Հայերեն   English   Русский  

Ադրբեջանական իշխանությունների ճնշումներին ի պատասխան ստեղծվեց Արցախյան շարժումը. Լարիսա Ալավերդյան


  
դիտումներ: 533

Լրանում է Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցը:

Չնայած Սումգայիթյան ջարդերը հստակ փաստաթղթավորված են, կան ականատեսների վկայություններ, սակայն ցեղասպան այդ գործողությունները ոչ իրավական, ոչ քաղաքական գնահատականի չեն արժանացել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Նույնիսկ այդ գործողություններից տուժածներին որևէ առումով փոխհատուցում չի եղել: Սա կարող է սարսափելի թվալ, սակայն այդպես է: Նորանկախ Հայաստանում մենք չունենք ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ էլ մարդասիրական գնահատական»,-նշեց Ալավերդյանը:

Նա հիշեցրեց, որ Սումգայիթի ցեղասպան գործողությունները խորհրդային միության իշխանությունները որակեցին խուլիգանական գործողություններ, ընդամենը մեկ մարդ դատապարտվեց մահապատժի:Սակայն դեռևս հայտնի չէ, մեղավորները կրել են պատիժը, թե ոչ: Դա խիստ անհավանական է թվում, քանի որ դեռևս 1988 թվականին իշխանության ներկայացուցիչները քաջալերում էին մարդասպաններին:

«Լուրեր կան, որ նույնիսկ նրանք այդ գլխատումների համար պարգևների են արժանացել, ինչպես եղավ Ռամիլ Սաֆարովի դեպքում»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ իրենց պնդումները բնավ չեն վերաբերում ադրբեջանական ժողովրդին: Նրանցից շատերը օգնել են հայ ընտանիքներին այդ օրերինփրկել նրանց կյանքը: Իրավապաշտպանի խոսքով՝ այսօր հենց նրանք են իրենց կառավարության զոհը, քանի որ անգամ չի կարելի բարձրաձայնել այն մարկանց անունները, որոնք մարդասեր դրդումներից ելնելով օգնել են հայերին: Հակառակ դեպքում նրանց սպասվում է հետապնդում:

«Հայ ժողովուրդը պետք է հստակեցնի իր համար: Արցախյան շարժումը եղել է ի պատասխան արդեն անտանելի դարձած ճնշումներին, որոնք ամենապազր դրսևորումները ստացել էին Արցախում: Այն ինչ ստացվել էր Նախիջևանում, այսինքն՝ լրիվ հայաթափումը, չէր ստացվում Արցախում: Ադրբեջանական իշխանությունների ճնշումներին ի պատասխան ստեղծվեց Արցախյան շարժումը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա՝ տարօրինակ է Արցախյան խնդրի դիտարկումն այն դաշտում, թե պետք է փոխզիջումների գնալ.«Արդյո՞ք տեսել եք, որ հրեաներին կոչ անեն նացիստների հետ փոխզիջումների գնալու: Այնինչ տարիներ տարիներ շարունակ արցախահայությանը, հայությանը համոզում են գնալ փոխզիջումների գնալի ցեղասպան նպատակներ ունեցող պետության հետ: Ավելին՝ հայտնի չէ, թե ինչ փոխզիջումների մասին է խոսքը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը

«Սովորական Ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը իր հերթին նշեց, որ ցեղասպան գործողությունները կազմակերպված ու համակարգված են եղել Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Խորհրդային միության իշխանությունների լուռ աջակցությամբ:

«Մենք բազմաթիվ վկայություններ ունենք այդ մասին, դրա մասին խոսում են նույնիսկ ադրբեջանցիները: Մենք ունենք բազմաթիվ տեսագրություններ, որտեղ երևում են, թե ինչպես են հատուկ ջոկատայինները ղեկավարում այդ ջարդերն ու գործողությունները: Նրանք նախապես ունեցել են ցուցակներ և ըստ այդ ցուցակների իրականացրել ջարդերը»,-ասաց Մարինա Գրիգորյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: