Հայերեն   English   Русский  

Ձևավորվող հավաքականում մեծամասամբ նոր տղաներ են. Կարեն Աղամալյան


  
դիտումներ: 562

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության արդյունքներով ձեւավորվում է հավաքական, որն սկսելու է նախապատրաստվել մրցաշրջան 2018-ի կարեւոր մեկնարկներին:

Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում գնահատեց առաջնությունը եւ խոսեց ընթացիկ տարվա ծրագրերի մասին:

«Ուրախացրեց, որ այս առաջնությանը մասնակցեց 142 բռնցքամարտիկ: Վերջին տասնամյակում ես այսպիսի բան չեմ հիշում: Ֆեդերացիան այս անգամ թույլատրել էր մասնակցել բոլորին, անգամ համեմատաբար նոր բացված բռնցքամարտի օջախներին: Սա ողջունելի քայլ է:

Առաջնության մակարդակը նորմալ էր: Շնորհալի տղաներ կային առանձնապես Արթիկից, Լոռիի եւ Շիրակի մարզերից: Ինձ հետաքրքիր էր տեսնել պատանեկան տարիքում աչքի ընկած տղաներին, որոնք արդեն անցնում են երիտասարդական տարիքային խումբ, իսկ այդ երկուսի միջեւ տարբերությունը շատ մեծ է: Հիմա մեր գործը նրանց հետ աշխատելն է:

Պաշտոնական առաջին լուրջ մրցումը Եվրոպայի առաջնությունն է:Սակայն դրան պատրաստվելու երկար ժամանակ չունենք, որովհետեւ այն մեկնարկում է ապրիլի 17-ին՝ Իտալիայում: Այդ առաջնությունը նաեւ պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է, որտեղ ուղեգիր տրվելու է միայն քաշային կարգերի չեմպիոններին: Այս տարի նաեւ աշխարհի առաջնություն պետք է լինի, սակայն հայտնի չէ՝ երբ եւ որտեղ: Ավելի հավանական է, որ այն կանցկացվի աշնանը:

Մինչեւ Եվրոպայի առաջնություն, հավաքական հրավիրված տղաները տասը օր կհանգստանան, որից հետո կհավաքվենք Օլիմպավանում: Ինը կամ տասը օր թեթեւ հավաք կանցկացնենք, քանի որ մեկնելու ենք մերձմոսկովյան Նովոգորսկ քաղաք: Մեր թիմի կազմում կլինեն բոլոր չեմպիոնները: Այնտեղ երկու ընկերական հանդիպում կունենանք Ռուսաստանի առաջին եւ Մոսկվայի մարզի հավաքականների հետ: Ես պետք է իմ աչքով բռնցքամարտիկներին ռինգում տեսնեմ եւ միայն այդ ժամանակ կողմնորոշվեմ, թե ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Չեմ ցանկանում Իտալիա տանել, այսպես ասած, մրցակիցներին «նվեր» բռնցքամարտիկների», - ասաց մարզիչը:

Կարեն Աղամալյանը պատանեկան օլիմպիական խաղերում, որտեղ մեկ երկիրը կարող է ներկայացնել առավելագույնը երեք տղա եւ երկու աղջիկ, բռնցքամարտիկներ ունենալու նպատակ ունի, սակայն դեռ ձեռնպահ է մնում խոստումներ տալուց.

«Նոր ձեւավորվող հավաքականում մեծամասնությունը պատանեկանից առաջին անգամ է տեղափոխվել երիտասարդների տարիքային խումբ: Ճիշտ է, հեռվից շատերին ճանաչում եմ, բայց դրսի ռինգում դեռ չեմ տեսել: Մինչեւ իմ աչքով չտեսնեմ, առայժմ ոչինչ ասել չեմ կարող», - ասաց Կարեն Աղամալյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: