Հայերեն   English   Русский  

​ՄՈՆՂՈԼՆԵՐ


  
դիտումներ: 3626

1206 թ. մոնղոլական Ղուրուլթայը (ցեղապետների ժողովը) ցեղապետ Տիմուչինին ընտրեց համամոնղոլական խաքան: Տիմուչինը ստացավ Չինգիս խան անունը, որ նշանակում է Աշխարհի տիրակալ: Հիմք էր դրվում աշխարհի ամենամեծ կայսրություններից մեկին:

Իր հզորության շրջանում մոնղոլական կայսրությունն ընդգրկում էր շուրջ 25 մլն քկմ՝ Բալթիկ ծովից մինչև Հնդկաչին և Դանուբ գետից մինչև Ճապոնական ծով:

Տիմուչինը մոնղոլ ցեղապետ էր, որ զենքի ուժով իրեն ենթարկեց մոնղոլական բազում ցրված, անմիաբան ցեղերին և միավորելով նրանց՝ ստեղծեց ամրակուռ պետություն:

Չինգիս խանը վարչական բարեփոխումներ արեց իր երկրում: Նա նախ աշխարհագիր անցկացրեց, ապա ստեղծեց վարչական նոր միավորներ՝ ուլուսներ՝ փոխարքայություններ, վիլայեթներ՝ նահանգներ, և թումաններ: Ուլուսները հինգն էին: Հայաստանը մտնում էր հինգերորդ ուլուսի մեջ, որի կազմում էին նաև Իրանը, Իրաքը, Փոքր Ասիան, Վրաստանը, Աղվանքը: Ամեն թուման պետք է բանակին տրամադրեր 10 հազար զինվոր և հոգար նրանց ծախսը՝ սպառազինություն, սնունդ, ձի…

Կարճ ժամանակ անց մոնղոլներն ընդարձակեցին իրենց տերությունը՝ հասնելով մինչև Եվրոպայի խորքերը:

Մոնղոլական հսկայական տերության գլուխ կանգնած էր անսահմանափակ իշխանությամբ օժտված Մեծ խանը, որի մայրաքաղաքը Կարակորումն էր: Հետագայում մոնղոլական տերության մայրաքաղաքը դարձավ Պեկինը:

Մոնղոլական բանակներն առաջին անգամ Հայաստան մտան 1220 թ.: Դա 20- հազարանոց հետախուզական զորք էր, որ Հայաստանի վրա արշավեց հարավից Սուբադայ Բահատուրի և Զեբե Նոյինի գլխավորությամբ:

Թվում էր՝ Հայաստանը հզորության գագաթնակետին է: Հայոց և վրաց երկրների փաստացի տիրակալն էր Իվանե Զաքարյանը: 1190 թ. սկսած՝ Զաքարե և Իվանե Զաքարյանները շուրջ 20 տարի տևած պատերազմներում ջախջախել էին սելջուկյան ուժերն ու զորեղ պետություն կերտել: Հայ-վրացական միացյալ տերությունը կարծես անսասան էր: Սակայն 1212 թ. մահանում է Զաքարե Զաքարյանը, մեկ տարի անց՝ վրաց Թամար թագուհին: Այս հսկա երկրի կառավարման թելերն անցան Զաքարեի եղբոր՝ Իվանեի ձեռքը: Ցավոք, նա անկարող եղավ պահել հայոց երկրի զորությունը:

Երկիրն իրականում պառակտված էր հայ և վրաց եկեղեցիների անթաքույց թշնամանքի հետևանքով: Գործը հասնում էր անգամ բանադրանքների, հայերի և վրացիների միջև անհանդուրժողականության, բացահայտ առճակատման կրոնական հողի վրա: Արտաքուստ զորեղ երկիրը ներսից այնպես էր քայքայված կրոնական անհանդուրժողկանության պատճառով, որ անկարող եղավ դիմակայել անգամ մոնղոլական աննշան հետախուզական արշավանքին:

20 հազար զինվորներով մոնղոլական զորքը երեք անգամ ճակատամարտ տվեց հայ-վրացական ուժերին և երեք անգամ էլ ջախջախեց՝ հատկապես Խունանի ճակատամարտում սարսափելի կոտորած սարքելով հայոց բանակի շարքերում: Ապա երկիրը կտրելով հարավից հյուսիս՝ անցավ Կովկասյան լեռները և Կալկա գետի մոտ էլ ջախջախելով ռուսների և ղփչաղների 80-հազարանոց բանակը՝ հեռացավ արևելք՝ անհրաժեշտ տեղեկություններ տանելով Հայաստանի ու Վրաստանի մասին:

Ի դեպ, Հայաստանն ու Վրաստանը միասին շուրջ 160-հազարանոց զորք կարող էին հանել մարտադաշտ: Սակայն ո՛չ զորքի մեծաքանակությունը, ո՛չ էլ՝ ճակատամարտում միացյալ բանակի հրամանատար Վահրամ Գագեցու անձնական քաջությունը չօգնեցին:

Մոնղոլները Հայաստանի նվաճումը ձեռնարկեցին 1236 թ.: Մինչ այդ Հայաստան էր արշավել մոնղոլներից հալածված Խորեզմի շահ Ջալալ Էդ-Դինը: Նրա դեմ 1225 թ. Գառնիում վճռական ճակատամարտ տվեց Իվանե Զաքարյանը: Ինչպես պատմիչներն են հաղորդում, մարտի հենց սկզբից հայ իշխաններից շատերը Իվանեի հետ կրոնական անհամաձայնության պատճառով (Իվանեն քաղկեդոնականություն էր ընդունել) լքեցին մարտադաշտը: Ջալալ էդ-Դինը վճռական հաղթանակ տարավ, գրավեց Հայաստանն ու Վրաստանը:

Սակայն շատ չանցած՝ Խորեզմի շահը սպանվեց Կիլիկիայի հայոց թագավորության և Իկոնիայի սուլթանության զորքերի դեմ մղված ճակատամարտում: Իսկ Հայաստանն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ ու միասնական ճակատ կազմել մոնղոլների դեմ:

Չարմաղանի գլխավորությամբ Հայաստան արշավող մոնղոլական զորքն ավելին չէր 30 հազարից: Սակայն հայերը ոչ միայն չպայքարեցին, այլև որոշ հայ իշխաններ, ծառայության անցնելով մոնղոլների մոտ, փորձում էին, նրանց սիրաշահելով, իրենց համար ապավեն ստեղծել ու լուծել միջանձնային խնդիրներ: Ավագ Զաքարյանը՝ Հայաստանի և Վրաստանի փաստացի տիրակալը, առաջինը հպատակություն հայտնեց մոնղոլներին: Իսկ երբ նրա հորեղբորորդին՝ Զաքարեի որդի Շահնշահ Զաքարյանը, որոշեց դիմադրություն ցույց տալ, Անին, ապա Լոռիբերդը պաշարած մոնղոլական բանակի մի զգալի հատվածը հայկական գնդերն էին…

Հայը, մոնղոլին ծառայելով, փորձում էր նվաճել մեկ այլ հայի…

Հետագայում նույն քաղաքականությունը որդեգրեցին Օրբելյանները՝ Հայաստանում թուլացող Զաքարյանների գերակայությունից ազատվելու համար: Հայերը միմյանց միջև մրցակցելու մոլուցքով ծառայում էին մոնղոլներին:

1236 թ. մոնղոլները գրավեցին գրեթե ողջ Հայաստանը: Նրանք սկսեցին հարստահարել Հայաստանն ու հայությանը: Հայ իշխանները, չկռվելով հանուն հայրենիքի, իրենց զորքերով լծված մոնղոլական ռազմակառքին, Պաղեստինում կռիվ էին տալիս հանուն օտարի:

Միայն 1249 թ., ապա և 1259 թ. հայ և վրաց իշխանները թույլ ու անկազմակերպ ելույթներ ձեռնարկեցին (ավելի շատ ցույց էր, քան ռազմական գործողություն) անկախությունը վերականգնելու համար, բայց դրանք ճնշվեցին:

Մոնղոլներն այլ քաղաքականություն որդեգրեցին Կիլիկիայի հայկական թագավորության նկատմամբ: Կիլիկիայում դեռևս ուժեղ, կազմակերպված հայոց թագավորություն կար: Մոնղոլները հասկացան, որ մեծ դժվարությունների կհանդիպեն Կիլիկիան նվաճելիս, բացի այդ, նրանց դաշնակից էր պետք գլխավոր ոսոխի՝ Եգիպտոսի սուլթանության դեմ պատերազմելու համար: 1254 թ. Ղարաղորումում կնքվեց հայ-մոնղոլական պայմանագիր Մանգու խանի և Հեթում Ա արքայի միջև: Այս պայմանագրով հայոց թագավորությունն ու մոնղոլական կայսրությունը դաշնակիցներ էին դառնում:

  • Մոնղոլներն ընդունում էին Կիլիկյան Հայաստանի անկախությունը. առանց հայոց արքունիքի համաձայնության ոչ մի մոնղոլ իրավունք չուներ մուտք գործել Կիլիկիա:
  • Հայերը պարտավորվում էին Մերձավոր Արևելքում մոնղոլների վարած պատերազմներում օժանդակ զորաբանակներ տրամադրել նրանց: Մոնղոլներն իրենց հերթին պարտավորվում էին անհրաժեշտության դեպքում ռազմական օժանդակություն ցուցաբերել հայերին:
  • Մոնղոլների կողմից Կիլիկիայի հարևաններից խլված այն տարածքները, որոնք հարևան այդ պետությունները զավթել էին Կիլիկիայից, վերադարձվում էին հայերին:
  • Մոնղոլները պարտավորվում էին բուն Հայաստանում պակասեցնել հարկերը:
  • Կիլիկիայի հայ առևտրականները իրավունք էին ստանում առանց մաքսի ազատ առևտուր անելու մոնղոլական հսկայածավալ տերությունում:

Մոնղոլների և Կիլիկիայի հայոց թագավորության միջև հարաբերությունները արդյունավետ էին հայոց համար: Մոնղոլները բազմիցս պաշտպանեցին հայոց թագավորությունը Եգիպտոսի սուլթանության ոտնձգություններից: Իսկ հայոց արքաներն էլ օգնական զինուժ էին տրամադրում մոնղոլների ձեռնարկումներին: Այս պայմանագրից շատ ավելի շահող էր հայկական կողմը, որ ոչ միայն պետական անվտանգության և ապահովության երաշխիքներ էր ստանում, այլև՝ հսկայական եկամուտներ: Մոնղոլական տերության կազմում միայն հայերն էին արտոնյալ պայմաններով առևտուր անում:

Սակայն XIII դարի վերջին և XIV դարի սկզբին հայ-մոնղոլական հարաբերությունները վատացան: Դրանում էական դեր ունեցավ նաև մոնղոլների կրոնական կողմնորոշումը: Խարբանդա խանը պաշտոնապես իսլամ ընդունեց: Ժամանակի հայ պատմագրությունը, բնականաբար, սև գույներով է ներկայացնում մոնղոլների կողմնորոշումը: Իսկ հայոց տիրակալներն իրենց հայացքն ուղղեցին դեպի Վատիկան: Ավելին, սկսեցին հարկ վճարել Եգիպտոսին, ինչը, բնականաբար, մոնղոլների սրտով չէր:

Եվ 1307 թ. նոյեմբերի 18-ին մոնղոլների Փիլարղու զորավարը, որոշելով պատժել հայոց թագավորությանն իր արևմտամետ քաղաքականության համար, իր մոտ է հրավիրում հայոց ողջ ազնվականությանը՝ թագավորահայր, գահազուրկ Հեթում Բ արքայի ու Օշին սպարապետի գլխավորությամբ, և սրակոտոր անում 40 հայ իշխանների:

Օլջեյթու խանի մոտ բողոքով գնաց Հեթում Բ-ի եղբայր Ալիխանը: Սակայն հայ-մոնղոլական հարաբերություններն արդեն անհնար էր ջերմացնել:

Իսկ մոնղոլական կայսրությունը շուտով քայքայվեց: Նրան փոխարինելու էր գալիս Լենկ-Թեմուրի արյունոտ դարաշրջանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: