմեր կընդգրկվեն: Այս տարի պայքարին բավական ուժեղ կազմով կմիանա տնտեսագիտական համալսարանի թիմը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ 3 փուլով լողափնյա վոլեյբոլի մարզչական մեծ սեմինար ենք անցկացնելու: Բարձրակարգ մասնագետների խումբ է ժամանելու Հայաստան: Միաժանակ ներդնելու ենք «Վոլեյբոլը դպրոցում» ծրագիրը: Սեմինարներ ենք կազմակերպելու ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար: Դպրոցներում անցկացնելու ենք վոլեյբոլի փառատոներ, փորձառու մասնագետներ են ժամանելու, հայտնի վոլեյբոլիստների հետ հանդիպումներ ենք կազմակերպելու դպրոցականների համար:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: