Հայերեն   English   Русский  

​Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` գրքի յուրահատուկ տոն


  
դիտումներ: 6356

Արդեն ուղիղ 10 տարի հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, մեր երկրում նշվում է որպես Գիրք նվիրելու օր` տարեցտարի դառնալով ավելի տարածված և ընդունված:

Օրվա խորհրդի, գրքի դերի, ժամանակակից ընթերցողի բնութագրի և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Բուկինիստ» գրախանութների ցանցի հիմնադիր տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:

- Ե՞րբ է ծնվում սերը գրքի նկատմամբ: Ինչպե՞ս կարելի է ընթերցասեր սերունդ դաստիարակել:

- Սերը ծնվում է ընտանիքում շատ փոքր տարիքից: Բազում օրինակներ կարող եմ պատմել` ինչպես են գալիս երիտասարդ մայրիկներ, անգամ սայլակներով, նախապես որևէ գունավոր գիրք են գնում` երեխային զբաղեցնելու համար, այնուհետև` փնտրում իրենց անհրաժեշտ գրականությունը: Բնականաբար, ընթերցող ծնողը նաև տանը կկարդա երեխայի համար`հիմք դնելով գրքի հանդեպ սիրուն և ցույց տալով գիտելիքի ձեռքբերման ամենակարևոր ճանապարհը, ինչը կօգնի այդ փոքրիկին դառնալու առավել ինքնուրույն և բանիմաց: Ի վերջո, գիրքը միայն գեղարվեստական ընթերցանության համար չէ, այն ծառայում է գիտելիքի ձեռքբերման բոլոր բնագավառներին:

Աշխատանքի բերումով աստիճանաբար համոզվում եմ` հրաշալի սերունդ է մեծանում: Գուցե պայմաններն են ավելի լավացել, չգիտեմ, բայց հետաքրքրությունը դեպի գիրքն ու գիտելիքը նկատելի է: Մեծահասակները պետք է հիշեն` դաստիարակության լավագույն ձևն անձնական օրինակն է: Անհրաժեշտ է ազնիվ ու արդար ապրել և հաջորդ սերնդին էլ ճշմարիտ արժեքներ ներարկել, որովհետև ճիշտ արժեքներ դավանող մարդն անպայման գրքի կարիք կունենա: Դրա համար մենք (նկատի ունեմ գրքի հետ առնչվողներիս` հրատարակիչներիս, գրավաճառներիս, գրողներիս և այլոց) ընթերցանության զարգացման, մեր երիտասարդ սերնդի դաստիարակման համար պետք է ինքներս մեզ քննադատաբար վերաբերվենք` անելով լավագույնը:

- Պարոն Վարդանյան, արդյոք Գիրք նվիրելու օրն այս տարիների ընթացքում ինչ-որ կերպ նպաստե՞լ է ընթերցանության աճին:

- Համոզված եմ` ոչ միայն այդ օրը, այլև ցանկացած փոքր անդրադարձ ընթերցանությանը, գրքին, թեկուզ Ձեր այս հարցազրույցը շատ կարևոր է: Սարից գլորվող ձնագնդու պես տարեցտարի զարգանում է փետրվարի 19-ին միմյանց գիրք նվիրելու մշակույթը` սկսած դպրոցականներից: Մենք շատ լուրջ հետևում ենք այդ փոփոխություններին, ավելին` ամեն տարի իրականացնում ենք հատուկ ծրագրեր: Եվ պետք է ասեմ, որ հատկապես Գիրք նվիրելու օրվան նախորդող երկու օրերին ունենում ենք մեծ վաճառք: Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը դարձել է գրքի յուրահատուկ տոն: Իհարկե, անելիքներ շատ կան, որպեսզի հասնենք խորհրդային վերջին տարիների ընթերցանության մակարդակին, երբ 50 հազար տպաքանակով գիրքը սպառում էինք երկու-երեք ամսում: Ճիշտ է, դրա մեջ էլ ձևականություն կար, բայց փոքր տոկոս էր կազմում: Ոչ բարձրագույն կրթությամբ մարդիկ հենց գիրք գնելով ու ընթերցելով դարձան կիրթ ու զարգացած:

- Պիտի նկատենք, սակայն, որ այսօր գիրք գնելուն կարող է խանգարել նաև ոչ մատչելի գինը:

- Սոցիալ-տնտեսական առումով իսկապես շատ դժվարին ժամանակաշրջան ենք ապրում: Բացի դրանից, ի տարբերություն խորհրդային տարիների, երբ պետությունն իր հաշվին գրեթե սիմվոլիկ գներով էր ժողովրդին վաճառում գրքերը, դրանք հիմա ունեն իրական շուկայական գին` մատչելի ոչ բոլորին: Բայց նաև չեմ ընդունում, որ գրքի թանկ լինելը դարձնում են գիրք չգնելու հիմնական պատճառ: Այնպես է ստացվել, որ այսօր մենք ռեսուրս ենք ծախսում այնպիսի կենսական անհրաժեշտություն ունեցող երևույթների վրա, որ առաջ չէինք անում կամ ուրիշ ավելի զարգացած երկրներում չեն անում: Եվ գրքին ավելի շուտ ոչ թե ֆինանս, այլ էներգիա չի մնում: Սա է խնդիրը: Գիրքն ինտելեկտուալ երևույթ է: Ինտելեկտի զարգացմանը մարդը տուրք է տալիս նորմալ ու հատկապես խաղաղ պայմաններում, իսկ մեր ներկայիս վիճակները շատ վատ են անդրադառնում ինտելեկտուալ կյանքի, նաև գրքի, այսինքն` մարդու մտավոր զարգացման վրա:

- Այս տարի փետրվարի 19-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցն ի՞նչ միջոցառումներ է նախատեսել:

- Այնպես է, որ գնորդին ողջ տարվա ընթացքում պետք է ասելիք ունենաս, ակցիաներ կազմակերպես և այլն, ինչը և մենք անում ենք` մտածելով ծրագիր ողջ տարվա համար: Գիրք նվիրելու օրվա հետ կապված՝ այս տարի ունենք «Հայտնի ընթերցողները` գրքի խորհրդատու» նախագիծը, որի շրջանակներում փետրվարի 16-18-ը «Բուկինիստ» գրախանութի մշտական խորհրդատուներին զուգահեռ գնորդներին գրքեր են խորհուրդ տալու ամենատարբեր ոլորտների հայտնի ու սիրված ներկայացուցիչները, որոնք նաև մեր գրախանութի մշտական հաճախորդներն են, գիրքն իրապես սիրող և ընթերցող մարդիկ (օրինակ` Լալա Մնացականյանը, Արման Նշանյանը, Էրիկ Անթառանյանը, Եգոր Գլումովը և այլք): Մեր ընթերցողները, գալով գրախանութ, կարող են նրանց հետ գրքեր ընտրել և ձեռք բերել դրանք 20 տոկոս զեղչով` փետրվարի 19-ին ձեռքի տակ ունենալով արդեն նվիրելիք գրքերը:

- Անկախ օրվանից՝ «Բուկինիստն» արդեն տարիներ շարունակ մի կարգախոս ունի՝ «Լավագույն նվերը գիրքն է»: Ինչպե՞ս է ծնվել այդ գաղափարը:

- Եկավ մի պահ, երբ որոշեցի ինչ-որ առիթների գնալիս, հատկապես՝ ծննդյան տարեդարձներին, գրքեր նվեր տանել: Բայց քանի որ երբեմն դժվարություններ են առաջանում՝ կապված մարդու նախասիրությունների հետ, իրագործեցինք նվեր քարտի գաղափարը, որով տվյալ մարդն արդեն կարող է գալ մեզ մոտ և գնել իր ցանկացած գիրքը: Այսօր, երբ մեր հաճախորդը նվեր ընտրելիս չի կողմնորոշվում, մենք հարցնում ենք` ի՞նչ գնի սահմաններում է նախատեսել նվերը, և այդ գումարի չափով նվեր քարտ ենք առաջարկում`հեշտացնելով նրա գործը: Ի վերջո, յուրաքանչյուր գիրք նվիրող փոխանցում է իր հոգու մի կտորը մյուսին, նվիրում է երջանկության մի պատառիկ: Ուստի մենք երջանկություն ենք «վաճառում» մարդկանց: Այդտեղից էլ ծնվեց կարգախոսը: Ընդհանրապես մեր սկզբունքներից է ճիշտ լուծել հաճախորդի խնդիրները, եթե անգամ դա ի վնաս մեզ լինի գումարային առումով: Մենք հաճախորդներին ավելորդ գրքեր չենք առաջարկում, այլ լուծում ենք այսօրվա խնդիրը` թույլ չտալով, որ նա անիմաստ գնում կատարի, քանի որ լավ գիտենք` մեր հաճախորդի գումարը հաշված է: Ուստի այնպես ենք անում, որ նա մեր գրախանութից գոհ հեռանա:

- Ելնելով աշխարհի զարգացման այս արագ տեմպերից` կգա՞ ժամանակ, որ էլեկտրոնային գրքերը կգերակշռեն:

- Ես կարող եմ տալ դրա մասնակի պատասխանը: Երբ էլեկտրոնային գիրքը նոր էր հայտնագործվում, բոլորն ասում էին` շուտով այն թղթյա կրիչով գրքերին կուղարկի թանգարան, բայց նման բան չեղավ, թեկուզ անցել է արդեն մի քանի տասնամյակ: Այսինքն` թղթյա կրիչով գիրքն այսօր պահանջարկ ունի: Թե վաղն ինչ կլինի՝ դժվարանում եմ ասել, բայց կարծում եմ` էլի կունենա: Իսկ վերաբերմունքը դրանց հանդեպ շատ հարաբերական է: Իմ սերնդի մարդկանց համար թերթվող թուղթը մի այլ հաճույք է: Բայց նույն ձևով լսել եմ` ինչպես պատանին կամ երիտասարդն ասում է` փորձե՞լ եք թերթել էլեկտրոնային գիրքը, զգալ` ինչ հաճելի է: Նայած` ով ինչին է սովոր: Ավագ սերունդը տեխնիկայի նոր միջոցներին դժվար է տիրապետում, իսկ երիտասարդները, մանավանդ երեխաները՝ շատ արագ: Ամեն դեպքում՝ էլեկտրոնային սարքերը միջոց են, ինչպես թուղթը: Երբ այն չկար՝ ձեռագիր մատյաններ էին օգտագործվում, որ քիչ օրինակներով պահվում էին հատուկ տեղերում և բոլորի համար հասանելի չէին: Տպագրության գյուտից հետո գիրքը դարձավ ավելի զանգվածային երևույթ, իսկ այս տեղեկատվական դարաշրջանում, երբ անգամ չես հասցնում հետևել նոր տեխնոլոգիաների իրար հաջորդող ընթացքին, հասկանում ես` ինչպես թղթյա գիրքը, այնպես էլ էլեկտրոնային սարքերը պարզապես գործիքներ են, որոնց միջոցով տարածվում է տեղեկատվությունը:

- Պարոն Վարդանյան, Ձեր խորհուրդը մեր ընթերցողին Գիրք նվիրելու օրվա առիթով:

- Գրքերը հայ ժողովրդի կյանքում անփոխարինելի են եղել, մեր գրավոր մատյանները դասվել են սրբությունների շարքը: Ճիշտ է, գրքի նկատմամբ մեր հատուկ վերաբերմունքը հետխորհրդային շրջանում մի քիչ փոխվեց, շատ երևույթներ արժեզրկվեցին, բայց վաղուց արդեն ամեն ինչ իր տեղը գցելու ժամանակն է: Ես դժգոհողներից չեմ, բայց և հակառակ ծայրահեղության մեջ էլ չեմ ընկնում, որ մենք ենք ու վերջ: Դրա համար ընթերցողին, որ մեր դեպքում գնորդն է, մաղթում եմ իր գենի գիտակցում և աշխատասիրություն, որ կարողանանք աշխարհին ապացուցել մեր հզորությունն ու կենսունակությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: