Հայերեն   English   Русский  

«Երկիր ծիրանի» խմբակցության անդամի նկատմամբ տեղի է ունեցել սեռական ոտնձգություն. Իրավապաշտպան


  
դիտումներ: 303

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Երկիր ծիրանի խմբակցության ներկայացուցչի նկատմամբ կիրառել են անհամաչափ, բիրտ ուժ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Այդ միջադեպը մեզ համար շատ տհաճ էր: Ուժ է կիրառվել Ավագանու անդամի նկատմամբ: Նրան փորձել են դուրս հանել դահլիճից: Եթե նախորդ նիստերի ժամանակ մենք լսում էին ռեպլիկներ ՀՀԿ ներկայացուցիչների կողմից, կանոնակարգի խախտումներ էինք տեսնում, այս անգամ դա վերածվեց ֆիզիկական ուժի կիրառման»,- նշեց նա:

Նա ընդգծեց՝ «Ելք» խմբակցությունը ներողություն է խնդրում քաղաքացիներից, քանի որ չի կարողացել կանխել երեկվա նիստում տեղի ունեցածը:

«Ես ելույթ ունեցա՝ ասելով հետևյալը. մի կողմից գործ ունենք մի քաղաքական ուժի հետ, որն ընտրել է ոչ քաղաքական գործիքակազմ, ինչը մեզ համար խորթ է: Մյուս կողմից, գործ ունենք մի քաղաքական ուժի հետ, որը կիրառում է ֆիզիկական ուժ, չի խորշում նման երևույթներից: Մենք այդպիսի նիստեր չենք պատկերացում: Ես նշել եմ, որ տեղի է ուենցել հասարակական կարգի խախտում, որը արձանագրվել է երկուստեք»,-ասաց Խաժակյանը:

Հանդիպմանը ներկա իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանն ընդգծեց, որ որևէ մեկը չի կարող զրկել քաղաքական գործչին ակցիա իրականացնելու իրավունքից:

Նրա խոսքով՝ Նուբարաշենի բնակիչներն են խնդրել, որ կոյուղաջուրը բերեն քաղաքապետարանի շենք, քանի որ ավագանու անդամներից որևէ մեկը չի գնացել այնտեղ ծանոթանալու իրավիճակին: Քաղաքացիները երկար ժամանակ է ինչ շնչում են այդ հոտը. «Կներեք, ձեր նուրբ քիմքը կարող էր մի քանի րոպե խաթարվել այդ հոտից ու դուք էլ միանայիք հարցը բարձրացողներին»:

Ինչ վերաբերում է բռնությանը, ապա Հովհաննիսյանի խոսքով, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի ՀԿ-ներ համարում են, որ երեկվա տեղի ունեցածն ուղղորդված գործողություն է կին քաղաքական գործչի նկատմամբ:

«Տեղի է ունեցել սեռական ոտնձգություն, երբ տղամարդիկ անվայել պահելով իրենց ձեռքերը երկարացրել են կնոջ կրծքերին, գոտկատեղին և փորձ են արել քանդել նրա վերնազգեստը: Կնոջ նկատմամբ նաև ֆիզիկական բռնություն է տեղի ունեցել, ինչն իրենից հանրային նվաստացում է ներկայացնում: Դա տղամարդու նկատմամբ երբեք տեղի չի ունենում. Ձեռնամարտը երբեք դահլիճում, բոլորի աչքի առաջ համենայն դեպք չի լինում: Եթե կնոջ փոխարեն տղամարդ լիներ, ապա նրան դուրս կհրավիրեն, կամ լրատվամիջոցների առջև, գոնե տասը հոգով չէին հարձակվի նրա վրա»,-ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ կինը բռնության է ենթարկվում փողոցում, տանը, հանրային վայրերում:

Զառա Հովհաննիսյանը նշեց, որ տեսանյութերից շատ պարզ երևում է, որ հրահանգն իջեցնում է հենց քաղաքապետ Տարոն Մարգարյանը.«Եթե ավագանաու այդ անդամը որևէ արարք աներ, որ պատժելի լիներ քրեական օրենսգրքով, այն ժամանակ գնահատական կտայիք»,- ասաց նա:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: