Հայերեն   English   Русский  

​Ականատես ենք սիրիական հակամարտության նոր փուլի. արաբագետ


  
դիտումներ: 3996

Յոթ տարի տևող պատերազմի ամենաարյունալի էջերից մեկը. այսպես է ՄԱԿ-ը գնահատել Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների ներկա վիճակը։

Ինչո՞ւ են կտրուկ ակտիվացել ռազմական գործողությունները Սիրիայում, տեսանելի՞ է արդյոք խնդրի հնարավոր հանգուցալուծումը մոտ ապագայում, կարո՞ղ են արդյոք գերտերությունների բախումները Սիրիայում լայնածավալ բնույթ ստանալ՝ դուրս գալով այդ երկրի սահմաններից։ Այս և այլ հարցերի պատասխանն «Անկախը» փորձել է ստանալ արաբագետներ Արմեն Պետրոսյանից և Հայկ Քոչարյանից։

Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ թեժացած ռազմական գործողությունների պատճառները մի քանիսն են։ Նա մատնանշում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում խախտվել են այն պայմանավորվածությունները, որոնք գործում էին դեռ նախորդ տարվա սկզբից, մասնավորապես՝ մայիսից ձեռք բերված դեէսկալացիոն գոտիների վերաբերյալ պայմանավորվածությունները։

«Ինչպես նշված դերակատարները, այնպես էլ ԱՄՆ-ն փորձում են ավելի ամրապնդել իրենց դիրքերը Սիրիայի տարբեր հատվածներում, ընդլայնել վերահսկողության ներքո գտնվող շրջանների աշխարհագրությունը։ Թերևս այս հիմնական միտումներով է պայմանավորված տարբեր շրջաններում ռազմական ակտիվության աճը»,- ասում է Պետրոսյանը՝ հավելելով, որ մարտեր են ընթանում բոլոր ուղղություններով՝ կառավարական ուժեր-ընդդիմադիր խմբավորումներ, կառավարական ուժեր- ծայրահեղական խմբավորումներ, ընդդիմադիր խմբավորումներ-քրդական ուժեր և այլն։

Պետրոսյանը նշում է, որ սիրիական թե՛ ռազմադաշտում, թե՛ դիվանագիտական դաշտում սրվել են հարաբերությունները կողմերի միջև։ Առաջացած խնդիրներն էլ հանգեցրել են նրան, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն այլևս չեն գործում։

«Ուզում եմ նշել հատկապես Իսրայելի ակտիվությունը Սիրիայի տարածքում և սիրիական կողմի պատասխան գործողությունները, ինչին նախկինում ականատես չենք եղել։ Վերջին երկու շաբաթների ընթացքում տեսնում ենք, որ սիրիական կողմը ևս փորձում է ինքնապաշտպանվել և պատասխան հարված հասցնել Իսրայելին, այսինքն՝ այս հարցում եղած պայմանավորվածությունները ևս կարծես չեն գործում»,- ասում է նա։

Արաբագետ Հայկ Քոչարյանի կարծիքով՝ իրադարձությունները զարգանում են այնպես, ինչպես պետք է զարգանային, քանի որ քաղաքական գործընթացի արդյունքները չէին գոհացնում կոնֆլիկտում ներգրավված կողմերին, գործընթացը փակուղի էր մտել։ «Դա հանգեցրեց տարբեր խաղացողների կողմից իրենց ազդեցության տակ գտնվող ուժերի ակտիվացմանը և շահերը առաջ տանելուն ռազմական դաշտում»,- ասում է նա։

Քոչարյանը կարծում է, որ ռազմական գործողությունների արդյունքում վերահսկվող գոտիների փոփոխություն, վերադասավորում տեղի կունենա և կողմերն արդեն նոր արդյունքներով կսկսեն բանակցել։

Արաբագետները նաև խնդրի մոտալուտ հանգուցալուծում չեն տեսնում։

«Չեմ կարծում, որ հանգուցալուծումը մոտ է, որովհետև առանցքային դերակատարների մոտ շարունակում են մնալ բավականին խորը տարաձայնություններ ինչպես սիրիական խնդրի, այնպես էլ միջազգային և այլ տարածաշրջաններում առկա խնդիրների շուրջ,- ասում է Պետրոսյանը։- Օրինակ՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում մնում են խորը տարաձայնություններ, նույնպիսի իրավիճակ է ԱՄՆ-Իրան, Թուրքիա-ԱՄՆ, Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերություններում , ինչը որևէ հիմք չի տալիս կանխատեսելու, որ սիրիական հակամարտությունը մոտ է հանգուցալուծման»։

Նա նշում է, որ այժմ ականատես ենք հակամարտության նոր փուլի, որի առանձնահատկությունն է միջազգային դերակատարների ակտիվացումը ինչպես ռազմադաշտում, այնպես էլ քաղաքական և դիվանագիտական հարթությունում։

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ռազմական գործողությունները Սիրիայի սահմաններից դուրս գան, Պետրոսյանը նշում է, որ առկա իրողությունները նման սցենար չեն ենթադրում. «Ավելի հավանական սցենար է Սիրիայի ներսում ուղղակի բախումը տարբեր դերակատարների միջև։ Չնայած դա ևս քիչ հավանական է, բայց բացառել հնարավոր չէ, քանի որ փոքր աշխարհագրական տարածքում իրար բավականին մոտ են գտնվում հակառակորդ արտաքին դերակատարների զբաղեցրած դիրքերը»։

Անդրադառնալով իրանա-իսրայելական հակադրությանը Սիրիայում՝ Պետրոսյանը նշում է, որ Իրանի ռազմավարությունն է Իսրայելը շրջապատել իրեն հավատարիմ դերակատարներով, ինչին Իսրայելը պատասխանում է հարվածներով և միջամտությամբ սիրիական հակամարտությանը՝ թիրախավորելով ինչպես սիրիական կառավարությանը, այնպես էլ Իրանի հովանավորյալ ուժերին պատկանող հենակետեր։

«Քանի որ այստեղ իրողությունները շատ արագ են զարգանում և անընդհատ նոր իրողություններ են ձևավորվում, երկարաժամկետ կանխատեսումներ անելը սխալ կլինի։ Բայց առաջիկա երկու-երեք ամիսներին ուղղակի բախումներ երկու կողմերի միջև չեմ կանխատեսում»,- ասում է Պետրոսյանը։

Հայկ Քոչարյան

Հայկ Քոչարյանը նշում է, որ իրականացվող գործողությունների ծավալները պայմանավորված կլինեն զարգացումներով. «Իսրայելական կողմն աչալուրջ հետևում է իրանական ներկայությանը Սիրիայում։ Այն պահին, երբ իրական վտանգ է տեսնում իր շահերի համար, միջամտում է, ռազմական գործողություն է իրականացնում ու չեզոքացնում այն։ Սրանք գործողություններ են, որոնք պարբերաբար, որոշակի հաճախականությամբ կրկնվում են և այդպես էլ կշարունակվեն։ Իմաստը ոչ թե պատերազմն է, այլ շահերը պաշտպանելը»։

Անդրադառնալով թուրք-սիրիական հնարավոր հակամարտությանը Աֆրինում, պայմանավորված կառավարամետ ուժերի՝ քրդերին աջակցելու հայտարարությամբ, Պետրոսյանը նշում է, որ խոսքը ոչ թե կառավարական ուժերի, սիրիական բանակի, այլ կառավարամետ կամավորական խմբավորումների մասին է։

Նա նշում է, որ դեռևս Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում, որպեսզի «Քրդական ինքնապաշտպանական ջոկատները» Աֆրինի վերահսկողությունն ամբողջությամբ հանձնեն կառավարական ուժերին։

«Սիրիական կառավարական ուժերի կողմից Աֆրինում ամբողջական վերահսկողության հաստատումը փաստացի հնարավորություն կընձեռի դադարեցնելու Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը, իհարկե սիրիական վարչակարգի արտաքին հովանավորների՝ Մոսկվայի և Թեհրանի քաղաքական միջնորդության և երաշխիքների հիման վրա»,- ասում է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: