Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում քաղաքական գործիչը հերքում է երկրում քաղբանտարկյալների առկայությունը` միևնույն ժամանակ նրանց ազատ արձակելու կոչ անելով


  
դիտումներ: 406

Ադրբեջանական իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, Միլլի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան:

Այնուամենայնիվ, նա հանդես է գալիս այն անձանց ազատ արձակման օգտին, որոնց Արևմուտքում անվանում են քաղբանտարկյալների, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Ադրբեջանում երբեք չի եղել և չկա քաղբանտրակյալ: Քաղաքական հայացքների և ԶԼՄ-ներում հրապարակումների համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: Կան կոնկրետ հանցագործություն կատարած մարդիկ: Կուսակցական պատկանելիությունը նրանց չի ազատում պատժից: Նման մարդկանց պետք է անվանել ոչ թե քաղբանտարկյալներ, այլ քաղաքականացված բանտարկյալներ»,- ասել է Նովրուզովը «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ:

Ըստ նրա` «քաղբանտարկյալների» խնդիրն Արևմուտքում օգտագործվում է Բաքվի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի Ադրբեջանի բնական պաշարների օգտագործման հարցում «ձեռնտու պայմաններ ստանան»:

Միևնույն ժամանակ Սիյավուշ Նովրուզովն առաջարկում է այդ անձանց ազատ արձակել: «Ադրբեջանին այդ ժանտախտից ազատելու, հայկական լոբբիի կողմից վարժեցված Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի խորհրդարանին և պատգամավորներին զինաթափելու համար անհրաժեշտ է մեկ որոշմամբ բոլոր այդ անձանց ազատ արձակել»,- նշել է Նովրուզովը:

Վերջինս համաներման կողմնակից է, որը կարելի է իրականացվել Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության 100-ամյակի և Հեյդար Ալիևի (Ադրբեջանի նախկին նախագահ, ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայրը) 95-ամյակի կապակցությամբ: Համաներման տակ կարող են ներառվել բոլոր այն անձինք, ովքեր մասնակցել են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանությանը», 60 տարեկան դարձած կանայք, անչափահաս երեխաներ ունեցող կանայք, 70-ից բարձր տղամարդիկ:

Նովրուզովն առաջարկում է ազատ արձակել նաև այն հավատացյալներին, ովքեր «արմատական կրոնական ուղղությունների ազդեցության տակ են ընկել»: Հարցին, թե կարելի է ակնկալել և՛ ներում, և՛ համաներում, վերջինս պատասխանել է. «Ես չեմ կարող ստույգ ինչ-որ բան ասել: Որոշումը ես չեմ կայացնում: Ներում երկրի նախագահն է շնորհում, համաներում` խորհրդարանը: Մենք միայն մտքեր, գաղափարներ, նախաձեռնություններ ենք առաջ քաշում: Դրանց իրականացման համար իրավական մեխանիզմ գոյություն ունի»:

Համաձայն ադրբեջանական իշխող կուսակցության ներկայացուցչի` նախաձեռնության կիրառման դեպքում համաներում կարող է հայտարարվել արդեն մայիսին: Նախագահի կողմից ներում կարող է շնորհվել յուրաքանչյուր պահի:

Նշենք, որ համաձայն միջազգային և տեղի իրավապաշտպան կառույցների` Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն արդեն հասել է 160-ի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: