Հայերեն   English   Русский  

​Սիրիական պատերազմ. բոլորը բոլորի դեմ


  
դիտումներ: 3703

Արդեն 7 տարի տևող պատերազմը Սիրիայում նոր՝ արյունալի փուլ է մտել։ Միայն փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում ավիահարվածների պատճառով այստեղ ավելի քան հազար մարդ է զոհվել։ Սա, ըստ ՄԱԿ-ի տվյալների, պատերազմի մեկնարկից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

«Սիրիացի ժողովուրդն ապրում է գրեթե 7 տարի ձգվող հակամարտության ամենաարյունոտ ժամանակահատվածներից մեկը»- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նա հակամարտող կողմերին հիշեցրել է միջազգային հումանիտար իրավունքի մասին՝ զսպվածության ու բռնության դադարեցման կոչ անելով։

Իսկ աննախադեպ արյունահեղության պատճառը հակամարտող կողմերի ակտիվությունն է։ Սիրիայում ներկա գերտերություններից յուրաքանչյուրը, հետամուտ իր շահին, ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ռազմական գործողություններ է իրականացնում՝ ցուցադրելով նաև իր հզորությունը։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակը, ինչպես և սպասվում էր, այդպես էլ խաղաղություն չբերեց սիրիացի ժողովրդին։ Կողմերից յուրաքանչյուրն իր համար ազդեցության գոտի է գծում՝ հույս ունենալով վերջում բոլորից շահեկան դիրքերում հայտնվել։ Ավելին, Սիրիան պայքարի հարթակ է դարձել Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի համար, և ոչ միայն։

Իդլիբ նահանգում ռուսական ինքնաթիռի կործանվելուց և օդաչուի զոհվելուց հետո ռազմական գործողությունները թեժացել են։ Արևմտյան երկրները հերթական անգամ Ասադին մեղադրում են քիմիական զենք օգտագործելու մեջ։

Թուրքիան էլ Աֆրինում հունվարի 20-ից սկսած ռազմական գործողությունն է շարունակում։ Ճիշտ է, առաջընթացը թուրքական կողմի սպասածից դանդաղ է, սակայն նա աստիճանաբար առաջ է գնում՝ տարածքներ խլելով սիրիական քրդերից։

Միաժամանակ օրերս ամերիկյան կողմն է Դեյր էր Զորում ավիահարված հասցրել սիրիական կառավարական ուժերին։ Ըստ լուրերի՝ զոհվել է շուրջ 100 մարդ, որոնց թվում կան նաև ռուս զինծառայողներ կամ ռազմական խորհրդատուներ։ Ռուսական կողմը զոհերի մասին տեղեկությունները չի հաստատում, սակայն արդեն իսկ հայտնի է չորս զոհի անուն, որոնք ենթադրաբար ամերիկյան ավիահարվածի զոհ են դարձել։ Իսկ ամերիկյան ավիահարվածի պատճառը եղել է նախորդած հարվածը Սիրիական դեմոկրատական ուժերի նկատմամբ, որոնք վայելում են ԱՄՆ-ի հովանավորչությունը։ Ըստ լուրերի՝ սիրիական կառավարական ուժերի հարձակման պահին այդ վայրում են եղել նաև ամերիկյան ռազմական խորհրդատուները։

Ի դեպ, սա Սիրիայի տարածքում ռուս-ամերիկյան առաջին զինված բախումն է, մինչ այս կողմերը խուսափում էին նման իրավիճակից։

«Ահաբեկչության» դեմ պայքարից հետ չի մնում նաև Իսրայելը։ Պատճառաբանելով, թե Սիրիայի տարածքից իրանական անօդաչու է խախտել Իսրայելի սահմանը, այս երկիրը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի և իրանական զինված ուժերի հենակետերին։ Սիրիական կառավարական ուժերի պատասխանի հետևանքով 1 իսրայելական F16 կործանիչ է շարքից դուրս եկել։ 1982 թ. լիբանանյան պատերազմից հետո ռազմական ինքնաթիռի խոցումը իսրայելական օդուժի գրանցած առաջին մարտական կորուստն է:

Դամասկոսը նաև քաղաքական հարթությունում է պատասխանել Իսրայելին՝ սպառնալով անակնկալներ նոր հարձակման դեպքում։ Սիրիայի ԱԳ նախարարի օգնականը հայտարարել է, որ Իսրայելը կարծում էր, թե տարիներ շարունակ պարտադրված հյուծող պատերազմի հետևանքով Սիրիան անկարող կլինի դիմակայել հարձակումներին, սակայն սխալվում է։ «Նրանք ավելի մեծ անակնկալի կգան, երբ կրկին փորձեն հարձակվել Սիրիայի վրա»,- ասել է ԱԳՆ պաշտոնյան։

Իսրայելը, սակայն, մտադիր չէ համակերպվել Սիրիայում իրանական հարաճուն ներկայության հետ։ Քաղաքական հարթությունում արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Օրինակ՝ Իսրայելը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ դատապարտելու «իրանական սադրանքները Իսրայելի սահմանին»։

Պատերազմ Սիրիայում

Իրանի ներկայության ուժեղացումը Սիրիայում անհանգստացնում է ոչ միայն Իսրայելին, այլև ԱՄՆ-ին։ Պետական մակարդակով արդեն իսկ հայտարարվել է, որ ամերիկյան 2000-անոց զորքը չի հեռանա Սիրիայից, մինչև, ի թիվս այլ նպատակների, չեզոքացնի Իրանի ներկայությունն այդ երկրում և Սիրիայից բխող վտանգները հարևան երկրների համար։

Տարածաշրջանում ազդեցության գոտու համար գերտերությունների պայքարը, որոշ մասնագետների կարծիքով, վտանգավոր փուլ է մտել։ Եթե նախկինում գերտերությունները Սիրիայում ներկայացված էին իրենց կողմից հովանավորվող զինյալ խմբերի միջոցով, ապա այժմ կողմերից յուրաքանչյուրը նաև ռազմական ներկայություն ունի տարածքում։ Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում կայծն էլ բավական է բռնկման, կողմերի անմիջական բախման համար։ Եվ մեծ են վտանգները. մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Իսրայելը օդանավ են կորցրել հակառակորդի կրակից։

Սիրիական կառավարական ուժերը Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ վերահսկում են Սիրիայի տարածքի գրեթե կեսը։ Վերահսկվող տարածքների ծավալով երկրորդ տեղում է ԱՄՆ-ն, որի հսկողության տակ, ըստ Washington post պարբերականի, Սիրիայի տարածքի շուրջ մեկ քառորդն է (27 տոկոսը). սրանք հիմնականում «Իսլամական պետությունից» քրդական ուժերի միջոցով խլված տարածքներն են։ Երրորդը Թուրքիան է, որի հսկողության տակ գտնվող տարածքները դեռևս փոքր են, սակայն «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շնորհիվ աստիճանաբար ընդլայնվում են։

Եվ չնայած խաղատախտակին գերտերությունների շահերն են, այդ ամենի հետևանքով տուժողը սիրիացի ժողովուրդն է։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ պատերազմական 7 տարիների ընթացքում Սիրիայի 20 մլն բնակչությունից շուրջ 5,5 մլն-ը որպես փախստական երկրից հեռացել է, ներքին տարհանվածների թիվը 6,1 մլն է, 13,1 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի, զոհերի թիվը հասել է շուրջ 500 հազարի, և 2 մլն մարդ հաշմանդամ է դարձել ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: