Հայերեն   English   Русский  

​Դուդուկահար Աննան ու դհոլահար Անահիտը. կարծրատիպեր կոտրած Մխիթարյան քույրերը


  
դիտումներ: 8015

«Դուդուկն ու դհոլը տղամարդու նվագարան են». ավանդական այս ընկալումն այլևս խարխլված է: Վանաձորցի Մխիթարյան քույրերը՝ Աննան ու Անահիտը, ապացուցել են, որ կինը կարող է ոչ միայն անկրկնելի դուդուկ ու դհոլ նվագել, այլև կանացի շնչով դրանց լրիվ նոր որակ հաղորդել:

Քույրերն այս ամենին հասել են ամենևին ոչ հարթ ճանապարհով: Նրանք ստիպված են եղել հաղթահարել նախ իրենք իրենց, ապա հասարակական կարծրատիպերն ու բազմաթիվ խոչընդոտներ, որոնք այսօր էլ կան, սակայն այլևս հետ չեն պահում նրանց ընտրած ճանապարհից:

Anna & Anahit Mkhitaryans-ի լուսանկարը:Ոչ սովորական երաժշտական նախասիրությունը նախ առաջացել է Աննայի մոտ: Դուդուկի նկատմամբ հակումը փոքր ժամանակ դեռ ենթագիտակցական էր: Երբ որոշում է երաժշտական դպրոց հաճախել, ծնողներն աղջկա համար ընտրում են դաշնամուրը: Բայց պարզվում է՝ դաշնամուրի բաժնում տեղ չկա: Առաջարկում են ընտրել ֆլեյտա, շվի կամ ջութակ: Աննան նախընտրում է շվին:

Դպրոցն ավարտելուց հետո՝ 2005 թ., Աննան ընդունվում է Վանաձորի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի երաժշտության բաժին, իսկ երկրորդ կուրսից տեղափոխվում Երևանի պետական կոնսերվատորիայի շվիի բաժին: Ավարտելով բակալավրիատը՝ ընդունվում է մագիստրատուրայի դուդուկի բաժին: Բայց մինչ այդ, դեռ 2004 թվականից, նա արդեն դուդուկի հետ սերտ առնչություն ուներ. «Երբ առաջին անգամ դուդուկը ձեռքս վերցրի, շատ դժվար էր, իսկական տանջանք, շրթունքներս ցավում էին, թմրածության զգացողություն ունեի, գլխապտույտ, բայց այդ ամենը իմ մեջ էի պահում, որ կողքից չնկատեն»:

Կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ Աննան աշխատանքի է ընդունվում Ապարանի արվեստի դպրոցում, որտեղ շվի և դուդուկ է դասավանդում:

Ի տարբերություն Աննայի՝ Անահիտը չէր երազում դհոլահար դառնալ: Հաճախում էր դաշնամուրի, չնայած չէր սիրում, իսկ ճակատագիրը համառորեն նրան տանում էր դեպի դհոլ: Անահիտը հիշում է՝ երաժշտական դպրոցում սովորելու տարիներին քույրը շվի էր նվագում մի նվագախմբում, և իր համար քրոջը ծաղիկներ նվիրելու պահն ամենասպասվածն էր, քանի որ հնարավորություն էր ունենում գոնե մի քանի վայրկյանով հայտնվել բեմի վրա: Բեմը նրա համար մի անհաս երազանք էր: Մի գեղեցիկ օր էլ խմբի ղեկավարը Անահիտին իր մոտ է կանչում և առաջարկում դառնալ խմբի դհոլահարը. «Դա ինձ համար ոնց որ ամենավերջին վիրավորանքը լիներ, լացս գալիս էր: Ես ընդհանրապես դհոլի հետ կապ չունեի, չէի էլ պատկերացնում, որ կունենամ,- ծիծաղելով հիշում է Անահիտը,- բայց քանի որ դա բեմ բարձրանալու միակ ճանապարհն էր՝ չմերժեցի, չնայած ներկայացումների ժամանակ ուզում էի բեմի վրա թաքնվել, որ ինձ դհոլով չտեսնեն»:

Anna & Anahit Mkhitaryans-ի լուսանկարը:Խումբը շուտով լուծարվում է, և Անահիտը ազատվում է դհոլով բեմ բարձրանալու բարդույթից: Տարիներ անց, երբ քույրերն արդեն Երևանում էին, կրկին ճակատագիրը Անահիտի ծնկներին է դնում դհոլը. «Աննան ուսանողական տարիներին էլի մի խմբում էր նվագում, և խմբին անհրաժեշտ էր դհոլահար: Առաջարկեցին ինձ: Հասկացա, որ այլևս չպետք է հրաժարվեմ ճակատագրական առաջարկից»:Ագրարային համալսարանում սովորելուն զուգահեռ՝ Անահիտն անհատական պարապմունքներով ուսում է ստանում, խորանում այդ գործում:

Այժմ քույրերն աշխատում են Երևանի Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում: Աննան դուդուկ է դասավանդում, Անահիտը՝ դհոլ: Վանաձորից Երևան տեղափոխված Մխիթարյան քույրերի երազանքը, սակայն, դուդուկի ու դհոլի ուսուցիչ դառնալը չէր. նրանք ձգտում էին կատարելության հասնել իրենց մասնագիտության մեջ և ազգային երաժշտությունը ներկայացնել նորովի՝ հասցնելով դա հնարավորինս լայն զանգվածների:

Այդ նպատակով ստեղծում են «Մխիթարյան քույրեր և ընկերներ» խումբը. Աղջիկներին միանում են պրոֆեսիոնալ երաժիշտներ Արեգ Առուստամյանը (դաշնամուր), Գուրգեն Ամիրյանը (բաս կիթառ), Ալեքսանդր Գրիգորյանը և Արթուր Մարտիրոսյանը (հարվածային գործիքներ):

2017-ին տեղի է ունենում խմբի առաջին մենահամերգը Վանաձորում: Քույրերի համար կարևոր էր իրենց աշխատանքի պտուղները կիսել առաջին հերթին համերկրացիների հետ: Համերգը սպասված էր և մեծ հաջողություն է ունենում, որից հետո խումբը նույն ծրագրով ելույթ է ունենում Երևանում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Anna Anahit Mkhitaryanner-ի լուսանկարը:Սակայն քույրերին ճանաչում է բերում «Ջուր կուգեր» ստեղծագործության տեսահոլովակը: Աննան ու Անահիտը ոչ միայն նվագում են, այլև խմբի մյուս անդամների հետ երգում, ինչը ստեղծագործությունը դարձնում է առավել ինքնատիպ ու յուրօրինակ:Արձագանքը բուռն էր. ամեն դեպքում աղջիկները կարծրատիպեր էին կոտրում: Բայց քույրերը համոզված են՝ կին դուդուկահարի և դհոլահարի տաբուն հասարակության մեջ արդեն հաղթահարված է, հիմա արդեն պետք է կայանալ ու զարգանալ, քանի որ իրենց նպատակը ոչ թե սեռով, այլ կատարման որակով և նորարարությամբ տարբերվելն է: «Մենք մեր ծրագրով շատ նորություններ ենք մտցրել, բացառիկ մշակումներ ունենք, որոնք ազգային երգն ու երաժշտությունը նորովի են ներկայացնում»,- նշում է Աննան:

Աննա և Անահիտ Մխիթարյանները նախորդ տարվա ավարտին ամանորյա անակնկալ էին պատրաստել ամերիկահայ ռոք երաժիշտ, աշխարհահռչակ System of A Down խմբի առաջատար Սերժ Թանկյանի համար: Նրանք փոքրիկ տեսանյութ էին պատրաստել, որում կատարում էին Թանկյանի և System of a Down խմբի ստեղծագործություններից մեկը: Թանկյանն արձագանքել էր քույրերի անակնկալին, շնորհավորել նրանց Ամանորը և գրել. «Ուրախ եմ, որ Վանաձորում նման տաղանդներ կան»: Աղջիկներին Թանկյանի գնահատականը շատ էր ոգևորել:

Մխիթարյան քույրերն իրենց հաջողությունները ձեռք են բերել անսպառ աշխատասիրության, նպատակասլացության և ուրիշների կարծիքներից կառչած չլինելու շնորհիվ: «Մեզ մոտ ո՞նց է. մեկը գնաց՝ հազարավորները հետևից գնում են: Պետք չէր, որ ես ու Անահիտն էլ նմանվեինք բոլորին ու գնայինք նույն ճանապարհով: Մենք արեցինք մի բան, որն ուզում էինք անել և որը սիրում էինք: Մենք մեր երամից առանձնացանք և գնացինք մեր առանձին ճանապարհով: Հիմա մեր նպատակն է դառնալ ոչ միայն Հայաստանի մասշտաբով, այլև միջազգային մակարդակով լավ երաժիշտներ»,- ասում է Աննան:

Անահիտն էլ հավելում է. «Առանց խոչընդոտների հետաքրքիր չէր լինի ու չէր լինի այն նպատակն ու համառությունը, որ հիմա կա: Քննադատողները քեզ համոզում են, որ դու ճիշտ ճանապարհին ես»:

Մխիթարյան քույրեր

Այնուամենայնիվ աղջիկների համար դժվար է առանց հովանավորների, առանց պրոդյուսերի ակտիվ գործունեություն ծավալել: Գաղտնիք չէ, որ անգամ ամենաթեթեև ծրագրով համերգը մեծ ռեսուրսներ է պահանջում: Պրոդյուսեր ունենալու դեպքում աղջիկները կձերբազատվեն ֆինանսական, կազմակերպչական ու տեխնիկական հարցերով զբաղվելուց, որը նրանցից մեծ ժամանակ է խլում՝ երբեմն ազդելով ստեղծագործական պրոցեսի վրա:

2000-ականների սկզբին, երբ Աննան մտածում էր Երևան գալու և դուդուկահար դառնալու մասին՝ դա հեռավոր երազանք էր թվում: Բայց, ինչպես ասում է, ամեն ինչ եղավ այնպես, ինչպես ինքն էր պլանավորել ու գծել: Հիմա արդեն նոր նպատակներ գծագրելու ժամանակն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: