Հայերեն   English   Русский  

Արցախի պետնախարար. Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերում փոխզիջումներ չեն կարող լինել


  
դիտումներ: 774

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը ծավալուն հարցազրույց է տվել (ռուս.-խմբ.) «Արմինֆո» լրատվական գործակալությանը, որը հրապարակվել է «Եվրասիա դեյլի» (eadaily.com) լրատվամիջոցի կայքում:

Հարցազրույցի հայերեն տարբերակը մի քանի մասով հրապարակել է «Արմինֆո» լրատվական գործակալությունն, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին:

«Կարծում եմ, որ առաջիկա տասնամյակներում, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման սպասել պետք չէ, քանի որ կողմերի դիրքորոշումները չափազանց հեռու են միմյանցից»: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Ըստ որում, նա չի բացառել, որ ստատուս-քվոյի երկարատև պահպանումը կարող է հանգեցնել հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման: «Բայց ստեղծված իրավիճակում պատերազմից խուսափելու համար մենք պետք է միշտ պատրաստ լինենք դրան»,- ընդգծել է նա: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ստեփանակերտը պատրաստ է զիջումների գնալ խնդիրը լուծելիս՝ պետնախարարը նշել է. «Զիջումների մասին խոսելու համար մենք պետք է սկզբում նստենք բանակցությունների սեղանի շուրջ, իսկ հետո միայն որոշենք՝ գնալ փոխզիջումների, թե ոչ, և եթե գնանք՝ ապա ինչպիսի: Ամեն դեպքում միանշանակ է այն, որ Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերում փոխզիջումներ չեն կարող լինել, մնացած բոլոր հարցերն այդ բանաձևի ածանցյալներն են»:

Մեկնաբանելով միջազգային հարթակներում Արցախի ճանաչմանն ուղղված գործընթաց սկսելու վերաբերյալ օրերս Արցախի խորհրդարանում Հայաստանի խորհրդարանականներին ուղղված կոչին՝ Հարությունյանը նշել է, որ դա չի խանգարի և, հնարավոր է, նույնիսկ աջակցի խնդրի լուծմանը: «Շատ լավ կլինի, եթե միջազգային սուբյեկտները ճանաչեն Արցախը, բայց չի կարելի ասել, որ դա մեր հիմնական և վերջնական նպատակն է»,- ընդգծել է նա: Անդրադառնալով Արցախը ճանաչելու և այդպիսով վերջինիս միջազգային ճանաչման համար ուղի հարթելու վերաբերյալ Հայաստանի իշխանություններին ուղղված կոչին՝ պետնախարարը նշել է. «Իսկ ի՞նչ կտա դա մեզ: Հայաստանի կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտություն չկա. Մենք արդեն վաղուց մեկ երկիր ենք»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: