Հայերեն   English   Русский  

​Խոսք ընթերցողի․ Ստեղծագործ ճանապարհի տարեգրություն


  
դիտումներ: 3597

«Հեղինակ եմ 50-ից ավելի գիտական, մասնագիտական, ուսումնա-մեթոդական աշխատությունների, այդ թվում՝ 15 մենագրությունների,- գրում է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Գառնիկ Շախկյանն իր հերթական գրքի «Ինքս իմ մասին» բաժնում իրեն հատուկ համեստությամբ, առանց ինքնագովքի ու շպարի ներկայացնում իր ստեղծագործ ճանապարհի հակիրճ, բայց և խոսուն տարեգրությունը:

«Գնահատանք նվիրումի և արարման» ժողովածուն ամբարել է նաև նրա պարգևները և շնորհները` Ալավերդու, Շնողի և Օձունի պատվավոր քաղաքացու կոչում, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի, ՀՀ ազգային գրադարանի, Երևանի պետական համալսարանի հուշամեդալներ, ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանի միցանակ (2011թ.), Հայաստանի գրողների միության Հովհաննես Թումանյանի անվան մրցանակ (2016 թ.):

Ժողովածուի երրորդ բաժնում էլ հեղինակն ընթերցողին է ներկայացնում կարծիքներ իր գործունեության և գրական հունձքի մասին: Խոսուն գնահատականներ են Գառնիկ Շախկյան գիտնական-ճարտարապետի, գրող-թումանյանագետի և մարդ-քաղաքացու մասին: Գնահատանքի խոսք են ասել նրա ուսանողները, գործընկերները, գրչակից ընկերները, ընթերցողական մեծ լսարանի ներկայացուցիչներ (Հրանտ Մաթևոսյան, Անահիտ Սահինյան, Պատվական Շաքարյան, Սուրեն Մուրադյան, Հովհաննես Այվազյան, տողերիս հեղինակը և ուրիշներ ): Գրքի այս բաժինն ամբողջացնում է Գառնիկ Շախկյանի և նրա լայն շրջապատի գունեղ դափնեպսակը` գալիքում նոր ուրվագծերով հարստանալու անսպառ հնարավորությամբ:

«Հեղինակային ընծայագրեր» բաժնում ուսանելի շատ մտքեր ու խոհեր կան և հումորախառն պատումներ ևս: Այդ սրբացած մասունքներից ընթերցողին եմ ներկայացնում մեկը.

Հրաչօ, ՍԱՐԵՐԻԴ ՆՄԱՆ ԴՈՒ ՀՊԱՐՏ ԱՊՐԻՐ, 2004

Աչքերիս դեմ շարժվող սար-եկեղեցի-մարդ (Էն էլ լոռեցի) բարեկամիս, սքանչելի պատմող ու տեսանող, գրող, նվիրյալ թումանյանագետ, շնողնեցի Գառնիկ ճարտարապետ Շախկյանին խոնարհումով, պինդկացիական սիրով խորքից սրտի:

Հրաչյա Մաթևոսյան, 19 փետրվարի՝ մեծն Թումանյանի ծննդյան օրը՝ գիրք նվիրելու օրը:

Ժողովածուի այս բաժինն ավարտվում է «Գառնիկ Շախկյանն էլ նվիրել է, մակագրել է, ողջունել է, շնորհավորել է» ուշագրավ պատառիկներով, որոնցից մի քանիսի հետքերը պահպանվել են և եկել են եզրափակելու այս հետաքրքիր, իր տեսակի մեջ ևս առանձնացող, մատենագիտական բնույթի ուսանելի գրքույկը:

Դրանց մեջ սեր կա ու խոնարհում մարդկային վաստակի ու ջանքերի հանդեպ: Շատ բան են հուշում գրքի էջերում զետեղված լուսանկարները:

Կարծում եմ՝ ընթերցողը մեծ բավականություն կստանա՝ ձեռքն առնելով մեղվաջան աշխատանքի այս ինքնատիպ ժողովածուն և առավել սիրով ու ահնամբերությամբ կսպասի շախկյանական մտքի ու գրչի նոր առկայծումների, որոնք, համոզված եմ, չեն ուշանա:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: