Հայերեն   English   Русский  

​Կանանց բիզնեսների շուրջ 70 տոկոսը կայանում է


  
դիտումներ: 9437

Տարեցտարի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի նախաձեռնությամբ ավելանում են կանանց ձեռնարկատիրությանն ուղղված ֆինանսական աջակցության գործիքները:

Եթե տարիներ առաջ հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում կանանց դերը համեմատաբար թույլ էր, ապա վերջին շրջանում անհամեմատ ընդլայնվել է նրանց ներկայությունը տնտեսության մեջ, մասնավորապես՝ արդյունաբերության, վերամշակման, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում: Աջակցության գործիքներն ուղղվում են հիմնականում մարզաբնակ կին ձեռնարկատերերին՝ խթանելով տնտեսության համաչափ զարգացումը: ՓՄՁ ԶԱԿ-ից տեղեկացանք, որ ուղղվող վարկային միջոցների շուրջ 50 տոկոսը բաժին է ընկնում կանանց: Ի դեպ, նրանց պարագայում բիզնեսների շուրջ 70 տոկոսը կայանում է, ինչը, կենտրոնի վստահեցմամբ, նրանց նորարարական գաղափարներով է պայմանավորված:

Նախորդ տարվա գործարար կանանց մրցանակաբաշխության ժամանակ Կարեն Կարապետյանն իր խոսքում հիշեցրել է, որ հայ հասարակության ամենակարևոր շարժիչ ուժերից մեկը գործարարն է, այդ թվում՝ կին գործարարը՝ բիզնես լեդին, այդ իսկ պատճառով բոլոր քայլերն ուղղված են նրան, որ բիզնես-միջավայրն առավելագույնս պարզ ու հասկանալի դարձնեն։

Ի դեպ, նրանցից մի քանիսի հետ զրույցում պարզեցինք, որ նրանցից շատերը, թեպետ դժվարություններով, կարողացել են պահպանել հիմնած բիզնեսը, սիրտ ու հոգի ներդնել, կայացնել և նույնիսկ նոր աշխատատեղեր հիմնել։

Չարենցավանի «Լաքի տրիո» ընկերության դերձակների և դիզայներների մասնագիտական որակն ու ստեղծագործական մոտեցումը չի զիջում համաշխարհային միտումներին: Նրանց շնորհիվ գնորդն այսօր կարողանում է վայելել տեղական արտադրության մարզահագուստը և գովազդել սեփական երկրի ապրանքանիշը :

Բացառապես վերնաշապիկ և սպորտային հագուստ արտադրելու նախապատմությունը, ինչպես մեզ հետ զրույցում պատմեց «Լաքի տրիո» ընկերության հիմնադիր տնօրեն Զեփյուռ Ղլեջյանը, խոր արմատներ ունի: Նա մինչ սեփական ապրանքանիշի արտադրանքը թողարկելը աշխատում էր Չարենցավանի ֆաբրիկաներից մեկում և քաջ գիտեր արտադրության, սպառման և որակի ապահովման բոլոր չափանիշները: Մտաբերում է, թե ինչպես արտադրամասն առաջին անգամ կառավարության անդամների համար վերնաշապիկներ կարելու առաջարկ ստացավ: Երբ ֆաբրիկան սեփականաշնորհվեց, այնուհետև փակվեց ծախսային անարդյունավետ կառավարման պատճառով, տիկին Զեփյուռն իր մտահղացումները ներդրեց՝ պահելով մարզական հագուստի և համազգեստների արտադրության բարի ավանդույթները:

Կամաց- կամաց դրվեցին արտադրության հիմքերը, 5 դերձակով և 1 ձևարարով տիկին Զեփյուռը հիմնեց սեփական «Լաքի տրիո» ապրանքանիշի հայկական հագուստ արտադրող ընկերությունը, որն այսօր իր որակի և գնային մատչելիության առումով շուկայում գրեթե մրցակից չունի:

Սկզբում դժվար էր, կարի գծագրեր էր անում, ուսումնասիրում չափաթղթերը, բազմացնում դրանք: Իր գործում իրեն հաջողակ է համարում իր աշխատասիրության շնորհիվ, ասում է՝ պետք է ցանկացած գործում հոգի ներդնես և ազնիվ լինես:

Անհատ ձեռնարկատեր Զարուհի Խանվելյանը տարիներ առաջ հիմնադրել և ղեկավարում է «Իրիս» հյուրատունը: «Դեռևս ուսանողական տարիներից՝ շուրջ 10 տարի առաջ սկսել եմ զբաղվել տուրիզմով: Տարբեր խմբերի հետ աշխատել եմ որպես թարգմանիչ-էքսկուրսավար: Գերմաներենի մասնագետ եմ: Բուհն ավարտելուց հետո, երբ ամուսնացա և հաստատվեցի Օձունում, աշխատանք չունեի ու որոշեցի ինքնադրսևորվել դարձյալ տուրիզմի բնագավառում: Քանի որ մեր առանձնատունը բավականին մեծ էր՝ ընտրեցի հյուրատնային ծառայությունների մատուցման ոլորտը: Որոշակի աշխատանքներից հետո մեր տունը վերածվեց գեղեցիկ հյուրատան, որն արդեն մոտ 3 տարի է, ինչ իր հյուրընկալ հարկի տակ ընդունում է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին»,- ասաց Զարուհին:

Արփինե Գյուլումյանը Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղից է։ Տարիներ առաջ է վերադարձել հայրենի գյուղ և որոշել է տանը հյուրընկալել զբոսաշրջիկների: Ի դեպ, միայն 120 այցելու ընդունել է 2016 թ.։

Գործարար Հրանուշ Ռեստակյանը հիմնել է հրուշակեղենի արտադրություն։ Որպես նորույթ արտադրում է կտավատի ալյուրով, առողջ և առանց գունանյութերի ու խմորիչների հաց։ Իր ապրանքանիշը կարողացել է ներկայացնել Երևանի գրեթե բոլոր սուպերմարկետներում, նույնիսկ՝ օդանավակայանի «Duty free» խանութում։

Վանաձոր քաղաքից Կարինե Սուլյանը մեղրից մաճառ է պատրաստում, արտադրությունն ամբողջությամբ բնական հումքից է՝ առանց կոնսերվանտների։ Գործարարը տարիներ շարունակ զբաղվում է մեղվաբուծությամբ, 150 մեղվաընտանիք ունի և մտածում է ընդլայնել արտադրության ծավալներն ու տեսականին։

Տաթևիկ Հարությունյանը սեփական գործը հիմնել է 2014 թ.՝ նախասիրությունը վերածելով աշխատանքի: Աշխատանքային օրվա վերջում գեղեցիկ նյութերից յուրահատուկ իրեր պատրաստելը ժամանակի ընթացքում վերածվել է զբաղմունքի: Լսելով հարազատների դրական արձագանքը՝ որոշել է հետևել իր երազանքին, ձեռք է բերել փոքր կարի մեքենա և սկսել է կատարելագործել գիտելիքները: Այնուհետև ստեղծել է «Թելի» ընկերությունը, որը արտադրում է տեքստիլ աքսեսուարներ և տան դեկորներ՝ պատրաստված բնական գործվածքներից և թելերից: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում հայկական զարդանախշերով և գույներով հուշանվերներին, որոնք ներկայացնում են մեր մշակույթը: Իսկ գլխավոր նպատակը, ձեռներեցի վստահեցմամբ, հայ կանանց տաղանդն ու ձեռքի շնորհքը զարգացնելն է որպես հայկական ապրանքատեսակ, որն ասոցացվում է որակի, յուրահատկության ու բարձր ճաշակի հետ:

Նելլի Ներսիսյանը Արագածոտնի Մաստարա համայնքը ճանաչված է դարձրել «Մաստարաչեդո» պանրի արտադրությամբ։ Ընկերությունը կապույտ պանրի՝ ռոքֆորի միակ արտադրողն է Հայաստանում և ապահոված բարձր որակի համար պարգևատրվել է տարբեր դիպլոմներով ու մրցանակներով։ Ընկերութունն արտադրում է ավելի քան 35 տեսակի պանիր և շուկայում առաջատար դիրք է զբաղեցնում։ Ի դեպ, արտադրանքը, ըստ Նելլի Ներսիսյանի, նաև արտերկրում են սպառում։ Այն վաճառվում է ռուսաստանյան հայտնի սուպերմարկետներում։

Լյուդա Բալյանը Գեղարքունիքի Ճամբարակ քաղաքից է, զբաղվում է թարմ կաթի արտադրությամբ: Հիշեցնում է, որ Ճամբարակն այս առումով առաջատարներից է, իրենց կաթն էկոլոգիապես մաքուր է ու համեղ: Ասում է՝ իրենց մոտ ձյուն քիչ է գալիս, կովերը կարողանում են արածել դրսում, ինչի շնորհիվ էլ կաթը և՛ որակյալ է ստացվում, և՛ ինքնարժեքից ցածր: Ստանալով ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցությունը՝ Լյուդան հիմնել է կաթի արտադրամաս, արտադրում է նաև 8 տեսակի պանիր:

Մարգարիտ Սիրեկանյանը նույնպես լավագույն գործարար է ճանաչվել։ Նրա հիմնած բիզնեսը նոր է և յուրօրինակ։ Հիմնել է առաջին կոնցեպտուալ խանութ սրահը, որտեղ ներկայացված են միայն հայկական բրենդներ։ Խանութ-սրահը, որ գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում, ներկայացնում է մի հարթակ, որտեղ ներկայացված են հայկական նորաձև ապրանքներ։ Նախագծի նպատակն է ներկայանալ նաև արտերկրում՝ օգնելով հայ սպառողին։

Իսկ Եղեգնաձոր քաղաքում Լադա Բաղդասարյանը մատուցում է հյուրատնային ծառայություններ, կազմակերպում էքսկուրսիաներ՝ ներկայացնելով հայոց պատմությունը։ Գործարարն իր աշխատանքով խթանում է նաև հարակից բիզնեսները՝ ներկայացնելով զբոսաշրջիկներին նաև տեղական արտադրանքը՝ չիր, պանիր, գինի։ Նրա հյուրերը միշտ նշում են, որ իրենց հետ տանում են մի փոքրիկ Հայաստան:

Հաջողակ բիզնես ունենալու համար «Ինգրեդիենտ» սրճարանի հիմնադիր Վարդանուշ Պետրոսյանն էլ ասում է՝ պետք է հավատալ սեփական ուժերին ու ռիսկի դիմել: Մասնագիտությամբ դիետոլոգ Վարդանուշի բիզնես կենսագրությունն անմիջական կապ ունի մասնագիտության հետ: Ցանկանալով ներդնել նոր մշակույթ սննդի ոլորտում` Վարդանուշը 5 տարի առաջ հիմնեց սննդի առաքման ծառայություն, որը, սակայն, տարբերվում էր առաջարկվող առողջ սնունդով: Ժամանակի ընթացքում ձեռք բերելով հիմնական հաճախորդների շրջանակ` Վարդանուշը բացեց «Ինգրեդիենտ» սրճարանը, որը, բացի սրճարանից, դարձավ նաև առողջ սննդի հարթակ:

Լ.Ն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: