Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստի ժամանակ՝ «Երկիր Ծիրանիի» եւ ՀՀԿ-ականների միջեւ (լուսանկար)
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ հագան եւ փորձեցին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Ավագանու ՀՀԿ-ական անդամները վեր կացան, որ արգելեն, այդ ժամանակ ջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ եւ նա վեր կացավ տեղից:
Երեւանի ավագանու նիստում ընդմիջում հայտարարվեց, որպեսզի վիճակը շտկեն: Այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր Ծիրանի» անդամների վրա եւ փորձում էին քարշ տալով հեռացնել նրանց: Քաշքշուկի ժամանակ նրանք մի քանի ապտակ հասցրեցին Մարինա Խաչատրյանին: Մասնավորապես, Մարինա Խաչատրյանին մի քանի ապտակ հասցրեց ՀՀԿ խմբակցությունից Գոռ Վարդանյանը, իսկ նույն խմբակցությունից մեկ այլ անդամ հետեւից քաշեց նրա մազերը եւ հարվածներ հասցրեց: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը փորձում էր բաժանել կողմերին, բայց չէր հաջողվում: Մարինա Խաչատրյանը եւս հարվածներ էր հասցնում:
Այս պահին ավագանու նիստն ընդհատվել է, ոստիկաններ են եկել դահլիճ եւ փորձում են դուրս բերել «Երկիր Ծիրանիի» անդամներին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Նուբարաշենի խճուղու հարակից շենքի բնակիչները փակել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը։ Նրանք բողոքում էին քրեակատարողական հիմնարկի կոյուղուց տարածվող գարշահոտությունից։