Հայերեն   English   Русский  

Գյուղնախարարը Ավստրիայում մի շարք հանդիպումներ է ունեցել


  
դիտումներ: 2578

Ավստրիա կատարած այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ավստրիացի գործընկերների հետ:

Մասնավորապես, փետրվարի 12-ին հայկական պատվիրակությանը հյուրընկալել է Ավստրիայի կայուն զարգացման նախարարության գլխավոր քարտուղար Յոզեֆ Պլանկը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2015 թվականին Հայաստանի և Ավստրիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրին վերաբերող հարցեր: Յոզեֆ Պլանկը վերահաստատել է ավստրիական կառավարության պատրաստակամությունն աջակցել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին:

Այցի շրջանակում փետրվարի 13-ին պատվիրակության անդամներն այցելել են Ավստրիայի «Ագրար-Մարկտ» ՊՓԲԸ: Ընկերության գլխավոր տնօրենի՝ Գյունտեր Գրիզմայերի հետ քննարկվել են գյուղատնտեսական միավորումների միասնական ռեգիստրի ստեղծման, տարածքների քարտեզավորման, կենդանիների նույնականացման մեխանիզմների ներդրման հարցերում ավստրիական փորձի կիրառման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական արտադրանքի պիտակավորման, գյուղատնտեսության ոլորտում ներգրավված տնտեսվարողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և այլ հարցերի:

Նույն օրը Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ավստրիայի գյուղատնտեսական պալատի նախագահ Հերման Շուլթեսի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է Ավստրիայի տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների ինքնակազմակերպման համակարգը, երկրում գործող տարածքային պալատների ու կոոպերատիվների գործունեության և պետական կառույցների հետ համագործակցության եզրերը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպում է ունեցել նաև Ավստրիայի զարգացման գործակալության տնօրեն Մարտին Լեդոլթերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է գործակալության միջոցով Ավստրիայի կառավարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված նախագծերի արդյունավետությունը: Առաջարկվել է ընդլայնել համագործակցությունը` հաշվի առնելով Ավստրիայի գյուղատնտեսության ոլորտում գործող ինստիտուցիոնալ կառույցների փորձը, մասնագետներրի վերապատրաստման և գյուղատնտեսական կրթության բարձրացման հեռանկարները:

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Ներքին Ավստրիայի և Բուրգենլանդի ֆերմաներ, գյուղատնտեսական բնագավառում մասնագետներ պատրաստող և վերապատրաստող ակադեմիաներ, գինեգործական և մրգագործական գործարաններ, ագարակներ և տնկարաններ, հանդիպումներ ունեցել գյուղատնտեսական սարքավորումների և գյուղատնտեսական լոգիստիկ մի շարք ընկերությունների ղեկավարների հետ, ծանոթացել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացող ապահովագրական ընկերության գործունեությանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: