Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի նախագահը ապացուցեց, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը անխուսափելի է. Շավարշ Քոչարյան


  
դիտումներ: 1047

Կառավարության նիստից հետո այսօր Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, ըստ որի Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների, և նշվում է, որ չկա երկու կողմերի պատրաստակամությունը փոխզիջումների գնալու, Շավարշ Քոչարյանն ասաց. «Այն հանգամանքը, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է, դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլյան դեպքերը: Այդ տեսակետից հայկական կողմերը միշտ պատրաստ են ցանկացած զարգացումների»:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Շավարշ Քոչարյանը նշեց, որ բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս, թե ով ինչի է պատրաստ և ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն:

«Համենայն դեպս մի բան կարող եմ ասել, որ իր այդպիսի ելույթով Ադրբեջանի նախագահը, նրանց համար, ովքեր դա դեռ չեն նկատել, փայլուն ձևով անհերքելի ապացուցեց, որ երբևիցե չի կարող Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում, և որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը անխուսափելի է»,- նշեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: