Հայերեն   English   Русский  

Վարչապետն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր


  
դիտումներ: 699

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել էստոնական կողմին Եվրոպական միության հետ Ընդլայնված և համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ մեր երկիրը նախատեսում է որքան հնարավոր է արագ իրականացնել վավերացման գործընթացը:

Անդրադառնալով հայ-էստոնական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այդ հարցը բավականին մանրամասն քննարկել է նաև Դավոսում Էստոնիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը, առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և անհրաժեշտ համարել գործարար ֆորումների կազմակերպումն ու անցկացումը՝ առկա ներուժի իրացման նպատակով: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ էստոնական բիզնեսի համար Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ԵԱՏՄ և իրանական շուկաներ մուտք գործելու առումով՝ հաշվի առնելով մեր երկրի արտոնյալ առևտրային ռեժիմները:

Դեսպան Կաարելսոնը ևս կարևորել է տնտեսական համագործակցության զարգացումը և պատրաստակամություն հայտնել նպաստել համապատասխան միջոցառումների իրականացմանը: Վերջինս ընդգծել է, որ Էստոնիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբեությունների ընդլայնմամբ և խորացմամբ:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի թվային օրակարգի շուրջ Էստոնիայի փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: