Հայերեն   English   Русский  

Էս գործերը գնալու են ՄԻԵԴ, և ամբողջ ՀՀ-ով գոռալու ենք՝ «վայ, նանի ջան, էս ինչ եղավ». Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 675

Այսօր ԱԺ պետական-իրավական և մարդու իրավուքնների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց ԱԺ «Ելք» խմբակցության կողմից հեղինակված «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» նախագիծը:

Ըստ դրա՝ առաջարկվում է մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել:

ՀՀԿ պատգամավոր, նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հղում անելով հայտարարության 4-րդ կետին, հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, որ նման դատական ակտերը վերաբացելու հստակ չափանիշներ ու հիմքեր կան: «Արդյոք գտնում եք, որ առկա են իրավական հիմքեր, որ գործերը վերաբացվեն, եթե այո, այդ դեպքում ինչո՞ւ որևէ մեկը չի գնում իրավական գործընթացի շրջանակներում, այլ դուք, որպես ընդդիմադիր գործիչ, առաջարկում եք հայտարարությամբ հանդես գալ»,-հարցրեց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ 4-րդ կետով արտահայտում են իրենց հստակ քաղաքական դիրքորոշումը. «Այո´, եթե լինի համապատասխան քաղաքական կամք, նույնիսկ միայն իրավական կամքի դեպքում կարելի է ավելին անել: Այս առաջարկը ժեստ է ՀՀ-ին: Ի՞նչ է թաքնված սրա տակ: Ժողովուրդ ջան, հեսա էս բոլոր գործերը գնալու են ՄԻԵԴ, և ամբողջ ՀՀ –ով գոռալու ենք՝ «վայ նանի ջան, էս ինչ եղավ, բա հիմա էդ փողերը ո՞վ է տալու, ո՞ր դատավորին բռնենք պատժենք, ում խառակիրի անենք, ո՞ւմ անարգանքի սյունին գամենք: ՀՀ-ն թող իրեն էն սոխի անեկդոտի պատմության նման իրեն չպահի»,-ասաց նա:

Նիստը վարող հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը ընդմիջեց Փաշինյանին՝ կոչ անելով հարցին պատասխանել, սակայն Փաշինյանը շարունակեց պայքարել սոխի անեկդոտը պատմելու համար:

«Մենք այդքան ժամանակ չունենք»,- իր հերթին արձագանքեց Գևորգ Կոստանյանը:

«Է, ժամանակ չունեք գնացեք ձեր գործերին: Եթե ձեր պատմությունը ձևով նման չէ հեքիաթի, չի նշանակում, թե բովանդակությամբ հեքիաթ չէ»,- ասաց Փաշինյանը:

Դրանից հետո Գևորգ Կոստանյանը հեռացավ նիստերի սենյակից և վերադարձավ միայն Փաշինյանի խոսքի ավարտից հետո .«Մարտի 1-ի հարցը լրջագույն հարց է մեր երկրի պատմության ընթացքում և ամոթալի էջերից մեկն է, ամոթն է բոլորիս ու այս հարցի քննարկումը անեկդոտ պատմելով զուգորդելը, ինձ համար, անկեղծ ասած, մի քիչ անընդունելի է։ Դրա համար, անկեղծ ասած, դուրս եկա խնդրում եմ անարգանք չդիտարկել»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ՝ հիշեցնելով, որ Մարտի մեկի գործով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման և չի ընդունում այդ շեշտադրումը, թե դա բոլորի ամոթն է. « Ես ինքս, որպես 7 տարի ազատազրկման դատապարտված անձ, մարտի 1-ի համար ամաչելու ոչ մի բան չունեմ։ Մարտի 1-ը իմ ամոթը չի, մարտի 1-ը ձեր ամոթն է՝ որպես իշխանության ներկայացուցիչ: Իմ պատմած անեկդոտը վերաբերում էր ոչ թե Մարտի մեկի զոհերի ամսին, այլ ՀՀ ներկայիս վիճակին, երբ երկրի վարկանիշն ընկնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հետևանքով»։

Նախագիծը դրվեց քվեարկության, որին կողմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հայտարարության տեքստին դեմ էին «Հանրապետական» և «Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները, իսկ «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորները ձեռնպահ մնացին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: