Հայերեն   English   Русский  

«Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է». Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյան


  
դիտումներ: 1886

Այս օրերին Երևանի լեփ-լեցուն դահլիճներում և հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո ընթանում է Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնը։

Երաժշտասերը հնարավորություն ունի տարբեր ձևաչափերով համերգների ընթացքում ունկնդրելու ժամանակակից դասական երաժշտության ամենապահանջված կոմպոզիտորի՝ Պենդերեցկու ստեղծագործությունները։ Պենդերեցկին այսօր ամենահեղինակավոր երաժշտական գործիչներից է։ Նրա մեղեդիները հնչում են աշխարհի բոլոր ծայրերում՝ ամենահայտնի երաժիշտների ու նվագախմբերի կատարմամբ՝ ընդգրկելով բազմահազարանոց լսարաններ։

Փետրվարի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում Պենդերեցկու կամերային երաժշտության երեկո էր։ Ջութակահար Մարթա Կովալչեկի և դաշնակահար Սոմի Կիմի կատարմամբ հնչեց ջութակի և դաշնամուրի համար գրված թիվ 2 սոնատը, այնուհետև «Մեկորե» լարային քառյակը՝ Վոյցեխ Կոպրովսկի (առաջին ջութակ), Յարոսլավ Նադրզիցկի (երկրորդ ջութակ), Միխալ Բրիլա (ալտ), Կարոլ Մարիանովսկի (թավջութակ) կազմով, ներկայացրեց «Չգրված օրագրի էջեր» թիվ 3 լարային կվարտետը։ Ակորդեոնահար Մաչեյ Ֆրոնցկևիչի կատարմամբ էլ հանդիսատեսն ունկնդրեց Պենդերեցկու Սիմֆոնիետտան՝ փոխադրված մենանվագ ակորդեոնի համար։

Համերգի ունկնդիրների թվում էր Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։ Դեսպանը նշեց, որ Պենդերեցկին այն գործիչն է, ում այցելությունը ցանկացած երկիր տոն է այդ երկրի մշակութային հասարակության համար։ «Մեզ համար այս այցելությունն ունի առանձնակի կարևորություն, քանի որ մաեստրոն ունի հայկական արմատներ, և ինքը, ընդունելով իր հայկական արմատները, որոշակիորեն նաև հայ-լեհական բարեկամության մի գեղեցիկ խորհրդանիշ է։ Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է»,- ասաց Էդգար Ղազարյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: