Հայերեն   English   Русский  

​Ռուսական կինեմատոգրաֆի հայկական դեմքը` Աննա Մելիքյան


  
դիտումներ: 1666

Հայազգի ռուս կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանը նախօրեին տոնել է ծննդյան օրը:

Աննան ծնվել է 1976 թ. Բաքվում, մանկությունն անցել է Երևանում, իսկ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (ՎԳԻԿ):

Ուսանողության տարիներին ռեժիսորի նկարահանած կարճամետրաժ ֆիմերը ռուսական և միջազգային փառատոներում առաջին պարգևների են արժանացել: 2001թ. Աննա Մելիքյանի «Մինչև պահանջը» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Մելբուրնի միջազգային կինոփառատոնում, ինչից հետո նա Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է դարձել:

2008-ին էկրաններ բարձրացած «Ջրահարսը» ֆիլմը ռեժիսորին ամբողջ աշխարհում ճանաչելի դարձրեց կինոյի քննադատների շրջանում: Ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակների է արժանացել Բուլղարիայում, Երևանում, Կարլովի Վարիում կայացած միջազգային կինոփառատոններում, «Սոֆիա» «Սանդենս» փառատոններում, ինչպես նաև Ռուսաստանից «Օսկար» մրցանակի առաջադրվել: Ամերիկյան «Variety» ամսագիրը Աննա Մելիքյանին աշխարհի ամենահեռանկարային ռեժիսորների տասնյակում է ընդգրկել:

2014 թ-ին Աննա Մելիքյանը «Կինոտավր» փառատոնի շրջանակներում լավագույն ռեժիսոր մրցանակին արժանացավ «Աստղ» ֆիլմի համար, իսկ 2015 թ. «Սիրո մասին» ֆիլմի համար՝ Գրան Պրի և ժյուրիի մրցանակների:

Ոչ ավանդական սիրո պատմությունների համար Մոսկվայի կինոքննադատները Մելիքյանին մտավորականների սիրելին են համարում:

Ռեժիսորական գործունեությունից բացի Աննա Մելիքյանը հիմնել է «Magnum» ընկերությունը, որը զբաղվում է նոր կինոնախագծերի ստեղծմամբ և առաջխաղացմամբ, ինչպես նաև երիտասարդ տաղանդների պրոդյուսինգով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի գլխավոր մրցանակի և 50 մլն ռուբլի պարգևատրման է արժանացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: