Հայերեն   English   Русский  

Անկարան Իրաքին 5 մլրդ դոլար վարկ կտրամադրի


  
դիտումներ: 161

Թուրքիան Իրաքի ենթակառուցվածքների վերականագնման համար առանց տոկոսադրույքի 5 մլրդ դոլար կտրամադրի:

Այս մասին Իրաքի վերականգնման միջազգային խորհրդաժողովի մասնակցության արդյունքների հիման վրա գրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան միկրոբլոգում:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն գրել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Իրաքին, որի հետ ինքն ունի բարիդրացիական հարաբերություններ՝ համարելով հուսալի գործընկեր:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, նախքան Քուվեյթ մեկնելը լրագրողների հարցերին պատասխանելով, ընդգծել է, որ կարվի հնարավոր ամեն ինչ Իրաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներից մաքրելու և երկրի վերականգնման համար: Ըստ նրա՝ որոշ երկրներ խորհրդաժողովի ընթացքում խոստացել են Իրաքիn հումանիտար աջակցություն ցուցաբերել, այդ երկրի ներդրումներ իրականացնել:

«Թուրքիան 2004 թ-ից Իրաքին 500 մլն դոլար աջակցություն է ցուցաբերել: Այդ միջոցներն ուղղված են եղել Իրաքի զարգացմանն ու հումանիտար աջակցություն ցուցաբերելուն: Բացի այդ, թուրքական համագործակցության և համակարգման գործակալությունը Իրաքում մի շարք ծրագրեր է իրականացնում: Թուրքական ընկերությունները իրականացրել և իրականացնում են ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 25 մլրդ դոլար: Ապագայում թուրքական ընկերությունները Իրաքի տնտեսություն 5 մլրդ դոլար ներդրում կանեն»,- նշել է արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: