Հայերեն   English   Русский  

Գերմանիայում հայերեն հնչել է խաղաղության աղոթք


  
դիտումներ: 364

Օրերս Գերմանիայի Դաշնության Լեեր քաղաքում համաշխարհային կրոնների ներկայացուցիչների և կրոնական տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունեցել Խաղաղության աղոթքի արարողություն, որը կազմակերպվում է երկու տարի շարունակ:

Ալբերտ Թովմասյան,Վալերի Թովմասյան

Արարողությանը մասնավորապես մասնակցել են Հայ Առաքելական, Կաթոլիկ, Բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև մահմեդականությունը, բուդդայականությունը, հուդայականությունը ներկայացնող հավատացյալներ: Խաղաղության աղոթք է հնչել նաև Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու անդամների կողմից: Հատկանշական է, որ արարողությունը մեկնարկել էր գերմանաբնակ պատանի Վալերի Թովմասյանի կողմից հնչեցրած հայերեն աղոթքով, որի հեղինակը Առաջնորդական Փոխանորդ հոգեշնորհ Տ. Սերովբէ Վրդ.. Իսախանեանն է: Խաղաղության աղոթքից հետո հյուսիսային Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ արժանաշնորհ Տ. Հրաչ քահանա Պիլիճիեանն օրհնել է միջոցառումը, գերմաներեն հնչեցրել խաղաղության աղոթքը, ապա երգել Կոմիտասի ստեղծագործություններից:

Միջոցառման կազմակերպման հանձնախմբի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Թովմասյանը մեզ հետ զրույցում կարևորեց նման միջոցառումներին հայերի մասնակցությունը: Նրա խոսքով` հնչեցված հայերեն աղոթքը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք խաղաղասեր ազգ ենք, քանի որ մեզ համար ոչ միայն կարևոր է մեր սեփական սահմանների անվտանգությունը, այլ նաև խաղաղությունը ողջ աշխարհում` Սիրիայից մինչև Աֆղանստան և Լատինական Ամերիկա: Արարողության վերջում Լեեր քաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները իրենց խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեցին հայերին արարողությանը մասնակցելու համար` հիշեցնելով, որ հայերն առաջինն են ամբողջ աշխարհում քրիստոնեությունը ընդունել որպես պետական կրոն: Նրանց կողմից հատուկ գովասանքի արժանացավ հայերեն աղոթքի տեքստը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: