Հայերեն   English   Русский  

​Ինչպես երիտասարդներին բերել և պահել գիտությունում. երիտասարդ գիտնականի բանաձևը


  
դիտումներ: 5648

«Լավ գիտնականը, այո, իր ֆինանսավորման խնդիրները կարող է լուծել, բայց այդ ճանապարհը բարդ է, որոշ ոլորտներում էլ պետության աջակցությունն անհրաժեշտություն է։ Իմ կարծիքով՝ գիտության զարգացումը պետք է լինի ոչ թե անհատների պատասխանատվությունը, այլ համակարգային մոտեցում է հարկավոր, հատկապես՝ հիմնարար հետազոտություններում»,- ասում է ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման տեխնոլոգիաների բաժնի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ Վահագն Մուրադյանը՝ մեկնաբանելով գիտության ֆինանսավորման նվազեցման հանգամանքը և օրերս ԿԳ նախարարի արած հայտարարությունը, թե լավ գիտնականն ինքն իր ֆինանսավորման հիմնախնդիրները կարող է լուծել։

«Հիմնարար գիտության զարգացման համար պետության աջակցությունն անհրաժեշտություն է։ Փորձը ցույց է տալիս, որ մասնավորին հետաքրքրում է կիրառական արդյունքը, բայց որևէ կիրառական մշակման համար մի քանի տարվա ֆունդամենտալ հետազոտություն է հարկավոր։ Հենց այստեղ է, որ պետության դերը մեծ պետք է լինի»,- ասում Մուրադյանը։ Նրա կարծիքով՝ ընթացիկ տարում գիտության ֆինանսավորման կրճատումը և կիրառական բնույթի ծրագրերին առավելություն տալու հայտարարությունները մտավախություն են առաջացնում, որ հիմնարար հետազոտությունների իրականացումը կդրվի անհատների ուսերին, և մասնագետները ստիպված կլինեն իրենց նախաձեռնությամբ ու ռեսուրսներով կիրառական արդյունքին նախորդող հիմնարար հետազոտություններն իրականացնել։

«Բնականաբար կիրառականն ու ֆունդամենտալն իրար հետ կապված են. առանց ֆունդամենտալ հետազոտությունների դժվար է կիրառական արդյունք ստանալ»,- ասում է Մուրադյանը՝ հավելելով, որ ներկայումս, սակայն, կան ստացված արդյունքներ, որոնք պատրաստ են կիրառման։

Վահագն Մուրադյանի կարծիքով՝ գիտությանը հատկացվող ֆինանսավորման կրճատման բացասական հետևանքները կարելի է նաև նվազագույնի հասցնել՝ առկա գումարների ճիշտ բաշխման պարագայում։

«Իհարկե, ֆինանսավորման կրճատման պայմաններում չենք կարող խոսել գիտության զարգացման մասին, սակայն ֆինանսավորման ծավալից ավելի կարևոր է միջոցների արդյունավետ բաշխումը։ Պետք է կարողանանք սահմանել առաջնահերթություններ, գերակա ուղղություններ, հասկանանք, թե երկրի զարգացման ռազմավարությունից ելնելով՝ որ ոլորտներն են առաջնային, որում ինչ պոտենցիալ ունենք և ըստ այդմ գումարներ բաշխենք»,- ասում է նա։

Հարցին, թե սուղ ֆինանսավորման պայմաններում ինչպես կարելի է երիտասարդներին գրավել դեպի գիտություն և հետագայում պահել գիտությունում, Մուրադյանը պատասխանում է, որ կարևոր է նրանց համար ապահովել մոտիվացիա, հեռանկար և խրախուսման հնարավորություն։

Հիշում է, որ աշխարհագրությունը որպես մասնագիտություն հանգամանքների բերումով է ընտրել. սիրում էր մաթեմատիկան, բայց ոչ ֆիզիկան, ուստի բուհական ընդունելության քննությունների ժամանակ նախընտրում է մաթեմատիկայի հետ համատեղել աշխարհագրությունը։

Ասում է՝ թեև ընտրությունը պատահական էր, սակայն երբևէ չի զղջացել դրա համար, ավելին, եթե կրկին ընտրելու հնարավորություն ունենար՝ նորից նույն ուղին կընտրեր։ Ուսանողական տարիներին հետաքրքրվում է նոր զարգացող ճյուղով՝ գեոինֆորմատիկայով, որով և զբաղվում է մինչ օրս։

«Ինձ համար գիտության գրավչությունը նորի բացահայտումն է»,- ասում է նա՝ հավելելով, որ Հայաստանում սկզբնական շրջանում գիտաշխատողը բազում դժվարությունների է դեմ առնում, սակայն մոտիվացիայի առկայության դեպքում ամեն դժվարություն հաղթահարելի է։

Պատմում է, որ ասպիրանտուրա ընդունվելիս հետագա դժվարությունների, ֆինանսական ապահովվածության մասին չէր մտածում, առաջնորդվում էր իր հետաքրքրություններով։

«Ամբողջ երեք տարի տարված էի իմ գիտական թեզով։ Ասպիրանտուրան ավարտելուց և պաշտպանելուց հետո, երբ այլ կյանք ես մտնում, առաջանում է նաև այդ ֆինանսականի խնդիրը։ Բայց իմ օրինակը ցույց տվեց, որ եթե նպատակասլաց ես գիտության մեջ, եթե քո առջև դնում ես նպատակ ու խնդիրները հաղթահարելով հասնում ես այդ նպատակին՝ հետ նայելիս տեսնում ես, որ անցել ես երկար ու բարդ ճանապարհ, բայց վերջնարդյունքը բավարարող է»,- ասում է նա։

Նշում է, որ իր ուսանողներին էլ պարբերաբար ասում է՝ եթե լավ տիրապետեն մասնագիտությանը և տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինչպես նաև իմանան անգլերեն, ապա աշխատանք գտնելու հետ կապված խնդիր չեն ունենա։

Ասում է, որ գիտաշխատողներին խրախուսող կարևոր գործոն են նաև արդյունավետ գիտաշխատողների մրցույթները. «Ինքս երկու անգամ արդյունավետ երիտասարդ գիտաշխատողների ցանկում եմ ընդգրկվել։ Գուցե գումարը մեծ չէ, բայց մոտիվացնող է»։

Մուրադյանը նշում է՝ անկասկած, իր ապագան տեսնում է և՛ Հայաստանում, և՛ գիտությունում։ Նաև մեծ ոգևորությամբ է արտասահմանյան գործուղումներից ստացած նոր գիտելիքները փոխանցում իր ուսանողներին: Նրանց թվում էլ կան մարդիկ, որոնք ցանկանում են կայանալ ոլորտում և առաջ գնալ։ Վստահ է՝ պատկերը լավատեսության հիմք է տալիս Հայաստանում գիտության ապագայի առումով։

Անդրադառնալով իրենց կենտրոնի գործունեությանը՝ Մուրադյանը նշում է, որ փորձում են ժամանակակից տեխնոլոգիաները ներդնել աշխարհագրական, լանդշաֆտագիտական և էկոլոգիական հետազոտություններում։ Միջազգային համագործակցության շնորհիվ ունեն բավարար տեխնիկական ապահովվածություն մրցունակ հետազոտություններ և արդյունք ցույց տալու համար։

«Սա նոր, ժամանակակից ուղղություն է, և այսօր մեր կողմից կատարված հետազոտություններն ու արդյունքները կարող են ներդրվել գյուղատնտեսության, քաղաքների, ջրային ռեսուրսների խելացի կառավարման, մի շարք վարակիչ հիվանդությունների կանխարգելման ոլորտներում, որովհետև մեր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս օպերատիվ արձանագրելու, հետազոտելու, գնահատելու, կանխատեսելու և կառավարելու բոլոր անկառավարելի երևույթները»,- ասում է նա։

Որպես օրինակ նշում է, որ ուսումնասիրություններ են իրականացնում՝ հասկանալու, թե կլիմայի փոփոխությունը վերջին տարիներին ինչպես է ազդել լեռնային էկոհամակարգերի վրա, ինչպես են դրանք փոփոխվում տարածության և ժամանակի մեջ։ Նա նշում է, որ արդեն իսկ բավականին հետաքրքիր արդյունքներ են ստացել, որոնք կարող են օգտագործվել մեր երկրում գյուղատնտեսության մեջ, սակայն դեռևս այդ ուղղությամբ քայլեր չկան։

«Կուզենայի՝ այն նախագծերը, որ իրականացնում ենք, հմտությունները, որ ստանում ենք միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքի ժամանակ, ի վերջո ծառայեն մեր երկրին։ Ապագայում կուզենայի տեսնել, որ գիտնականն իր աշխատանքից բավարարված է և զգում է, որ երկրի զարգացման համար իր փոքր ներդրումն է ունեցել»,- ասում է Մուրադյանը։

Նա նշում է, որ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, գիտահետազոտական գործունեությունից բացի, նաև առևտրայնացման ուղղությամբ է քայլեր ձեռնարկում. զանազան ծառայություններ են մատուցում տեղական շուկայում, ձգտում են նաև միջազգային ասպարեզ դուրս գալ։

Միաժամանակ նա կարծում է, որ առևտրայնացման հարցով գիտնականը չէ, որ պետք է զբաղվի։ «Գիտնականն իր ժամանակը ծախսում է գիտական հետազոտությունների վրա։ Երբ հարցը հասնում է առևտրայնացմանը, դա և՛ ժամանակատար, և՛ ռեսուրսատար է, որը ինստիտուտի ու գիտաշխատողի հնարավորությունների սահմաններում չէ։ Հիմա կարծիք կա, որ ժամանակակից գիտնականը պետք է լինի ոչ միայն գիտնական, այլև բիզնես մտածողություն ունենա։ Սակայն մեր ներկայիս ռեսուրսների պայմաններում դրա իրագործելիությունը բարդ է»,- ասում է նա՝ հավելելով, որ ցանկալի ու ավելի արդյունավետ կլինի, որ առևտրայնացման հարցերով հատուկ մասնագիտացած կառույց զբաղվի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: