Հայերեն   English   Русский  

​Իլհամ Ալիևը Էլչիբեյի՞ հետնորդն է, թե՞ Հեյդարի


  
դիտումներ: 4552

Այս օրերին լրանում է Արցախյան շարժման 30-ամյակը:

Օրեցոր ահագնացող շարժումն իբր զսպելու նպատակով Բաքվում ու Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերից հետո արդեն պարզ էր, որ խաղաղություն հայերի և ադրբեջանցիների միջև այլևս գոյություն չունի,լայնածավալ պատերազմն անխուսափելի է: Եվ երեք տասնամյակ առաջ սկիզբ առած շարժումը, որը հետագայում դարձավ Արցախի անկախացման մեկնարկը, նաև լայնածավալ պատերազմի սկիզբ դրեց. պատերազմ, որը խլեց հազարավոր կյանքեր, հարյուրհազարավոր մարդկանց տեղահանության ու մեծ զրկանքների պատճառ դարձավ: Հետադարձ հայացք ձգելով անցած երեք տասնամյակներին՝ պարզ տեսնում ենք, որ այս ընթացքում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը երբեք էլ չի փոխել իր վերաբերմունքը Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, անընդհատ սպառնացել է մեզ:

Վերջին օրերին հանրության լայն քննարկման պատճառ դարձավ ապշերոնյան բռնապետի վերջին սպառնալիք-հայտարարությունը: Հիշեցնենք՝ Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորից հոխորտաց , բայց այս անգամ ոչ թե միայն Արցախը գրավելու սպառնալիքով, այլև՝ արդեն Երևանը: Նա բառացիորեն հայտարարեց. «Երևանը մեր պատմական տարածքն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք մեր պատմական հողեր: Սա մեր քաղաքական ու ստրատեգիական նպատակներից է, որին մենք պետք է հասնենք կամաց-կամաց»: Նա նաև իր ուրախությունը հայտնեց, որ իրենց հողերի մասին գրում են գիտական հոդվածներ, նկարահանում ֆիլմեր, իսկ ադրբեջանական երիտասարդությունն ու միջազգային հանրությունը պետք է անպայման իմանան, որ Երևանյան խանությունը, Զանգեզուրը իրենց «պատմական հողերն են»:

Առաջին հայացքից ոչ մի նոր բան Ալիևը չհայտարարեց. նա իր պաշտոնավարման 15 տարիներին շարունակ հոխորտացել ու սպառնացել է հայկական պետություններին պատերազմով, նույնիսկ 2016 թ. ապրիլին սանձազերծեց այդպիսի պատերազմ: Բայց սա արդեն հայտարարություն է, որը հայկական կողմերին պետք է լուրջ մտածելու տեղիք տա: Եթե Ադրբեջանն արդեն բացահայտ հավակնություններ է ներկայացնում մեր երկրի, մեր մայրաքաղաքի նկատմամբ ու իր երկրի առաջին դեմքի մակարդակով հայտարարում, որ իրենց ռազմավարական նպատակն է «վերադառնալ Երևան», ուրեմն մենք էլ պետք է համապատասխան դիրքորոշում ու ռազմավարություն ունենանք: Սա դեռ մի կողմ:

Փորձենք դիտարկել, թե 1991 թվականից հետո, այսինքն՝ երբ արդեն ԽՍՀՄ-ը փլուզվել էր, երբ Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը հայտարարել էին անկախության մասին, հարևան երկրի որ ղեկավարը ի՛նչ հայտարարություններ է արել ու ինչի է հասել:

Այազ Մութալիբով

Այսպես. 1991 թ. Ադրբեջանի առաջին նախագահ դարձավ Այազ Մութալիբովը, որը կառավարեց 1991 թ. օգոստոսի 30-ից մինչև 1992 թ. մարտի 6-ը, ապա հեռացվեց իշխանությունից, հետո նորից վերադարձրեց նախագահի պաշտոնն ու իշխեց ևս 4 օր՝ 1992 թ. մայիսի 14-18-ը: Այազ Մութալիբովն առանձնապես աչքի չի ընկել նման հայտարարություններով, բայց հենց նրա ղեկավարման օրոք ադրբեջանական զինուժը բազմաթիվ վայրագություններ թույլ տվեց:

Մութալիբովին փոխարինեց նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յագուբ Մամեդովը, որ նախագահ «աշխատեց» 1992 թ. մարտի 6-ից մայիսի 14-ը, իսկ Մութալիբովի «երկրորդ գալուստ»-ից հետո Ադրբեջանի նախագահի

Իսա Գամբար

ժամանակավոր պաշտոնակատար դարձավ Իսա Գամբարը՝ պաշտոնակատարի իր պարտականություններն իրականացնելով 1992 թ. մայիսի 19-ից մինչև հունիսի 16-ը: Այս երկու ժամանակավոր նախագահները, գոնե պաշտոնը զբաղեցնելու կարճ միջոցներում, առանձնապես հայտարարություններ չեն արել:

Աբուլֆազ Էլչիբեյ

1992 թ. հունիսի 16-ին Ադրբեջանի նախագահ դարձավ Աբուլֆազ Էլչիբեյը, որը ղեկավարեց մինչև 1993 թ. սեպտեմբերի 1-ը: Ա՛յ սա մեր հիշողություններում մնաց իր էքսցենտրիկ ու չափազանց պարծենկոտ հայտարարություններով: Դեռ չենք մոռացել, որ Էլչիբեյը խոստանում էր պատերազմի երրորդ օրը ոտքերը Սևանում լվանալ, իսկ չորրորդ օրը Երևանում թեյ խմել։ Իսկ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո՝ 1992-ի հունիսին, նա ի լուր աշխարհի հայտարարեց. «Եթե մինչև այս տարվա հոկտեմբերը Ղարաբաղում մնա գեթ մեկ հայ, Ադրբեջանի ժողովուրդը թող ինձ կախի Բաքվի կենտրոնական հրապարակում»։

Իհարկե դրանից հետո հայկական ուժերն անցան լուրջ հակագրոհների, բեկում մտցրին Արցախյան պատերազմի բոլոր ուղղություններում, իսկ Ադրբեջանի «խրոխտ մարտիկները», ինչպես հետո հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարում էր հայտնի չեչեն դաշտային հրամանատար Շամիլ Բասաևը, որ այդ օրերին կռվում էր Արցախում՝ ադրբեջանցիների կողմից և հայերի դեմ, ադրբեջանցիները գլխապատառ փախչում էին, ընդ որում փախչում էին մինչև Բաքու... Իհարկե, Էլչիբեյին Բաքվի կենտրոնական հրապարակում չկախեցին, հայկական ուժերն էլ դրանից հետո ազատագրեցին բավականին մեծ տարածքներ: Բայց ադրբեջանցի ղեկավարները այս դասը, կարծես, այդպես էլ լավ չսերտեցին:

Էլչիբեյին հեռացրին պաշտոնից խայտառակ ձևով, դրանից հետո միառժամանակ Ադրբեջանում քաղաքական ճգնաժամ էր, ինչից հետո Ադրբեջանի ժողովուրդը դիմեց Հեյդար Ալիևին, որ ստանձնի Ադրբեջանի ղեկավարումը: Հեյդար Ալիևը Ադրբեջանի նախագահ դարձավ 1993 թ. հոկտեմբերի 3-ին և այդ պաշտոնում մնաց մինչ մահը՝ 2003 թ. հոկտեմբերի 31-ը: Ինչպես նշում են շատ քաղաքական, պետական գործիչներ, Մինսկի խմբի նախկին համանախագահներ ու ղարաբաղյան խնդրին ու բանակցային գործընթացներին քաջատեղյակ մարդիկ, Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը` Հեյդար Ալիևը, ավելի իրատես էր: Հենց նրա ղեկավարման օրոք կնքվեց զինադադարը, և Ադրբեջանի բոլոր նախագահների շարքում նա ամենից կառուցողական էր տրամադրված: Հեյդար Ալիևը հասկանում էր, որ Ղարաբաղը «վերադարձնել» չի կարող, ու փորձում էր գոնե որոշակի զիջումների հասնել հայկական կողմից որոշ տարածքների վերադարձի առումով: Բայց մի ուշագրավ հանգամանք կա. Ալիևը բազմիցս ակնարկել է, որ համաձայն է անգամ Արցախը Հայաստանին միանալուն, բայց պատրաստ չէ Ադրբեջանի սահմաններին տեսնելու երկրորդ հայկական պետությունը:

Թեև գործող նախագահ Իլհամ Ալիևը նախագահ դարձավ՝ փոխարինելով հորը և այդ ժամանակ երդվեց շարունակել հոր քաղաքականությունը, կյանքը ցույց տվեց, որ նա նախընտրեց առաջ շարժվել սպառնալիքների, շանտաժի, էքսցենտրիկ ու ամբարտավան հայտարարությունների, պարբերաբար արկածախնդրությունների դիմելու տակտիկայով: Հակահայկական հռետորաբանության հարցում Իլհամ Ալիևն այսօր հավասարը չունի: Նույնիսկ դժվար է հաշվել նրա պոռոտախոսությունները: Բայց կարող ենք հիշել ամենաթարմ մտավարժանքները:

Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Իլհամը հայտարարում էր, որ Լելե Թեփեի օրինակով տարածքներ է վերցնելու հայկական կողմից՝ նշելով, որ վերջին տարիներին իրենք գնել են ամենաժամանակակից ռազմական տեխնիկան: Հետո հայտարարել է. «Թող Հայաստանի ղեկավարությունը հույսը չդնի ինչ-որ մեկի ուժի վրա, եթե ուզում են հարցի խաղաղ կարգավորում առանց զոհերի, թող լքեն հողերը»: Մի խոսքով, ապշերոնյան բռնապետն իր հորից քաղաքական խոհեմություն այդպես էլ չժառանգեց ու շարունակելու է իր էքսցենտրիկ հայտարարությունները, նաև սահմանին ու շփման գծում պարբերաբար սադրանքների դիմելը: Ու եթե մեզ բացահայտ սպառնում են ու մեր երկրի ու մայրաքաղաքի նկատմամաբ անթաքույց հավակնություններ են հայտնում քոչվորները, ուրեմն պետք է համապատասխան հետևությունններ անենք:

Սրանից մոտ 2,5 հազարամյակ առաջ, երբ Կարթագենի զորավար Հաննիբալն էր ցանկանում գրավել Հռոմը ու հասավ Հռոմի մատույցներին, հին հռոմեացիները հստակ նպատակ-կարգախոս որդեգրեցին՝ «Կարթագենը պետք է կործանվի»: Հենց այդպես էլ եղավ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: