Հայերեն   English   Русский  

Թուրքիայում մի քանի լրագրող ցմահ ազատազրկման է դատապարտվել


  
դիտումներ: 391

Թուրքիայում դատարանը փետրվարի 16-ին` գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի ազատ արձակման օրը, ցմահ ազատազրկման է դատապարտել երեք հայտնի թուրք լրագրողների:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, ներկայումս փակված թուրքական «Թարաֆ» թերթի նախկին գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանը, նրա եղբայրը` տնտեսագիտության պրոֆեսոր և գրող Մեհմեթ Ալթանը, ինչպես նաև հայտնի լրագրող Նազլը Ըլըջաքը Ստամբուլի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել իսլամի ռադիկալ քարոզիչ ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեջ: Վերջինիս Թուրքիայի իշխանությունները մեղադրում են երկրում 2016 թ-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Բացի այդ, դատապարտվել են նաև «Թարաֆ» թերթի ևս երեք աշխատակիցներ:

«Լրագրողներն առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունն իր խորը վրդովմունքն է հայտնել Ստամբուլի դատարանի որոշման առնչությամբ: «Ահմեթ Ալթանի, Մեհմեթ Ալթանի և Նազլը Ըլըջաքի դատավճիռն աղետալի ազդանշան է համանման մեղադրանքներով մեղադրյալի աթոռին նստած լրագրողների դեմ դատական հայցերի դիտարկման համար»,- հայտարարել է իրավապաշտպանության կազմակերպության ղեկավարներից Քրիստիան Միրը:

Վերջինս ընդգծել է, որ այդ խիստ պատժից ելնելով` էլ ավելի կարևոր է, որ միջազգային հանրությունը Դենիզ Յուջելի ազատ արձակումից հետո էլ հետևի Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և հանդես գա բոլոր այն լրագրողների պաշտպանության օգտին, ովքեր շարունակում են տառապել այդ երկրի դատական մարմինների կամայականությունների պատճառով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: