Հայերեն   English   Русский  

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված՝ Ստեփանակերտում տոնական հանրահավաք է կազմակերպվել (լուսանկարներ)


  
դիտումներ: 910

Այսօր՝ փետրվարի 13-ին, Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված՝ Ստեփանակերտում կազմակերպվել է տոնական երթ և հանրահավաք:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ երթի մասնակիցները պաստառներով, դրոշներով, կոչերով, «Միացում» վանկարկելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցոներվ շարժվել են դեպի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ էլ կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառում:

Ղարաբաղյան շարժման 30-ամյակ

Հանրահավաքին օրհնության խոսք է հղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Ղարաբաղյան շարժման 30-ամյակ

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են Ղարաբաղյան շարժման մասին պատմող փաստավավերագրական ֆիլմեր:

Ղարաբաղյան շարժման 30-ամյակ

Հանրահավաքին Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ ասելով, որ 1988 թվականը բեկումնային է եղել հայ ժողովրդի պատմության մեջ:

Ղարաբաղյան շարժման 30-ամյակ

«Երեք տասնամյակ առաջ այս օրերին համայն հայությունը համախմբվեց, դարձավ մի բռունցք՝ ողջ աշխարհին ազդարարելով սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամության մասին: Համաժողովրդական այս պոռթկումը մարտահրավեր էր բռնատիրությանը, հալածանքներին, մարդու իրավունքների խախտումներին, բոլոր այն արհավիրքներին, որոնց միջով անցել է մեր ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում: Եվ այս շարժման պսակը դարձավ հայոց անկախ պետականության վերականգնումը: Այս գոյապայքարում, դժբախտաբար, մենք ունեցանք նաև անդառնալի կորուստներ: Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքն են նվիրաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները: Նրանք զոհ չեն, նրանք մարտիրոսված հերոսներ են, ովքեր անմահացան և շարունակում են իրականացնել հայրենիքի պաշտպանի իրենց սուրբ առաքելությունը՝ ոգեշնչելով և պարտավորեցնելով՝ անմնացորդ ծառայել հայրենիքին, աշխատել ի փառս նրա զարգացման ու զորացման: Այս բոլոր տարիների ընթացքում մենք մշտապես զգացել ենք Մայր Հայաստանի հատուկ հոգատարությունն Արցախի նկատմամբ: Անհնարին է պատկերացնել մեր ձեռքբերումներն ու հաղթանակներն առանց ՀՀ գործուն և անմիջական մասնակցության: Այսօր էլ միասին լուծում ենք մեծ ու պատասխանատու խնդիրներ: Բոլորս հաստատակամ ենք և կանենք հնարավորը, որպեսզի վաղվա օրը լինի հուսալի, մեր հայրենիքը՝ ավելի հզոր ու բարեկեցիկ: Հակառակորդը միշտ պետք է իմանա, որ մեզ հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման: Մեր ժողովուրդը, մեր բանակը և ողջ հայությունը ցանկացած պահի արժանի հակահարված կտան մեր ազատությանն ու անվտանգությանն սպառնացող յուրաքանչյուր ոտնձգության»,- նշել է Նախագահը:

Ղարաբաղյան շարժման 30-ամյակ

Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից Համլետ Գրիգորյանն էլ իր ելույթում նշել է, որ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը համահայկական փառապանծ տոն է: «Վերհիշենք նրանց, ովքեր 20-րդ դարում հայկական հիմնահարցն անթեղված չեն թողել և քայլ առ քայլ մոտեցրել են մեր հինավուրց երկրամասի անկախությանը: Փաստ է, որ մեր հանրապետությունը դեռ ճանաչված չէ, բայց փաստ է նաև, որ միջազգային ոչ մի ատյանում առայսօր չեն կասկածել մեր հանրապետության լեգիտիմությանը: Մենք՝ Արցախյան ազատամարտի տարեց վկաներս, հպարտանում ենք 1980-90-ական թվականների սերնդով և հորդորում ենք երիտասարդներին, որ մեր հաջողությունների կրկնապատկողը լինեն, քանզի երկար ճանապարհ ունենք անցնելու Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու սուրբ գործում և իրականացնելու 30 տարի առաջ հայ ժողովրդի սրտից ծնված՝ «Մեկ ազգ, մեկ հայրենիք ու մեկ պետություն» կարգախոսը»,- ասել է Հ. Գրիգորյանը:

Ղարաբաղյան շարժման 30-ամյակ

Ղարաբաղյան շարժման ակտիվիստ, Արցախի հերոս Ժաննա Գալստյանն էլ, վերհիշելով 1988 թվականի հանրահավաքը, ասել է. «Այն ժամանակ մենք ճնշված էինք: 1988-ին մեզանից յուրաքանչյուրը դուրս է եկել հրապարակ մի պարզ նպատակով՝ շրջել հայոց պատմության վերջին 100-ամյակի շեղված անիվը: Դուրս էր եկել գիտակցելով, որ ինքը հզոր կայսրության պատժիչ մեքենայի անիվների տակ կարող էր մնալ: Իսկ այսօր, բարեբախտաբար, մեզ պաշտպանում է հայոց հզոր բանակը: Այսօր մենք հավաքվել ենք այստեղ ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներին, այլև ազդարարելու պայքարի նոր փուլ, որն էլ կոչվում է զարգացման փուլ: 30 տարի անց մենք պետք է 1988-ի դասերը քաղենք, իսկ մեր ամենամեծ դասը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է, իսկ երկրորդ դասը՝ հետևողական լինելը և երրորդը՝ հույսներս միայն մեզ վրա դնելը. այդժամ հաղթանակներն անխուսափելի են լինելու: Մենք տեսնում ենք, որ մեր թշնամին ոչնչով չի փոխել իր գործելակերպը, ձեռագիրը և նույնն է մնացել առայսօր: Կեցցե՛ հայ ժողվուրդը, հայոց բանակը և այն ժողովուրդը, որ ապրելու է ազատ, անկախ և միացյալ Հայաստանում»:

Ղարաբաղյան շարժման 30-ամյակ

Միաջոցառման ընթացքում, տեսակապի միջոցով ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձներն են հղել նաև Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Եվրոխորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու մշակութային հայտնի գործիչներ:

Ղարաբաղյան շարժման 30-ամյակ

Վերջում հնչել են ազգային երգեր, պարեղանակներ՝ Վերածննդի հրապարակը վերածելով ազգային մեծ տոնախմբության հարթակի:

Ղարաբաղյան շարժման 30-ամյակ

Հանրահավաքին ներկա էին ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, Արցախյան շարժման առաջամարտիկներ և նրանց գործն այսօր շարունակող երիտասարդներ, հյուրեր և այլք:

Ղարաբաղյան շարժման 30-ամյակ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: