Հայերեն   English   Русский  

​«Մեր ամենամեծ սխալը մեր կույր հավատն էր Ղարաբաղ կոմիտեի նկատմամբ»


  
դիտումներ: 3800

Լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Այս տարիների ընթացքում տարբեր տեսանկյուններից անդրադարձ է եղել շարժմանը, Ղարաբաղ կոմիտեի առաջնորդները, անդամներն իրենց հուշերով են հանդես եկել, իրենց գնահատականը տվել անցյալի իրադարձություններին ու դրանց շարունակություն ներկային: Ղարաբաղյան շարժումը, սակայն, միայն քաղաքական ու պետական գործիչներով չէր պայմանավորված: Ոչինչ հնարավոր չէր լինի, եթե չլիներ ժողովրդի նվիրումն ու աջակցությունը:

Ուստի «Անկախը» շարք է նախաձեռնում, որով կներկայացնի Ղարաբաղյան շարժումը և հաջորդող զարգացումները շարքային ակտիվ մասնակիցների տեսանկյունից:

30-ամյա վաղեմության իրադարձությունները վերհիշում է Ղարաբաղյան շարժման ժամանակ ձևավորված սահմանադրական խմբերի ակտիվ անդամ Անահիտ Պետրոսյանը։

Ներկայի տեսանկյունից

Պատմությունը սրբագրելու կարիք ունի։ Մեր աչքի առաջ մեր տեսածն ու զգացածը փոփոխվում է, եղածն էլ քիչ տոկոսով է ներկայացված։ Այսօր մեր հնագետները պեղում են անցյալը վերականգնելու համար, բայց իրենց աչքի առաջ պատմությունը կեղծվում է։ Ղարաբաղյան շարժման դեպքում մենք լավ գիտենք, թե ով պայքարեց, ով հաղթեց և այսօր ովքեր են այդ ամենի անունից ներկայանում։

Մենք՝ շարքային պայքարողներս, ստվար զանգված էինք. չունեինք որևէ ակնկալիք ու անձնական շահ, մեր պայքարի հիմքում հայրենասիրությունն ու էնտուզիազմն էին։

Միացումը պայքարին

Աշխատում էի «Հայէներգացանց-նախագիծ» ինստիտուտում։ Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ եմ։ 1988-ի փետրվարի 19-ն էր։ Ընկերուհուս հետ անցնում էինք Օպերայի մոտով, ձայներ լսեցինք։ Գնացինք տեսնելու, թե այդ ինչ ձայներ են։ Ու այդ օրվանից դարձա շարժման մասնակիցն ու ակտիվ անդամը։ Այն ժամանակ Ղարաբաղի մասին շատ բան չգիտեինք, բայց գիտեինք, որ մեր հողն է, որը, սակայն, կցված է Ադրբեջանին։ Ու շարժման հիմքում ընկած գաղափարը մեր մտածելակերպն էր, մեր էությունը, բոլորս էինք նույն բանն ուզում։

Սկզբում միտինգների էինք մասնակցում, հետո ստորագրահավաք սկսեցինք, այնուհետև ձևավորվեց Սահմանադրական խմբերի միությունը, որին նաև ես միացա։ Թատերական հրապարակը դարձել էր իմ երկրորդ աշխատավայրը։ Մենք հսկայածավալ աշխատանք էինք իրականացնում։ Երևի հիմա անգամ պետական համակարգը նման գործող ու լայնածավալ ցանց չունի, ինչպիսին մերն էր։ Ղարաբաղ կոմիտեն որոշումը կայացնում էր, հաջորդ օրվանից մենք ողջ թիմով լծվում էինք որոշման իրականացմանը։

Ու ես, և ոչ միայն ես, հավատում էի, որ մեր հարցը հնարավոր է լուծել առանց ուժի կիրառման, օրենքի ու իրավունքի ուժով։

Անկախության պահանջը

Այդ պահանջը միանգամից չեղավ։ Եթե հանկարծ մտնեին հրապարակ ու ասեին, որ անկախություն ենք ուզում՝ այդ պահանջը խորթ կլիներ։ Սակայն այդպես չեղավ, քանի որ այդ պահանջը հասունացել էր։ Երբ տեսանք Խորհրդային Միության վերաբերմունքը մեր ժողովրդի հանդեպ Սումգայիթից հետո, երբ հասկացանք, որ բոլոր ժողովուրդների նկատմամբ միանշանակ վերաբերմունք չեն ցուցաբերում, անկախությունն այլևս օդ ու ջրի պես անհրաժեշտություն էր և արդարացված պահանջ։

Սահմանադրական խմբերի գործունեությունը

Ես Մյասնիկյանի շրջանի սահմանադրական խմբում էի։ Մենք աշխատում էինք այդ շրջանի, ինչպես նաև մի քանի այլ հեռավոր շրջանների պատգամավորների (այն ժամանակ դեպուտատ էինք ասում) հետ։ Պարբերաբար նրանց տներ էինք այցելում, ներկայացնում շարժումն ու մեր պահանջը, Ղարաբաղ կոմիտեի պատվիրաններն ու կայացրած որոշումները, հորդորում էինք, որ միանան մեզ ու Գերագույն խորհրդում ժողովրդի շահերից բխող որոշումներ կայացնեն։

Այնքան էինք տներ գնացել, որ մեզ արդեն ճանաչում էին։

Ամեն մեկս մի սահմանադրություն և ընտրական օրենսգիրք ունեինք մեր գրպաններում: Եթե մեկնումեկն ինչ-որ հարցում ասեր՝ իրավունք չունեք, անմիջապես օրենքը դեմ էինք տալիս: Ոստիկանների հետ էլ օրենքով էինք խոսում: Միայն և միայն օրենքով էինք առաջնորդվում:

Հետաքրքիրն այն է, որ ամեն մեկը պատրաստակամ իր գործն էր անում՝ առանց հրահանգների։ Եթե պետք է որևէ հեռավոր շրջան գնայինք՝ վարորդը կամավոր միանում էր մեզ, խմբին էին միանում նաև դասախոսներ, մտավորականներ, որ օգնեին պատգամավորներին համոզելու գործում։ Այդպես մի անգամ 4 հոգով երկու մեքենա պատգամավորի բերեցինք Երևան։

Սահմանադրական խմբերի անդամներով մինչև հիմա ընկերներ ենք, կապը պահում ենք։

Հետո, երբ Գերագույն խորհրդի ընտրությունները պետք է տեղի ունենային, մենք, այսպես ասած, տարբեր թեկնածուների քարոզարշավով էինք զբաղված։ Թեկնածուներին քաղաքացիներին ներկայացնելուց բացի, նաև հորդորում էինք, որ անպայման գնան ընտրության և քվեարկեն։ Այն ժամանակ քվորում ապահովելու խնդիր կար, շատ բարձր նշաձող էր դրված։

Աբովյանում, օրինակ, ընտրությունների նախորդ օրը հասկացանք, որ քվորում չենք ապահովելու։ Սարսափելի եղանակ էր, ճանապարհներին մերկասառույց էր, մենք էլ թեթև էինք հագնված։ Խմբով, իրար թև մտած, գիշերը տնետուն անցանք ու մարդկանց խնդրեցինք, որ անպայման գնան ընտրություններին։ Արդյունքում Աշոտ Մանուչարյանը մտավ Գերագույն խորհուրդ։

Այն ժամանակ վստահված անձ չկար, ուստի աշխատում էինք, որ հանձնաժողովներում էլ ընդգրկվենք կամ գոնե այնտեղ ծանոթ մարդիկ ունենանք։

Ծանրաբեռնված աշխատել ենք, արդյունքում իշխանությունը վերցրեցին, բայց մոռացան դրան նպաստած խմբերին:

Ինչ էինք ուզում և ինչ ունենք

Շարժումը, իմ կարծիքով, գերազանց էր։ Բայց մենք այլ արդյունքի մասին էինք երազում, մեր նպատակը սա չէր։

Չեմ ասում, որ Թումանյանի «Ոսկի քաղաքի» երկիրն էինք երազում, գիտեինք, որ դժվարություններ կլինեն, բայց որ գործարանը պանրի գնով կվաճառեն, որ վաուչերները կվաճառեն ժողովրդին, հետո հացի փողի գնով կհավաքեն, որ կգան ու կսկսեն կաշառք վերցնել, պատերազմի ժամանակ էլ իրենց համար կկուտակեն, իսկ ժողովրդին կթողնեն խավարի ու սովի մեջ՝ երբեք նման բան չէինք սպասի: Մտածում էինք որ դժվարություններ կլինեն մյուս հանրապետություններից կախվածության պատճառով: Մենք արտաքին դժվարություններ էինք սպասում, բայց ոչ ներքին այլանդակություններ:

Երբ մեր պատգամավորներն ընտրվեցին բարձր տոկոսով, Վանոն անձամբ եկավ, ձեռք սեղմեց, ասաց. «Աղջիկներ, շնորհակալություն, դուք ձեր գործն արեցիք, հիմա հերթը մերն է»: Եվ տեսանք, թե ինչ եղավ. պատվիրված սպանություններ, իրար ոտքի տակ փորել, արած-չարածը ոչնչացնել:

Հիմա հաղթանակների մասին խոսում են առանց հեղինակների: Ամեն նախագահ, որը գալիս է, կենտրոնական դեմքն ինքն է. ի՞նչ սահմանադրական խումբ, ի՞նչ ժողովուրդ, միայն իրենք հաղթեցին:

Ինչո՞ւ ժողովուրդը պահանջատեր չեղավ

Երբ կայացավ Գերագույն խորհրդի առաջին նիստը, Վանոն հարթակից հայտարարեց` ժողովուրդ ջան, դե հիմա հանգիստ գնացեք ձեր տները, որովհետև ձեր ուզած իշխանությունն ընտրվել է, հիմա մենք մեր գործը կանենք, դուք գնացեք հանգստացեք: Ժողովրդին աստիճանաբար իր պայքարից կտրեցին:

Ի՞նչը կփոխեր

Եթե անցյալը փոխելու հնարավորություն լիներ՝ երևի այդքան շատ չէինք հավատա ամենքին: Այն ժամանակ էլ որոշ բաներ կային, տեսնում էինք, որ մեր ուզածն ու մտածածը չէ, բայց մեզ համար նրանք ընտրյալներ էին, նրանց ասածը մեզ համար օրենք էր: Մտածում էինք, որ նրանք մեզնից լավ գիտեն, թե ինչ է պետք:

Մենք այդ ժամանակ ֆանատներ էինք: Տուն, աշխատանք, անձնական, ամեն ինչ մոռացած նվիրվել էինք այդ շարժմանը:

Մեր ամենամեծ սխալը մեր կույր հավատն էր Ղարաբաղ կոմիտեի նկատմամբ: Երբ մեզ տուն ուղարկեցին՝ պիտի չգնայինք։ Չնայած մեր Մյասնիկյանի սահմանադրական խումբը համեմատաբար շուտ հասկացավ, թե ինչ է կատարվում, ու ՀՀՇ-ից շուտ դուրս եկավ: Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ Լևոնը չէր ընտրվել: Լենինյան (Շենգավիթ) շրջանում էր ինքն առաջադրվել, բայց քվորում չէր ապահովվել։ Որպեսզի քվորումն ապահովվի, ցուցակները սկսեցին մաքրել` դուրս թողնելով չմասնակցած մարդկանց: Առաջինն այդ պրոցեսը Լենինյան շրջանից է սկսվել, առաջին խախտումը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի համար: Չգիտեմ, ինքը տեղյակ էր, թե ոչ, բայց իրենից սկսվեց, հետո արդեն մյուս տարածքներն էլ սկսեցին ցուցակները մաքրել:

Տպավորված դրվագներ

Գրիգոր Ավագյանի ընտրություններն էին։ Աշխատում էինք օրենքի տառին հետևել, սկզբունքն ամեն ինչից վեր էր։ Գոհար Գասպարյանն առանց անձնագրի էր եկել ընտրության։ Բոլորս նրան ճանաչում էինք ու հարգում։ Բայց առանց անձնագրի ընտրության չթողեցինք։ Գնաց և հետո անձնագրով վերադարձավ։ Հիմա մի քիչ վատ եմ զգում, որ այդպես եմ վարվել նման մեծության հետ։

Այդ տարիներից մեկ այլ դրվագ էլ եմ լավ հիշում։ Երբ ռուսական զորքը մտել էր Երևան, մենք գիշերները թաքուն իրենց զրահատեխնիկայի վրա թռուցիկներ էինք կպցնում։ Մի անգամ քիչ էր մնում բռնվեինք։ Թռուցիկներով լի պայուսակներով Պապլավոկում նստած էինք, երբ ռուս զինվորները ներս մտան։ Մենք շփոթվեցինք, քիչ էր մնում մեզ մատնեինք, բայց հարևան սեղանից մի խումբ տղաներ կռահեցին իրավիճակը և շեղեցին ուշադրությունը։ Արդյունքում թռուցիկների մասին զինվորները չիմացան։

Չեմ կարողանում մոռանալ նաև այն տեսարանը, երբ Օպերայի հրապարակը ծեծված ու ջարդված մարդկանցով էր լցված, երբ ռուսական զորքերը Երևան էին մտել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: