Հայերեն   English   Русский  

Հանրային խորհուրդը քննարկել է Քարակերտի քարաձուլարանի վերագործարկման հարցը


  
դիտումներ: 2089

«Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ-ն դիմել է Հանրային խորհուրդ, որպեսզի խորհրդի համապատասխան հանձնաժողովում քննարկվի քարաձուլարանի վերագործարկման հնարավորության հարցը:

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում հարցն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որն այցելել է գործարան, տեղում ծանոթացել գործարանի ներկա իրավիճակին և առկա ռեսուրսներին: Աշխատանքային խումբը ղեկավարել է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի փորձագետ Գագիկ Դորունցը:

Ս.թ. փետրվարի 21-ին ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել նիստ, որի օրակարգային հիմնական հարցը վերաբերել է Քարակերտի քարաձուլարանի վերագործարկման հնարավորություններին: Նիստի ընթացքում Գագիկ Դորունցը մանրամասն տեղեկանք է ներկայացրել իրենց ուսումնասիրությունների վերաբերյալ՝ ներկայացնելով գործարանի պատմությունը, աշխատելու ժամանակահատվածում ցուցաբերած արդյունքները և այն պոտենցիալը, որը հնարավոր է օգտագործել նաև այսօր՝ վերականգնելով բազալտի սալիկների և բազալտի մանրաթելի արտադրությունը:

«Որպեսզի գործարանը հնարավոր լինի վերագործարկել, անհրաժեշտ է իմանալ, թե ինչ ծախսեր են անհրաժեշտ: Ուստի մենք առաջարկում ենք ֆինանսների ծավալը որոշելու համար ստեղծել մասնագիտական խումբ, որը պետք է իրականացնի գործարանի շենք-շինություններ, սարքավորումների գույքագրում, տեխնիկական զննում, որոնց հիման վրա կազմի արձանագրություն հայտնաբերված թերությունների մասին և մշակի գործարանի վերագործարկան տեխնիկական նախագիծ և նախահաշիվ»,-նշել է Գագիկ Դորունցը:

Քարակերտի քարաձուլման գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանը, ներկայացնելով գործարանի վերագործարկման անհրաժեշտությունը, նշել է, որ Հայաստանի տնտեսության զարգացման կարևոր ուղղությունններրց մեկը ոչ մետաղական հանքանյութերի համալիր վերամշակման կազմակերպումն է: «Ոչ մետաղական հանքանյութերը մեր բրենդն է, մենք կարող ենք մինչև 50-60 անուն արտադրանք ստանալ (փքապեռլիտից՝ ձայնաջերմամեկուսիչ սալիկներ, սննդի և քիմիական արդյունաբերության համար՝ ֆիլտրեր և այլն), որոնք մրցունակ են միջազգային շուկայում և ապահովում են գերշահույթ: Ես իմ ասածի հիմնավորումները նաև ՀՀ կառավարություն եմ ներկայացրել: Ինչո՞ւ մենք մեր կարողությունը չենք օգտագործում»:

Օրակարգի հաջորդ հարցը կապված է եղել Տավուշի մարզում ինդուստրիալ էկոլոգիական պարկի ձևավորման և գործունեության ծրագրի հետ, որը ներկայացրել է գործարար Տարոն Սահակյանը: Գործարարը նախատեսում է Տավուշի մարզի ցիալիտի ոչ բնափայտային և բենտոնիտի պաշարների հիման վրա կազմակերպել արտադրություն, մասնավորապես բազալտի մանրաթելերի և բենտոնիտի հիման վրա՝ «բենտոմատ» հակաֆիլտրացիոն ծածկույթի արտադրություն:

ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ օրակարգի երկու հարցերը փոխկապակցված են. «Քանի որ Տարոն Սահակյանի ներկայացրած ծրագիրը իրատեսական է, ուստի անհրաժեշտ է նաև բազալտի մանրաթելի արտադրություն, դա է պատճառը, որ մենք առաջարկում ենք քննարկել Քարակերտի քարաձուլարանի վերագործարկման հարցը»,-ասել է Սաֆարյանը՝ հավելելով, որ սա առաջին փորձը կլինի նաև արդյունաբերական կոոպերացիայի իմաստով:

Տարոն Սահակյանը առաջարկել է իր ծրագիրը և գործարանի վերագործարկման հարցը ներկայացնել Հանրապետության նախագահին՝ հիմնավորելով, որ այն պահապատասխանում է 2017 թվականին ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված՝ «ՀՀ բնական պաշարների կառավարման հայեցակարգի» պահանջներին, ինչպես նաև իրական հնարավորություն է ստեղծում միջմարզային կապերի ձևավորման և մարզերի համաչափ զարգացման ծրագրեր իրականացնելու համար:

Նիստի ավարտին, հաշվի առնելով շահագրգիռ քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունները, որոշվել է կազմել տեղեկանք գործարանի վերագործարկման անհրաժեշտության մասին և ներկայացնել ՀՀ կառավարություն: Որոշվել է նաև առանձին քննարկում կազմակերպել Տավուշի մարզում ինդուստրիալ էկոլոգիական պարկի ձևավորման և գործունեության ծրագրի վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: