Հայերեն   English   Русский  

​Եվրոպական հանձնաժողովը Թուրքիայից պահանջել է հարգել ԵՄ երկրների ինքնավարությունը


  
դիտումներ: 318

Եվրոպական հանձնաժողովը ուշի ուշով հետևում է Էգեյան ծովում ծագած լարվածության զարգացմանը. թուրքական ռազմածովային ուժերի նավերը խոչընդոտում են Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում տեղակայված լողացող կայանում հորատման աշխատանքներ կատարելուն:

Այս մասին փետրվարի 13-ին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:

«Մենք վերահաստատում ենք, որ Թուրքիան պետք է իրականացնի բարիդրացիական հարաբերություններին առնչվող իր պարտականությունները և խուսափի Եվրոպական միության անդամ երկրների հետ որևէ միջադեպից: Մենք կցանկանայինք ընդգծել անդամ երկրների` իրենց տարածքաների, այդ թվում` ծովային և օդային գոտիների նկատմամբ ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը: Պետք է խուսափել նաև այնպիսի բացասական հայտարարություններից, որոնք վնասում են բարիդրացիական հարաբերություններին»,- նշել է Մարգարիտիս Սխինասը:

Ավելի վաղ նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգային նավթային ընկերություններին նախազգուշացում է արել` կանխելու Կիպրոսի կայաններում աշխատանքներ կատարելը: «Մի մտածեք, թե Կիպրոսի ափերին գազի որոնման ձեր օպորտունիստական փորձերը մեր աչքից կվրիպեն: Մենք Կիպրոսի սահմանը հատող բոլոր բոլորին նախազգուշացնում են` սխալ որոշումներ չկայացնեք»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «AFP» գործակալությունը:

Նախորդ շաբաթ թուրքական ռազմական նավերը ծովում արգելափակել են իտալական ENI ընկերության հորատման հարթակը, որը նախատեսում էր հունական Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում գտնվող Լարնակա նավահանգստից հարավ գտնվող հատվածում իրականացնել որոնողական աշխատանքներ: Միևնույն ժամանակ, Անկարան անտեսել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կոչերը` հրաժարվելու Եվրոպական միության անդամ երկրի հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: