Հայերեն   English   Русский  

Ըստ հաղորդման` ոստիկանը չարաշահել է պաշտոնական դիրքը


  
դիտումներ: 2696

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ Մ. Ս.-ի հաղորդման հիման:

Այսպես, համաձայն քրեական գործի նյութերի, Դ. Ա.-ն իրացնելու նպատակով խոշոր չափերով ափիոն տեսակի թմրամիջոց է ձեռք բերել, ապա, 27.04.2009թ.-ին այն տեղադրելով տորթի մեջ, ցանկացել է առաքել ՀՀ ԱՆ Գորիս քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին, սակայն հանձնուքի ստուգման ժամանակ թմրամիջոցը հայտնաբերվել և առգրավվել է հիշյալ ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Դ. Ա.-ն մեղավոր է ճանաչվել վերը նշված հանցագործության կատարման մեջ և ազատազրկման դատապարտվել 5 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն 21.08.2017թ.-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և քրեական գործն ուղարկել հիշյալ դատարան` նոր քննության:

Քրեական գործի նոր դատաքննության ընթացքում վկա Մ. Ս.-ն հայտնել է նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքին հակասող տեղեկություններ` նշելով, թե չի տեսել, որ քրեական գործով մեղադրյալ Դ. Ա.-ն հանձնուք հանդիսացող տորթի մեջ որևէ իր դնի: Միաժամանակ հայտարարել է, որ նշված ցուցմունքները գրելիս ոստիկանության բաժնում վերը նշված դեպքի հանգամանքների վերաբերյալ ոստիկանության աշխատակիցներից մեկն իրեն նախապես գրված տեքստ է տվել, որպեսզի արտագրի:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: