Հայերեն   English   Русский  

​Ֆեդերիկա Մոգերինին և Էլմար Մամեդյարովը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը


  
դիտումներ: 703

Փետրվարի 9-ին Ադրբեջանի արտաքի գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, հանդիպման արդյունքների հիման վրա հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մոգերինին ասել է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարցերի բոլոր շրջանները, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտության հարցն ու էներգետիկ նախագծերը: Վերջինս ընդգծել է, որ Եվրոպական միության համար ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերը շարունակում են առաջնային մնալ:

«Կարևոր է, որ Ադրբեջանն իրականացնի այդ ուղղություններում ստանձնած իր պարտավորությունները»,- նշել է Ֆեդերիկա Մոգերինին` հավելելով, որ դրանց թվում են նաև միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը, հավաքների և մամուլի ազատության իրավունքի ապահովումը: Ըստ նրա` դրանք հատկապես կարևոր են նախագահական ընտրությունների նախաշեմին:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը`Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ այն պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Վերջինս հատկապես կարևորել է բանակցային գործընթացի վերսկսումը`հակամարտության կողմերին կոչ անելով շփման գծում նվազեցնել լարվածության մակարդակը:

Իր հերթին նախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը կիսում է Եվրոպայի բոլոր արժեքները, և ներկայումս երկու երկրների հարաբերություններում նոր փուլ է սկսվում: Մասնավորապես` վերջինս գոհունակություն է հայտնել Ադրբեջաի և Եվրոպական միության միջև համագործակցության մասին պայմանագրի կնքման հարցի շուրջ բանակցությունների արդյունքների առնչությամբ:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի համաձայն՝ երկրում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվելու են ապրիլի 11-ին: Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահ է 2003 թ-ից: Համաձայն 2016 թ-ին երկրում իրականացված սահմանադրական փոփոխությունների՝ Ադրբեջանի նորընտիր նախագահը երկիրը ղեկավարելու է 7 տարի ժամկետով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: