Հայերեն   English   Русский  

Մենք չենք կրկնել այն սխալները, որ կատարվեցին 1918 թվականին` մեր հարաբերություններում մյուս երկրների հետ. Վազգեն Մանուկյան


​Ղարաբաղյան շարժումը 30 տարեկան է


  
դիտումներ: 2118

Երեսուն տարի առաջ այս օրերին Հայաստանում եւ Արցախում հայերիս համար կարեւոր իրադարձություններ էին կատարվում` սկսվել էր Ղարաբաղյան շարժումը, որն ի վերջո հանգեցրեց Արցախի ազատագրմանն ու Հայաստանի անկախությանը:

Վազգեն Մանուկյան,1990թ.օգոստոսի 25,ՀՀ կառավարության շենք,

Բեկումնային այս իրադարձություններն իրենց երրորդ տասնամյակի լրման այս շրջանում մի տեսակ համարժեք վերաբերմունքի չեն արժանանում, մեր ԶԼՄ-ների միտքն ավելի շատ եւ ընդհանրապես զբաղված է մոտակա պաշտոնափոխություններով ու պաշտոնաստանձնումներով, քան թե ողջ հայության համար ճակատագրական այս իրողությանը արժանին մատուցելով:

1988 թվականի փետրվարի 13-ին Ստեփանակերտում կազմակերպվեց զանգվածային ցույց, որը պահանջեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միացումը Հայաստանին: Փետրվարի 16-ից մինչև մարտի 2-ը Ստեփանակերտում ցույցերը գրեթե չդադարեցին:
Փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց դիմել Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին` նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով: Այդ օրը Երևանում սկսվեց ցույց` ի աջակցություն արցախահայության:
Ղարաբաղյան շարժման կնքահայրերից մեկը` այժմ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ղարաբաղյան շարժման մեկնարկը Հայաստանում մի քանի օր ավելի վաղ է թվագրում: Նրա հետ զրույցը անցյալն ու ներկան վերագնահատելու մի փոքրիկ փորձ է, չեն շրջանցվել նաեւ ներկայի հետ կապված մի շարք հարցեր:

-Երեսնամյա կտրվածքով հետ նայենք ու փորձենք գնահատել ղարաբաղյան շարժումը նախ, ապա հասկանանք` արդյոք այսպիսի պետություն էիք ուզում կառուցել, այսպիսի պետության տեսլական էր շարժման ղեկավարների մտապատկերում:

Վազգեն Մանուկյան

-Վազգեն Մանուկյան.- Գնահատականները դեռ մասնագետները տալու են, ընդամենը նշեմ ամենակարեւորը. նախ եւ առաջ` հայերը հարյուրամյակներ երազել են անկախություն ձեռքբերելու, հողերի հավաք կազմակերպելու մասին, գոնե մեր կորցրած տարածքների այն հատվածները, որոնք հայերով են բնակեցված մնացել` Հայաստանին միավորելու մասին: Շատ բարենպաստ պայմանների դեպքում էր միայն հնարավոր այդպիսի հարց լուծել: Ղարաբաղյան շարժմամբ, այդպիսով, երկու ֆանտաստիկ խնդիր լուծվեց` նախ Հայաստանը դարձավ անկախ պետություն, ապա Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանի հետ դեֆակտո տեղի ունեցավ: Շատ դաժան պատերազմում մեզանից տեխնիկապես, թվով, ֆինանսներով, զենքով ավելի հզոր թշնամուն կարողացանք հաղթել: Այդ բոլորն, իրոք, այլ բառով, քան ֆանտաստիկն է, հնարավոր չէ բնորոշել:
Արդյոք այսպիսի պետություն էինք ուզում կառուցել` կարծում եմ, որ այստեղ, իհարկե, թերություններ մենք շատ ունենք: Ուզում էինք եւ հիմա էլ ուզում ենք մի շատ բարգավաճող պետություն կառուցել, որը դերակատարություն ունենա տարածաշրջանում, զարգացող տնտեսություն ունենա, քաղաքացիներն այս երկրում ապրեն հպարտ` այդ ամենը դեռ չի իրականացել: Այդ ամբողջը կարելի՞ էր իրականացնել երեսուն տարում, ավելի արդյունավետ ճանապարհով գնալ կամ ավելի արդյունքների հասնել`կարծում եմ, որ հնարավոր էր: Եթե հիմա հետ դառնանք ու քննարկենք ինչն ու ինչպեսը, թե տարբեր խաչմերուկներում ինչո՞ւ ճիշտ որոշումներ չեն ընդունվել, կամ եղել են սխալներ, եղել են հանցագործություններ, ու եկել ենք վիճակին, որը լրիվ բավարար վիճակ չէ, դա շատ ջուր կվերցնի:
Բայց ի տարբերություն այն խնդիրների, որոնք հնարավոր էր լուծել միայն համազգային մեծ ջանքերով եւ բարենպաստ պայմաններում /Հայաստանի ու Արցախի անկախությունն օրինակ/, համաշխարհային քաղաքակրթությունից օգտվելով`այդպիսի ֆանտաստիկ խնդիրների առջեւ մնացած բոլոր խնդիրները թվում են ավելի փոքր, որովհետեւ դրանք դեռ լուծելի են: Ցանկացած երկիր իր ներսում անընդհատ պայքարի միջոցով վիճակը լավացնում է:

-Վերադառնանք սկիզբ: Գոյություն ունեն միֆեր, որ շարժումը միայն ժողովրդական մաքուր շարժում չէր, այլ մասնակից էին կամ ուղղորդում էին այլ երկրների ծառայություններ, միգուցե` նաեւ ռուսական: Ես կուզեի մի փոքր բացեիք Ձեր վերաբերմունքն այդ միֆերի նկատմամբ:

-Վազգեն Մանուկյան-Գիտեք ինչ, ես ասում եմ որպես «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչ, մենք անում էինք այն, ինչ գտնում էինք ճիշտ մեր երկրի համար: Դա համընկնում էր ինչ-որ պետությունների շահերին, չէր համընկնում` դա մեզ բացարձակապես չէր հետաքրքրում: Եթե դու գործողություն ես անում, պետք է կարողանաս քո գործողությունները, քո ազգային խնդիրները տեղավորել համաշխարհային հոսանքի մեջ: Մենք կարողացանք ղարաբաղյան հարցը տեղավորել համաշխարհային եւ Խորհրդային Միությունում տեղի ունեցող գործընթացների մեջ: Դա պահանջում էր որոշակի քաղաքական վարպետություն: Ոչ թե որոշակի էմոցիաներով էինք առաջնորդվում, այլ «Ղարաբաղ» կոմիտեն մտածված էր ընթացքը ինչ-որ ճանապարհով տանում: Ցանկացած բան, որ անում ես` դա կարող է ինչ-որ մեկին ձեռնտու լինել, ինչ-որ մեկին` ոչ:

Մեր գործողությունները բերեցին նրան, որ Խորհրդային Միությունում առաջին անգամ հսկայական ցույցերը հնարավոր դարձան, որոնք նաեւ օգտակար դարձան Մերձբալթիկայի ժողովուրդների համար` իրենց անկախության ճանապարհին: Գիտակցում կար, որ սա կշահագրգռեր նաեւ Արեւմուտքին` մեզ նպաստելու տեսակետից, որովհետեւ իրենց համար Խորհրդային Միության թուլացումը կամ ժողովրդավար դառնալն օգտակար էր:
Շատ ժամանակ էր առաջանում այն միտքը, որ այն, ինչ մենք անում ենք, միգուցե ձեռնտու է սրան կամ նրան: Բայց ես հստակ դրեցի` մենք անում ենք այն, ինչ ճիշտ ենք գտնում, իսկ ուրիշներին օգուտ է-օգուտ չէ`դա իրենց պրոբլեմն է:

Վազգեն Մանուկյան,Գերագույն խորհուրդ,1990

-Բայց կոմիտեն միակա՞մ էր արդյոք, չէ որ կոմիտեի կազմի այս կամ այն անդամի մոտ կարող էր լինել այլ տրամադրություններ կամ այլ ազդակներ...

-Վազգեն Մանուկյան.-Մեծամտություն չլինի ասել` «Ղարաբաղ» կոմիտեի հիմնական գործունեության ժամանակաշրջանում մենք որոշումներն ընդունում էինք կոլեգիալ, բայց ես տանող ուժն էի: Եւ ես ինձ վրա վստահ եմ, որ երբեւէ որեւիցե ազդեցության չեմ ենթարկվել: Իսկ ներսում մենք, իհարկե, իրար հետ խորհրդակցում եւ կոլեգիալ որոշումներ էինք ընդունում: Մենք չենք կրկնել այն սխալները, որ կատարվեցին 1918 թվականին` մեր հարաբերություններում մյուս երկրների հետ: Շատ հստակ ճանապարհով էինք գնում: Հետագայում պատմաբանները եւ մասնագետները կուսումնասիրեն ու կգնահատեն շարժումը, շարժման գաղափարախոսությունը, որոշումները, որոնք կայացվել են վճռական պահերին, եւ դրանցում որեւիցե սխալ ես չեմ տեսնում: Իշխանության գալուց հետո կարելի է խոսել բազմաթիվ սխալների մասին: Բայց մինչեւ իշխանություն գալը շարժման ուղղվածությունը եղել է բացառիկ ճիշտ:


-Իսկ Ձեր կարծիքով մինչեւ այժմ շարժմանը տրված գնահատականների փորձերը կարելի՞ է նորմալ համարել:

-Վազգեն Մանուկյան.-Շարժման ժամանակաշրջանը մեր հասարակության համար գրեթե մոռացված է: Որեւիցե լուրջ գնահատական մինչեւ այժմ չի էլ տրվել: Ապրում են դեռ այն մարդիկ, ովքեր որ մասնակից էին` նրանցից ամեն մեկն էլ վերմակն իր վրա է քաշում, իր դերն է ուզում մեծացնել, այդ պատճառով օբյեկտիվ մի բան անել հիմա հնարավոր էլ չէ: Իսկ սխալ, սուբյեկտիվ պատմության նկարագրությունը կամ վերլուծությունը զրկում է երիտասարդներին սովորել, հպարտանալ եւ առաջ գնալ:

-Ո՞վ պետք անի, Դուք, օրինակ, չե՞ք...


-Վազգեն Մանուկյան.-Դա իմ գործը չի: Բազմաթիվ մարդիկ իրենց մոտեցումները կգրեն, մասնագետները կքննարկեն: Ես հիմա դրանով չեմ զբաղվում` իմ գործն ունեմ: Այ հիմա մենք մտել ենք մի շրջան, որ երկրի ներսում պետք է առաջ գնալ, արդյունավետ երկիր ունենալ, ապահովել երկրի անվտանգությունը` ես հիմա իմ խնդիրը տեսնում եմ դրանց նպաստելու մեջ:

-Հա, բայց այս կառույցից` Հանրային խորհրդից Դուք կարող եք ազդեցությունն ունենալ: Այ, հիմա Հանրային խորհրդի մասին օրենքն է քննարկվում խորհրդարանում, որով եւ խորհրդի թվակազմն է փոխվում, եւ եւ նոր պարտականություններ են ամրագրվում, բայց մնում է հարցը`խորհրդի ազդեցությունն ավելանալո՞ւ է, նրա հետ հաշվի նստելո՞ւ են:

-Վազգեն Մանուկյան.-Այդ օրենքը նոր Հանրային խորհրդի ազդեցությունը կմեծացնի, իհարկե, սահմանադրական մարմին է, որի վերաբերյալ օրենք կա, եւ ոչ թե նախագահի հրամանագրով է ստեղծվելու, ինչպես մինչեւ այժմ էր: Եթե Դուք հարցնում եք` դա բավարա՞ր է` ազդելու համար, իհարկե, բավարար չի: Բայց ես եղել եմ ուսանող` այն ժամանակ եմ փորձել աշխատել, եղել եմ շարժման մեջ` աշխատել եմ: Այսինքն` մարդ եթե ունի նպատակներ, իր բոլոր հնարավորությունները պետք է օգտագործի` իրագործելու դրանք: Սա հնարավորություն է տալիս ինձ` շարունակելու իմ գործը:

-Գործադիր որեւէ պաշտոնում միգուցե ավելի օգտակար կլինեիք այդ նպատակների իրագործման համար:

-Վազգեն Մանուկյան-Դա իմ քննարկելու հարց չէ` ունես այն, ինչ որ ունես, ուրեմն խոսիր նրա մասին, թե ինչի համար ես օգտագործում ունեցածդ:


-Վերադառնանք Ղարաբաղյան շարժմանը: Ձեզ համար տարօրինակ չէ, որ ի վերջո երկրի անկախությանը բերած շարժման երեսնամյակի հանդեպ անգամ ԶԼՄ-ներն անտարբեր են: Նրանց ավելի շատ հետաքրքրում է, թե ով կդառնա վարչապետ, ով` նախագահ, ով է միջին օղակի այս կամ այն պաշտոնի հավակնորդ, կամ` այս կամ այն խարդավանքի եւ ինտրիգի մասին են գրում, իսկ Ղարաբաղյան շարժման արժանահիշատակ տարեդարձը, իրոք, անտեսված ու մոռացված է: Փոխվե՞լ է մեր հասարակությունը, թե այսօրվա վիճակն է նպաստում դրան:

-Վազգեն Մանուկյան-Գիտեք` մամուլը զբաղված է սենսացիա փնտրելով, հաճախ էլ սուտ գրելով: Իսկ վերլուծաբաններ-թղթակիցներ, որոնք որ գիտեն պատմությունը, ես համարյա չեմ հանդիպում հիմա: Շատերն իսկի չեն էլ իմանում շարժման մասին` երիտասարդ աղջիկներ-տղաներ են:

Շարժման սկիզբը դրեց այն խումբը, որի մեջ Իգոր Մուրադյանը, Մանվել Սարգսյանը, ես եւ էլի մի քանիսն էինք, ավելի շուտ` դա մինչեւ բուն շարժումը սկսված խմորումն էր: Այն բանից հետո, երբ փետրվարի 13-ին մեծ ցույցեր եղան Արցախում` հայաստանին միանալու պահանջով, ահա դա կարելի շարժման սկիզբ համարել, իսկ Արցախում սկսվածի աջակցությունը Հայաստանում սկիզբ առավ փետրվարի 17-ին: Մինչ այդ Երեւանում մի քանի ցույցեր եղել էին` բնապահպանական ուղղվածության, նաեւ ԼՂԻՄ`Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում Հայաստանին միանալու պահանջով որոշումը խթանեց պայքարը, սակայն ցույցերի հիմնական ալիքը բարձրացավ փետրվարի 17-ին:

-Իսկ այդ զարթոնքի վիճակը, ոգեւորությունը ե՞րբ կոտրվեց:

Ղարաբաղ կոմիտե,Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյան- Ոչ թե կոտրվեց, այլ լղոզվեց, այդ ոգեւորությունը չլիներ, մենք պատերազմն էլ չէինք կարող հաղթել: Այսինքն` պատերազմի ժամանակ գոնե բնակչության մի շատ զգալի մասը, գոնե այն երիտասարդները, որոնք ռազմաճակատում էին, այդ ոգեւորությունն ունեին: Բայց իշխանությունների ասածն ու արածը ոնց որ թե անընդհատ սառը ջուր էր լցնում այդ ոգեւորության վրա, եւ կամաց-կամաց այդ ոգեւորությունը նվազեց, մինչեւ եկանք այն վիճակին հիմա, երբ արդեն վստահությունն է կորում ապագայի նկատմամբ շատերի մոտ:

-Եթե 1996 թվականին դուք դառնայիք նախագահ` Ձեր կարծիքով ուրիշ ճանապարհով կգնայի՞նք, Հայաստանի կյանքն ա՞յլ կլիներ:

Վազգեն Մանուկյան- Ձեր հարցում երկու ենթաշերտ կա: Մեկը վերաբերում է իմ անձին` ես լավ նախագահ կլինեի: Բայց 1996 թվին ոչ թե ավելի լավ նախագահ ունենալու հնարավորությունը փակվեց, այլ ժողովուրդը հավատը կորցրեց, որ ընտրությունների միջոցով ինքը կարող է փոփոխություն անել, ու մի վճռական մի անեծք դրվեց մեր պետության վրա, որի տակից մինչեւ հիմա մենք դուրս չենք եկել: 1996 թվին ասվեց, որ Վազգեն Մանուկյանը /այս դեպքում` ա'նձը կարեւոր չէ/, թեկնածուն կարող է հավաքել հարյուր տոկոս քվե, ու միեւնույն է` ինքը իշխանության չի գա: Արդարության, օրինականության, զարգացման ամբողջ վստահությունը կոտրվեց, եւ հետագա տարիները չնպաստեցին այդ հավատքի վերականգնմանը: Դա վճռական հանցագործություն էր պետականության հանդեպ:
Իսկ հետագա խաչմերուկների սխալները... է, իսկ մենք խաչմերուկներով ենք անցնում ամեն օր, ու ամեն օր է այնպես լինում, որ ուզած որոշում կարելի էր եւ այսպես ընդունել, եւ այնպես: Երբեմն խաչմերուկները շատ կարեւոր են` օրինակ 1996 թվականինը, երբեմն խաչմերուկները փոքր են, բայց ճակատագիրը մեզ հնարավորություն է տալիս երկու-երեք ճանապարհից մեկն ընտրել: Եւ դրա համար եմ ես ասում, որ երկրի ներքին վիճակով գոհ չլինելով, այնուամենայնիվ, լավատեսությամբ եմ լցված, որովհետեւ բազմաթիվ խաչմերուկներ կան, որոնց միջոցով միշտ կարելի է շտկել վիճակը:

-Դուք բավարարվա՞ծ եք Ձեր ներկա աշխատանքով` եթե նկատի ունենանք Ձեր անցած ճանապարհը:

-Վազգեն Մանուկյան-Եթե հարցն ուրիշ կերպ դրված լիներ, ասենք` դու հաճույք ստանում ես քո աշխատանքից, ես կասեմ` այո, կամ դու օգտակար զգում ես քեզ այս պետությանը եւ քո գաղափարներին նպաստելու առումով, կասեմ` այո, բայց որ ասում եք Դուք բավարարված եք, կասեմ` ոչ:

-Այսօրվա քաղաքական դաշտն ինչպե՞ս եք գնահատում:
-Վազգեն Մանուկյան-Ո՞ր` իշխանության, թե ընդդիմության:

-Դե` ընդդիմություն համարյա չկա...

-Վազգեն Մանուկյան-/Ծիծաղում է/ Դուք պատասխանեցիք հարցին: Մեր հարցազրույցի թեմայից արդեն դուրս եք գալիս:

-Այնուամենայնիվ` գանք մեր օրեր, ասենք` նախագահի թեկնածու առաջադրելու կերպին: Ընտրությունների ինստիտուտ ունենք, խորհրդարանական կառավարման համակարգ ենք որդեգրել, բայց, միեւնույն է, մի նեղ շրջանակ մեկ էլ անսպասելի բերում է մի մարդու /ամկախ նրանից, որ Արմեն Սարգսյանն, իրոք, դրական կերպար է/, նույն կերպ մի քսան տարի առաջ Ռոբերտ Քոչարյանին էին բերում, իսկ ընտրական համակարգերը մնում են գեղեցիկ դիզայն միայն, չաշխատող ձեւավորում: Ընդ որում` դա բոլոր ներկայացուցչական մակարդակներում է էդպես, երբ թղթերի վրա գրված սիրուն կանոններից եւ ներկայացուցչական անվանվող գեղեցիկ փաթեթավորումից անկախ, ամեն ինչ որոշվում է նեղ շրջանակի միջոցով, անգամ իբր անկախ կառույց ժուռնալիստների միությունում վերեւից են մարդ նշանակում եւ իբր ընտրություն տեսք հաղորդում կատարվողին: Այսինքն` չնայած խորհրդարանական կարգ ասվածին, որն իբր հանրության ավելի լայն մասնակցություն է ենթադրում գործընթացներին, էլի մեկ-երկու մարդու նեղ շրջանակն է անսպասելի կերպով ու փաստացի անձեր նշանակում այս կամ այն պաշտոնին:

-Վազգեն Մանուկյան.- Երկու տարբեր հարց եք բարձրացնում` իրար միահյուսած: Առաջինը ընտրությունների գաղափարը Հայաստանում աշխատում է, թե ոչ: Ասացի` 1996 եւ դրան նախորդած թվերին այնպիսի հարվածներ ստացավ ընտրությունների գաղափարը, որ մինչեւ հիմա ուշքի չի գալիս: Եւ դա շարունակություն ունեցավ: Չնայած` պետք է ասեմ, որ այս ընտրություններին երեկ բլոկից երկուսը մաքրվեցին: Քվեատուփերի մեջ լրացուցիչ քվեաթերթիկ գցելը ոնց որ թե այս անգամ չկար, ձայները հաշվելու գործընթացը, որ առաջ կեղծիքների բուն էր, դա էլ էր մաքուր, բայց մնացել էր փող բաժանելը: Այս վերջինի առումով պետք է ջանալ, որ ապագայում անպայման փոխվի ընտրությունների ռեյտինգային բաղադրիչը, որ դա էլ վերանա: Ինչ վերաբերում է նշանակումներին` աշխարհի բոլոր երկրներում այն կուսակցույունը, որը հաղթում է /մի կողմ թողնենք, թե ոնց է հաղթում/, պառլամենտում ունենում է մեծամասնություն, նշանակում է վարչապետ, եւ եթե պառլամենտն է ընտրում երկրի նախագահին խորհրդարանական հանրապետություններում, իշխող կուսակցությունն այդտեղ նույնպես ունենում է առավելություններ: Իսկ եթե մի կուսակցություն առավելություն ունի` դա օգտագործում է:


-Բայց կուսակցության ներսում թեկնածուի մասին մինչեւ վերջ էլ չգիտեին, անգամ մամուլի արտահոսքերից էին իմացել` մինչեւ պաշտոնապես նրա մասին քննարկումներ սկսելը..

-Վազգեն Մանուկյան.-Սեւ արկղը, թե Հանրապետական կուսակցության ներսում որոշումները ոնց են ընդունվում` մեր գործը չի: Իրենց կուսակցությունն է` մեծամասնություն է, իրենք են որոշում: Բա ոնց լիներ: Կարող էր օրենք լինել, որ նախագահին ընտրում է ոչ թե պառլամենտը, այլ խորհրդարան` գումարած մի ինչ-որ մարմին: Տարբեր մոդելներ կան: Մեր դեպքում էլ հիմա նախագահի ընտրության ժամանակ քվեարկության մեծ շեմ է պետք, որը առաջարկող մեծամասնությունը միայնակ չի կարող ապահովել: Խորհրդարանական հանրապետությունը ինձ համար միշտ ընդունելի մոդել է եղել: Երբ ես վարչապետ էի, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը Գերագույն խորհրդի նախագահ` մենք խորհրդարանական հանրապետություն էինք, բայց կառավարման համակարգի մեջ թերություններ կային, որ հանգեցնում էին իմ ու Տեր-Պետրոսյանի միջեւ հակասությունների` եւ ուրեմն պետք էր ընտրել` կամ նախագահականի, կամ խորհրդարանական համակարգի պետք էր անցնել: Այն ժամանակ ժամանակավորապես նախագահական համակարգի անցանք, որ անցումն ապահովենք: Բայց խորհրդարանական կարգը համապատասխանում է իմ ունեցած պատկերացումներին երկրի կառավարման առումով, դե հիմա ա'յդ է գործելու:

Մի խոսքով` նախագահի թեկնածությունն առաջադրված է, ճանաչում եմ նրան, թեեւ շատ մտերիմ չեմ, դրական եմ տեսնում, բայց ինչ կլինի հետո` դա կյանքը ցույց կտա:

-Վարչապետի թեկնածու, միաժամանակ, մեծամասնությունը կարծես տեսնում է Սերժ Սարգսյանին...

-Վազգեն Մանուկյան.-Մեծամասնությունը դեռ ոչ մի բան չի ասել: Ինչի մենք ենթադրություններ անենք, մնացել է մի ամիս` կիմանանք, ինչ մի պրոբլեմ է, որ սարքել եք անընդհատ Կիկոսի պատմությունը: Հայերով անընդհատ ենթադրություոններ ենք անում, էդ ենթադրությունները հետո քննարկում:


-Սակայն ի՞նչ իմաստ ունի պահել ինտրիգը, երբ խորհրդարանական կարգով իշխող մեծամասնությունը հենց սկզբնապես պետք է չթաքցնի իր վարչապետացուին:

-Վազգեն Մանուկյան.-Ես կարծում եմ` բնական է ինտրիգը պահելը, օրենքին էլ չի հակասում: Վերջիվերջո պիտի ամեն ինչին մոտենանք ոչ թե գեղական ձեւով, այլ օրենքներով: Ուզում ենք, չէ, որ օրենքները կատարվեն, հենց օրենքը կատարում են` սկսում ենք քննադատել: Պրագմատիկ տեսանկյունից կառավարման աշխատանքների վրա ուժեղ կազդեր, եթե շատ շուտ որոշվեր, որ վարչապետը չի մնում: Մեր պրոբլեմները բայց դրանք չեն ախր:


-Դե գանք պրոբլեմներին...

-Վազգեն Մանուկյան.- Առաջինը` երկրի ներսում խարխլված վստահությունն ապագայի նկատմամբ: Վերջիվերջո մենք պետք է խոսենք պաշտպանության, տնտեսության, կրթության եւ գիտության զարգացման մասին: Դա հնարավոր է այն երկրում լուծել, որտեղ մարդիկ հանդարտ են, երկրում հավասարակշռված վիճակ է, եւ վստահություն կա ապագայի նկատմամբ: Դա խարխլվել է: Դա 1996 թվի նախագահական ընտրությունների՞ն է խարխլվել, հինգ տարի առաջ է խարխլվել, տասն տարի առաջ է խարխլվել` չգիտեմ, բայց դա զգացվում է: Թերություն է վստահության պակասը երկրի ներսում: Միգուցե նոր նախագահի միջոցով հնարավոր կլինի վստահությունն ավելի մեծացնել` համենայնդեպս իր ֆունկցիան պիտի լինի հենց դա` վստահությունը հնարավորինս մեծացնելը: Կարեւորագույն հարցերը, որ պետք է լուծել, իհարկե, կրթությունը, գիտության, տնտեսության զարգացումն է, հատկապես գյուղատնտեսության` ոչ թե որպես ապրանք արտադրելու տեսանկյունից, այլ նաեւ գյուղերը պահելու` որպես մեր անվտանգության բաղադրիչ: Ես հատուկ չեմ խոսում անվտանգության եւ Ղարաբաղի հարցի մասին, որովհետեւ այդ հարցում բոլորը մոտավորապես նույն մոտեցումով են ջանում:

Շատ մեծ նշանակություն ունի համաշխարհային համահայկական կառույցների ստեղծումը, որովհետեւ հայերի մեծ մասը գտնվում է դրսում: Մի նոր ժամանակաշրջան է սկսվել, որը հնարավորություն է տալիս, որ սփռված ժողովուրդները, դա միայն հայերին չի վերաբերում, միասնական մասնակցեն երկրի ամրապնդման, ազգային մրցակցության մեջ եւ բազմաթիվ այլ հարցերում: Այս ուղղությամբ պետք լուրջ աշխատել, այս կարգի խնդիրները պետք է լուծել:
Երկրի ներսում անելիքի առումով` մենք միշտ խոսում ենք արդարության մասին, ու ժողովուրդը, բնական է, արդարության է սպասում: Բայց ինձ ավելի հուզում է օրինականությունը: Արդարության հիմքի վրա պիտի ընդունվեն օրենքներ, հետո այդ օրենքները պիտի կատարվեն: Օրենքների կատարումն ավելի եմ կարեւորում, քան թե աբստրակտ խոսակցություններն արդարության մասին: Ես չէի ասի, որ բոլոր օրենքները կատարվում են, բայց, այնուամենայնիվ, այդ տեսակետից ես տեսնում եմ փոփոխություն` օրենքները կատարելու ուղղությամբ: Մենք, ինչպես մոռանում ենք շարժումը, այնպես էլ մեկ-մեկ մոռանում ենք, թե ինչ «բեզպրեդելներով» ենք անցել կառավարման համակարգերում, երբ ամեն մեկն ինչ ուզեր` կարող էր անել առանց օրենքների հետ հաշվի նստելու: Հիմա օրենքներն ավելի շատ ու հստակորեն են կատարվում` մի քանի պատճառով. նախ ժողովուրդն է հասունացել եւ մտածում է օրենքի կատեգորիաներով, մանավանդ երիտասարդություն ունենք, որն աշխարհի հետ առնչվում է: Երկրորդ` որքան մենք խորանում ենք արեւմուտքի, Եվրոմիության հետ մեր համագործակցության մեջ` այնքան իրենց մոդելներն ազդեցություն են ունենում, եւ օրենքների կատարման վերահսկողությունը մեծանում է, ու դա շատ օգտակար է մեզ համար: Երրորդն էլ` կախված է անձերից, ովքեր իշխանության մեջ են:

-Գոհ եք, հա՞, նշանակումներից, պրոֆեսիոնալ կադրերի ընտրությունից կամ ներուժի օգտագործման մակարդակից:

-Վազգեն Մանուկյան.-Գիտեք ինչ` ես տեսնում էի մարդկանց, որոնցից որ պետք էր ազատվել: Ես տեսնում եմ, որ այդ մարդիկ կամաց-կամաց համակարգից դուրս են գալիս: Ինչ վերաբերում է մյուս կադրերին` ամեն մարդ իր կարծիքն ունի: Երկրում որ մարդկանց հարցնեք, թե նախարարներին արժե փոխել-ուրիշներին նշանակել, կասեն` այո, ու կսկսեն թեկանծություններ առաջադրել: Օրենքով առաջադրողը Հանրապետական կուսակցությունն է, մի բան կարող եմ ասել, որ տարեցտարի ավելի կիրթ, զարգացած մարդկանց թիվը կառավարությունում մեծանում է:


-Իսկ ինչո՞ւ է կրթված մարդկանց մեծ թիվ արտագաղթողների մեջ:

Վազգեն Մանուկյան.-Արտագաղթի մեջ գլխավոր գործոնը սոցիալական հարցն է` չեն կարողանում դիմանալ-գնում են, դա արդարացված է: Մի հատվածի մեջ կորած է վստահությունն ապագայի նկատմամբ, ու դա էլ բերում է նրան, որ երկիրը նրանց համար հայրենիք չի լինում: Մի մասն էլ ուղղակի իրենց երեխաներին բանակից փախցնելու համար է գնում, մի ուրիշ մաս Հայաստանում թալանում է, հետո այդ գումարներով փախչում-գնում են: Հայրենասիրության պակասը Հայաստանում շատ մեծ է: Փողոցում նայեք` խանութների վրա ինչ լեզվով է գրած: Աշխարհի բոլոր երկրներում իրենց լեզվով գրում են, գումարած ասենք` անգլերեն: Մեր մոտ նույնիսկ դա է խախտված: Այսինքն միայն իշխանությունների մեղքը չի: Հասարակությունն ինքը առողջ վիճակում չի: Մի հատ հետազոտություն արեք` գնացեք Լոս-Անջելես-տեսեք` երջանի՞կ են գնացածները, թե ոչ:
Ես ունեմ երեք աղջիկ, երեքն էլ ամուսնացած են, երեքի ֆինանսատնտեսական վիճակն էլ բավականին ծանր է, բայց մեր ընտանիքում երբեք միտք չի առաջացել, որ երեխաներից մեկնումեկը թողնի-գնա արտերկիր: Այնքան են կապված այս հողի-ջրի հետ, որ նույնիսկ ծանր վիճակում, երբ փող չի լինում, այդպիսի միտք չի առաջանում:

-Գնացողների զգալի մասի մոտ, մի կասկածեք, հայրենիքի զգացողությունը բացակա չէ:

-Վազգեն Մանուկյան.-Հայրենասիրության տարբեր դրսեւորումներ կան` մի մասի մոտ բաժակաճառի հայրենասիրություն, կան այնպիսիք, որ դրսում իրենց գործով են զբաղված, բայց պատերազմ որ լինում է` գալիս-մասնակցում են, եւ այլն: Նայեք` Իսպանիայում կամ Հունաստանում` շատ ծանր տնտեսական պայմաններ են, երիտասարդների երեսուն-հիսուն տոկոսն աշխատանք չունի` թողնում- գնում են: Հա, մի հինգ տոկոս գնում են, բայց ոչ երեսուն-հիսուն տոկոսը: Ես գտնում եմ, որ եթե հասարակությունը ամեն ինչը գցի իշխանության վրա /երբեմն` արդարացիորեն/, ապա ոչ մի հարցի լուծման չի հասնի: Մտավորականությամբ, լրագրողներով, ողջ հասարակությամբ պիտի զբաղվել, պիտի ասել` իշխանությունն այս ու այսպես է անում, բայց պետք է անել այսպես: Գնացողների կեսի շարժառիթները գտնում եմ ոչ արդարացված:


-Ղարաբաղյն հարցն այս պահին կարծես նոր հանգրվանում է` նոր նրբերանգներ են հայտնվել գործընթացում: Եթե հետ նայենք` ինչն ենք ճիշտ արել, ինչը` ոչ այնքան այս երեսուն տարում մի հարցում, որի համար դուք պայքարի ելաք:

-Վազգեն Մանուկյան.-Աշխարհում իրավիճակն անընդհատ փոխվում է: Կա մի սպառնալիք` դա կա եւ հիմա, եւ կար հինգ տարի առաջ, եւ ավելի վաղ, որ Ադրբեջանը պատերազմ սկսի: Այդ սպառնալիքը երբեք չի անհետանում, որովհետեւ քաղաքական բանակցությունների միջոցով այդ երկիրը չի կարող հասնել իր նպատակին` Արցախը վերադարձնելու Ադրբեջանի կազմի մեջ, դա բացառվում է: Դա չի կարող լինել, ոչ Նահանգների, ոչ Ռուսաստանի եւ ոչ էլ մի այլ երկրի ճնշումով: Նույնիսկ եթե Հայաստանն էլ ուզենա` Արցախը չի մտնի Ադրբեջանի կազմի մեջ: Քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը հենց դա է ուզում, իրեն մնում է պատերազմը: Այնպես որ` մենք մշտապես կանգնած ենք պատերազմի սպառնալիքի շեմին: Հայաստանի իշխանությունների առաքելությունն այն պիտի լինի, որ անընդհատ հետաձգեն, մաշեցնեն այդ վիճակը:


-Ալիեւի արտահերթ առաջադրումը միգուցե կապ ունի խնդրի հետ` Ադրբեջանից հայտարարություն հնչեց, թե ղարաբաղյան բանակցությունները կշարունակվեն Հայաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի ընտրությունից հետո:

-Վազգեն Մանուկյան.- Դժվարանում եմ մեկնաբանել` ինչու է ուզում շուտ առաջադրվել Ալիեւը, միգուցե ժամանակ է շահում, միգուցե կապված էլ լինի Արցախի հարցի հետ, ամեն ինչ էլ փոխկապակցված է: Արցախի հարցում մեծ նորություններ հիմա չկան, կան նորություններ համաշխարհային քաղաքականության մեջ, որոնք այսպես, թե այնպես ազդեցություն ունեն Արցախի հարցի վրա, բայց առաջիկայում փոփոխություն հարցի մեջ ես չեմ տեսնում:

-Ո՞ր շեշտադրումով պետք է ամփոփենք մեր զրույցը:

-Վազգեն Մանուկյան-Ես մեր ժողովրդին կցանկանամ, որ մի քիչ վճռական լինի իր կարիքներն իշխանությունների առաջ ներկայացնելիս, երկրին այնքան նվիրված լինի, որ նույնիսկ ծանր պայմաններում չթողնի-հեռանա եւ հավատա, որ այս երկիրը հնարավոր է դարձնել զարգացած, բարգավաճող:


Զրուցեց ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ


hayacq.com





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: