Հայերեն   English   Русский  

​Ազատամարտիկի կյանքը Բաքվի բանտում


  
դիտումներ: 2427

- 88 թվի միտինգներին՝ զգալով, որ թղթով հարց չի լուծվի, ընկերներով որոշեցինք ու արդեն հուլիսին մեկնեցինք Արցախ:

Աշոտ Թադևոսյան

Գյումրեցի ազատամարտիկ Աշոտ Թադևոսյանն է պատմում ինչպես 30 տարի առաջ միացավ շարժմանը, տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղ, հետապնդվեց ռուսական հատուկ ջոկատայինների ու ադրբեջանական օմոնի կողմից, արդյունքում հայտնվեց Բաքվի բանտում և այնտեղ մնաց 6 տարի:

Հեռավոր ու լքված Եմիշչյան գյուղում, որպես մշտական բնակիչ գրանցվեց, իբրև կոպերատիվ հիմնող, ապա սխտոր մշակելու քողի տակ 1989-ին տեղափոխվում են Մավաս: Ասում է՝ տեղանքը շատ լավն էր, գյուղը լքված էր, անմարդաբնակ, կային թնդանոթներ ու հակակարկտային կետեր: Այն լավագույն վայր կարող էր ծառայել ռազմաբազա հիմնելու համար՝ շրջապատված քարանձավներով, որոնք կարող էին լինել զենքի պահեստներ, ու խիտ անտառով:

Սակայն, խորհրդային կարգերը ազատության ու ազատագրության բոլոր ջանքերը փորձում էր խեղդել:

- 1990 թվականին ռուսական ՛՛սպեցնազը՛՛ հարձակվեց մեզ վրա, մեր ընկերներից երկուսը գերի վերցվեցին, մյուսներս հայտնվեցինք խորհրդային կարգերի ՛՛ռոզիսկի՛՛ տակ: Ղարաբաղում բոլոր ճանապարհների ու օդանավակայանների հսկողությունը ադրբեջանական օմոնի ձեռքին էր:
Այդ տարեվերջին տղաս ծնվեց, ընտանիքիս բերեցինք Հայաստան, նորից վերադարձանք Ղարաբաղ, մեզ հետ մեծ քանակությամբ զենք բերեցինք, որ ուղարկեց ՛՛Կումայրի՛՛ ջոկատի հրամանատար Միքայել Վարդանյանը: Ամբողջ զինամթերքը ուղղաթիռներով հասցրեցինք Ղարաբաղ՝ մի մասը Ստեփանակերտ, մի մասը Մավասի բազա:
Հարձակումից փախանք Կարմիրգյուղ, այնտեղից Եմիշչյան՝ գերիներ վերցնելու, հետո Աղդամի գյուղերը, բայց ուր գնացինք հատուկ ջոկատայինները կրնկակոխ հետևում էին մեզ:

Որոշեցինք այլևս չփախչել, գնացինք նորից Մավաս, ականապատեցինք ամբողջ տարածքը ու այդ օրից ոչ մի ՛՛սպեցնազ՛՛ էլ մեզ չէր հետապնդում:
Նորից զենք էինք տանելու Արցախ, ուղղաթիռներով վերադարձանք Գյումրի, տղաներից մի մասին ուղարկեցինք, արդեն հերթը իմն ու Վարուժինն էր, որ պետք է տանեինք զենքը՝ Գետաշենի դեպքերը սկսվեցին ու բոլոր ուղղաթիռները կենտրոնացրեցին այդ ուղղությամբ՝ Կամո, Մարտունաշեն, Ազատ գյուղերի բնակիչներին տեղափոխելու համար: Որոշեցինք ոտքով անցնել Վարդենիսից Քելբաջարով դեպի Մարտակերտ: Սահմանի վրա՝ ղարաբաղյան հատվածում, հայտնի ՛՛սպեցնազը՛՛ օմոնականների հետ մեզ նորից շրջափակման մեջ առավ: Կռիվ տվեցինք, օմոնը փախավ, երկու օրվա կռվի արդյունքում մենք վիրավորվեցինք, նրանք կարողացան մեզ գերի վերցնել և հանձնեցին թուրքերին: Դա 1991 թվականի հուլիսն էր:


Խորհրդային զորքը միշտ մեզ խանգարել է


Ստեփանակերտը փոքր քաղաք չէ, իսկ այնտեղ թուրքերի թիմը մեծ էր, 88-ի ամռանը որոշում կայացվեց թուրքերին հեռացնել քաղաքից: Մեկ գիշերում կարողացանք նրանց դուրս հանել մայրաքաղաքից, հետո անցանք գյուղերին: Սովետական զորքը կանգնեց կամուրջների վրա, պարետային ժամ հայտարարեց, Շուշիից հայերին դուրս արեցին թուրքերը: Միշտ մեզ դեմ է եղել, մեզ խանգարել է խորհրդային զորքը: Ու ադրբեջանցիներով լցված Շուշին դարձավ պատուհաս հայերի գլխին, մինչև ազատագրելը:
Շատ է եղել տեել ենք, ինչպես խորհրդային հատուկ ջոկատայինները մտնում էին հայկական գյուղերը, ճեղքել պաշտպանությունը, հավաքել են զենքը, նրանցից հետո մտնել է ադրբեջանական օմոնն ու սրբել գյուղերը:


Բախտս չբերեց՝ մնացի բանտում


Սկզբում վերքերը կապեցին, բայց լավ ծեծեցին, նկարեցին և ուղարկեցին բանտ: Կիրովաբադում էի, բանտում Հայաստանի միլիցիայի կազմն էր, հավաքել էին Նոյեմբերյանից: Նրանք մեզ շատ օգուտ տվեցին, հուշեցին թե ինչի մասին ու ինչ պատմել: Մոտ 9 ամիս այստեղ մնալուց հետո տեղափոխեցին Բաքու:
Գերիների փոխանակում կազմակերպվեց մի քանի անգամ, բայց Ադրբեջանում հեղաշրջում եղավ, մերոնք էլ Շուշին վերցրեցին ու բանտում մնացի մինչև 1996 թիվը: Խորհրդային կարգերում սպասում էին մինչև դատավճիռը, որից հետո ուղարկում էին բանտարկյալին իր երկիրը, բայց իմ բախտն այդտեղ էլ չբերեց, 91-ին խորհրդային կարգերը փլուզվեցին:


Մեզ ծեծելու ռեժիմով կռահում էինք՝ հայերը նոր տարածք են ազատագրել



Առաջին օրը Բաքվի բանտում էնքան ՛՛լավ ծեծեցին՛, էլ ասելու չէ, դիմավորումն ՛՛արտակարգ՛՛ էր: Չորս տարի Բաքվի բանտում հատուկ ռեժիմով էր ծեծը, ամեն հերթափոխի բանտի աշխատակիցները իրենց պարտքն էին համարում ծեծել մեզ: Հասարակ կալանավորները՝ ադրբեջանցի, մեզ շատ լավ էին վերաբերվում:
Պատերազմ էր, ամեն անգամ մերոնք մի տարածք վերցնում էին, իրենք էլ կորցրած յուրաքանչյուր տարածքի վրեժը մեզանից էին հանում: Ուժերը չէր պատում մեր զորքի դիմաց, ոխը մեզանից էին առնում:
Ամենալավ ծեծը կերել ենք Շուշիի ազատագրման ժամանակ, բայց նաև շատ լավ գիտեինք յուրաքանչյուր հետ գրավված տարածքի արժեքը ու դա սփոփում էր մեր ստացած վերքերը:
Հետո ծեծերն արդեն պակասեցին, երբ հայտնվեցինք՛՛Կարմիր խաչի՛՛ ուշադրության կենտրոնում: Այս միջազգային ՛՛կանտրոլից՛՛ արդեն ադրբեջանցիները վախենում էին: 1993 թվականից ծեծն ընդհանրապես դադարեց:


Միշտ հույսը չէր մեռնում, գիտեինք, որ փոխանակման հերթը մեզ էլ կհասնի


Փոքր՝ անհատական, փոխանակումներ լինում էին, մի քանի անգամ ինձ հանել են փոխանակման, բայց ինչ-ինչ պատճառներով փոխանակումը չի կայացել:
Մի ընտանիք կար, մի օր ինձ տարան իրենց տուն՝ Բաքվում, հայկական կողմում գերի ընկած իրենց որդուն ինձ հետ էին փոխանակելու: Ադրբեջնական կողմը նշել էր, թե գտել են իրենց որդուն, ու ծնողներն ինձ հարցրեցին, թե ինչքա՞ն են ձերոնք փող տվել: Իրենցից 30 հազար դոլար փող էին վերցրել: Հետո պարզվեց՝ տղան չկա, սպանված է: Թուրքերի մոտ ընդունված էր՝ իրենք ում պահանջում էին մեր դիմաց, նրա ծնողներից գումար էին վերցնում, թե իբր հայերն են ուզում:
Գրեթե ամեն շաբաթ ՛՛Կարմիր խաչը՛՛ գալիս էր, ընտանիքիս հետ նամակագրությունը կար: Նույնիսկ թուրքերին կարգադրեցին այն խցերը, որտեղ հայերն էին պահվում, հատակը կարգի բերել, պատերը ներկել, լուսավորություն ապահովել:
1996 թվականին ՌԴ պաշտպանության նախարարի և ՛՛<Կարմիր խաչի՛՛ միջնորդությամբ նշանակվեց իմ երկրորդ ծննդյան օրը:
Փոխանակումից մոտ 10 օր առաջ բանտի աշխատակիցները խոսակցություն էին բացում, թե մեզ փոխանակելու են, բայց բանի տեղ չէինք դնում: Ապա ՛՛Կարմիր խաչից՛՛ եկան, հասկացրեցին՝ լավ բանի սպասենք: Փոխանակումից 3 օր առաջ բոլորիս պարտադրեցին նամակ գրել Հեյդար Ալիևին, մեզ ներում շնորհելու մասին: Կոնկրետ օրը չգիտեինք: Դա տեղի ունեցավ 1996 թվականի մայիսի 8-ին:
Մեզ հենց ՌԴ նախարարի ինքնաթիռով բերեցին Հայաստան: Բաքվից Երևան ուղեգիծը երևի 45 րոպե էր, բայց այդ թռիչքն այնքան երկար տևեց: Երբ տեսանք ՛՛Զվարթնոց՛՛օդանավակայանը, հասկացանք՝ այստեղից մեզ այլևս ոչ մի տեղ չեն տանի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: