Հայերեն   English   Русский  

«Սա ձերն է. սիրե՛ք ու գնահատե՛ք». հինգ երկրում ապրած և Հայաստան վերադարձած աղջկա հորդորը


  
դիտումներ: 12951

Կարինա Բաղդասարյանը ճակատագրի բերումով ապրել է տարբեր երկրներում: Ծնվել է Գերմանիայում 1979 թ., մի քանի տարի անց տեղափոխվել է Հայաստան, ապա Սիրիա, որից հետո ուսման նպատակով մեկնել է Եգիպտոս, Իտալիա, վերջին տարիներին ապրել է Ռուսաստանում, իսկ բոլորովին վերջերս՝ այս տարվա հունվարի 25-ին, մեկընդմիշտ վերադարձել է հայրենիք:

«Երբեք լուրջ չեմ հիվանդացել, բայց Հայաստան տեղափոխվելուց առաջ վատ էի, 5 օր պառկած էի տանը, մենակ, դուռը փակ: Ճնշումս 200 էր: Զանգում էի շտապօգնություն, գալիս էին, ասում՝ առողջ եմ, ոչ մի լուրջ խնդիր չկա: Մի անգամ էլ մի բժիշկ եկավ, շատ լավ բժիշկ էր: Երբ իմացավ՝ հայ եմ, ասաց. «Ինձ թվում է՝ Ձեզ մոտ կարոտ է, ավելի լավ է՝ վեր կենաք, գնաք Հայաստան»: Այդպես էլ արեցի»,-պատմում է Կարինան ու պատմելու ընթացքում չի կարողանում զսպել հուզմունքը, արցունքն աչքերին շարունակում է:- Բայց էստեղ ինձ ասում են՝ գիժ ես, ինչի՞ ես եկել: Զգում եմ՝ մարդիկ անընդհատ դժգոհում են երկրից, մարդկանցից, ասում եմ՝ ժողովուրդ, սա ձերն է, սիրե՛ք ու գնահատե՛ք, որովհետև ուրիշ երկրում դու ոնց որ շուն լինես: Նույնիսկ եթե քեզ չեն ասում շուն, մեկ է, դու քեզ շուն ես զգում: Էդ մարդիկ, որ ինձ փնովում են Հայաստան գալու համար, պետք է դրսում մի քիչ ապրեն, որ գնահատեն իրենց երկիրը»:

Կարինան Հայաստանի հետ կապը երբեք չի կտրել, որտեղ էլ որ ապրել է: Նա ամեն տարի գալիս էր Երևան և մեկնում արշավների Հայաստանի տարբեր վայրեր: Հայաստանը նրա համար ոչ թե Երևանի կենտրոնն էր, այլ հայրենի բնության հետ շփումը, նրա բույրը զգալը, պատմամշակութային հուշարձաններին ծանոթանալը: «Միշտ զարմանում եմ, որ մարդիկ դրսից գալիս են ու իրենց օրերն անցկացնում Երևանի սրճարաններում նստած: Ես այդ սրճարանի գումարը ծախսում եմ Հայաստանը տեսնելու համար, ինձ սրճարանները չեն հետաքրքրում: Անցած տարի, օրինակ, երբ եկա, արշավի գնացի Թռչկանի ջրվեժ: էնքան էի հուզվել, խենթի պես թրջվում էի, ծաղիկները գրկում, քիչ էր մնում հողը համբուրեի: Բայց Հայաստանում երևի մարդիկ կան, որ նույնիսկ չգիտեն, թե Թռչկանի ջրվեժը որտեղ է»:

Karina Bagdasaryan-ի լուսանկարը:Դեռ այդ ժամանակ ընկերները նրան խորհուրդ են տալիս մնալ Հայաստանում: Կարինան շատ էր ուզում: Մտածում էր՝ աշխատանք կգտնի ու կմնա: Մասնագիտությամբ զբոսավար, անգլերենի, ռուսերենի, իտալերենի իմացությամբ աղջիկը, սակայն, համապատասխան աշխատանք չի գտնում և չուզենալով՝ վերադառնում է Ռուսաստան, որտեղ, ճիշտ է, երբեք առանց աշխատանքի չի մնացել, բայց լավ էլ չի զգացել:

«Դրսում քեզ ժպտում են, բայց երբ նայում ես այդ մարդու աչքերին, գիտակցում ես, որ նա սրտի խորքում քեզ երբեք հարազատի պես չի ընդունի և պետք եղած դեպքում իր վերաբերմունքով ցույց կտա, որ դու օտար ես»,- ասում է նա:

Կարինան շփվող է, տարբեր երկրներում բազմաթիվ ընկերներ ունի, բայց միայն Հայաստանում է, որ իրական ջերմություն է զգում մարդկանց հետ շփվելիս: «Ես վստահ եմ, որ եթե պատահած մեկի դուռը թակեմ՝ իմ առաջ դուռը կբացեն: Եթե ծարավ լինեմ՝ մի բաժակ ջուր կտան, սոված լինեմ՝ կկերակրեն, փողոցում ընկնեմ՝ բոլորը կհավաքվեն, կօգնեն»,- Հայաստանի առավելություններն է թվարկում Կարինան:

Սրանք պարզապես զգացմունքային զեղումներ չեն, այլ այդ ամենի պակասը զգացած և դրա դառը հետևանքները ճաշակած մարդու օբյեկտիվ գնահատական: «Ռուսաստանում այս ամենը չկա: Երբ վատ ես զգում ու մեկին խնդրում ես օգնել, ասում է՝ քիչ խմեիր, վատ չզգայիր: Մի անգամ հայրս փողոցում վատացավ, ինֆարկտ տարավ, ընկավ գետնին: Ես գոռում եմ, օգնություն եմ կանչում, ոչ ոք մեզ չմոտեցավ, ոչ ոք: Շտապօգնությունը եկավ, հորս տարավ հիվանդանոց, ես մնացի փողոցում նստարանին նստած, շոկի մեջ, անելանելիությունից չգիտեի ինչ անել, լալիս էի: Ինձ ասում էին՝ ջահել աղջիկ ես, ինչո՞ւ ես խմել, չե՞ս ամաչում, խմել ես, լաց ես լինում: Նրանց թվում է, թե բոլորը խմող են»:

Մի անգամ էլ շատ է ազդվել ռուս մտերիմ ընկերուհու խոսքից, որն ասել է. «Տանը կմնամ, ամբողջ կյանքում մենակ կմնամ, բայց երբեք հայի հետ չեմ ամուսնանա»:

«Ես չգիտեմ, թե ինչից էր էդ կարծիքը ձևավորվել, բայց ինձ համար ամենավատ հայ տղամարդն անգամ 10 ռուսից լավն է»:

Հայաստանում դժվար է, անգամ հիասթափության պահեր են եղել, քանի որ ամեն տարի, երբ եկել է, փորձել է աշխատանք գտնել ու մնալ, չի ստացվել: «Նույնիսկ մի անգամ հյուրանոցներից մեկը աշխատանքի հայտարարություն էր տվել, որ իրենց պետք է բարձրահասակ, հաճելի, ժպտերես, լեզուների իմացությամբ ադմինիստրատիվ ոլորտի աշխատող: Ես դիմեցի, քանի որ բոլոր պահանջներին բավարարում էի՝ 3 օտար լեզվի իմացություն, հասակս՝ 1.82 և այլն: Հետո պարզվեց՝ հյուրանոցին այդ չափանիշներով հավաքարար էր պետք»:

Karina Bagdasaryan-ի լուսանկարը:Բայց այդ ամենը չի խանգարում, որ նա խենթի պես սիրի Հայաստանը, իր ժողովրդին: Այս անգամ նա վերադարձել է աշխատանք գտնելու և հաստատվելու վերջնական որոշմամբ. «Ինձ շատ գումար պետք չէ, այնքան, որ կարողանամ ոչ թե գոյատևել, այլ գոնե մեկ-մեկ էլ արշավի գնալ»,- ծիծաղում է նա:

Կարինայի մեջ արցախցու արյուն է հոսում: Հայրն արմատներով Արցախից է: Ողջ կյանքում զինվորական է եղել, աշխատանքի բերումով տարբեր երկրներում ծառայել, անգամ Սիրիայի ներկա նախագահի հորից՝ նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադից ստացած պատվոգիր ունի, և դա է պատճառը, որ Կարինան ծնվել է Գերմանիայում, ապրել Սիրիայում ու Ռուսաստանում:

Կարինան շատ է սիրում Արցախը: Տարվա ընթացքում նոր հագուստ է հավաքում և Հայաստան գալիս մեկնում է Արցախ՝ հագուստը բաժանելու ազատագրված տարածքներում ապրող երեխաներին: Ու դա անում է առանց որևէ մեկի օգնության, մեն-մենակ: Չունենալով մեծ եկամուտներ՝ նա հասնում է բոլորին, ովքեր օգնության կարիք ունեն. հաշմանդամներ, սոցիալապես անապահով ընտանիքներ: Նրա համար բոլորը հարազատ են, քանի որ իրենն են, ինչպես այս երկիրը, որից առավել թանկ ոչինչ չունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: