Հայերեն   English   Русский  

​«Գաղտնիք Ղարաբաղի». գրեթե երկուսուկես դարի առեղծվածը


  
դիտումներ: 5385

Գրեթե 150 տարի առաջ լույս տեսած այս գրքի պատճենահանված օրինակը ձեռքս ընկավ մի ուշագրավ դիպվածով, մայրաքաղաքի բուհերից մեկի դասախոս Մաքսիմ Դանիելյանի ձեռամբ:

Ես էլ իմ հերթին մեկ օրինակ պատճենահանեցի ինձ համար: Սակայն կարդալուն զուգահեռ շարունակ մի միտք էր տանջում. տեսնես Արցախի ցավով արդեն երեք տասնամյակ տառապող մեր հանրությունը գոնե ինչ-որ չափով տեղյա՞կ է այդ ամենից:

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանից իմացա, որ գրքի 10 օրինակ Ազգային գրադարանն ունի, որոշ օրինակներ էլ կան պետհամալսարանի, ակադեմիայի գրադարաններում, ինչպես նաև Սարդարապատի թանգարանում: Իսկ թե մասնավոր հավաքածուներում որքան կա՝ դժվար է ասել:

Ուստի այդ մտահոգությամբ համարձակվեցի փոշուց մաքրել և հատվածաբար հանրությանը ներկայացնել այս փոքրիկ լեռնաշխարհի 240 տարվա մշուշում թաղված որոշ հույժ գաղտնի ու կարևոր էջեր:

Գիրքը տպագրվել է Սանկտ Պետերբուրգի Սկորոխոդովի անվան տպարանում, 1886 թ.: Երկհատոր այս գիրքը տպագրվել է բարեպաշտ ծերունի Առաքել աղա Ծատուրյանի հովանավորությամբ, իսկ ավելի ուշ` 1906 թ., Վիեննայում` Րաֆֆու «Խամսայի մելիքությունները» գրքում:

Գրքի հեղինակ է նշված Ապրես Բեկնազարյանցը, սակայն ըստ առաջաբանի հեղինակ և թարգմանիչ, հնագետ, գրող, հոգևորական Մակար Բարխուդարյանցի՝ առաջին հատորը թելադրել է Ապրեսի հայրը՝ Աբրահամ Բեկնազարյանցը, Ապրես Բեկնազարյանցն ուղղակի գրի է առել: Իսկ երկրորդը գրվել է հոր ու որդու խորհրդակցությամբ:

Մակար Բարխուդարյանցը, ուշադրության կենտրոնում պահելով իրադարձությունների զարգացումները, համոզված է, որ այս պատմագրության հեղինակը, այնուամենայնիվ, հայրն է` Աբրահամ Բեկնազարյանցը: Եվ ըստ ամենայնի՝ Բարխուդարյանցը չի սխալվել, որովհետև հայր Բեկնազարյանցը երկար ժամանակ Ներսես կաթողիկոսի մոտ է ուսումն առել, նրա մոտ մնացել, որտեղից էլ տեղեկացել է Ղարաբաղի հոգևոր և այլ անցուդարձերին: Այնուհետև դարձել է Ջրաբերդի Մելիք-Ադամի զինվորը: Նա միշտ իր ծոցում ոչ միայն զենք է պահել, այլև պղնձե փոքրիկ թանաքաման, գրիչ ու թուղթ: Այնպես որ՝ մեզ հասածը ոչ թե ականջի պոչով լսած խոսակցություններ են, այլև հավաստի պատմություններ, որոնց մասնակիցը, ականատեսն ու դերակատարը նաև պատմագիրն է եղել: Իսկ թե ինչու է գիրքը որդու անունով, ապա այդ առեղծվածը խոստանում եմ բացահայտել ավելի ուշ, երբ կթերթենք ու կծանոթանանք երկրորդ հատորի իրադարձություններին:

Երբ մեր երևելի պատմաբանը 1881 թ. մայիսի 5-ի կեսօրին բացում է Շուշիում վարձով ապրող Մակար Բարխուդարյանցի տան դուռը, արդեն հարյուրամյակին մոտ ալեհեր ծերունի էր: Բայց խելքն ու միտքը տեղն էր, ձեռքերն էլ դողդոջյուն չէին, ինչպես բնորոշ է շատ զառամյալների: Իմանալով, որ իրենց համագյուղացի Բարխուդարյանցը ծերունիներից հավաքում է Ղարաբաղի անցյալի պատմությունները, մայիսյան այդ

օրը հարցուփորձով գտնում է նրա տունը, թակում նրա դուռը, կապոցից հանում թաշկինակներով խնամքով փաթաթված մի ծրար ու հանձնում նրան:

«Համարյա թե մի դարին մոտենում է, որ ես այս «Գաղտնիք Ղարաբաղի» ձեռագիրը մասունքի նման զգուշությամբ պահպանել իմ: Սորա մեջ շատ վտանգավոր գաղտնիքներ կան և Ղարաբաղի պատմության վերաբերյալ անգին գանձեր: Բայց այսուհետև կյանքիցս էլ չեմ վախում, որովհետև մահս մոտենում է, և սորա վերջին գլուխը գրել պրծել եմ»:

Իսկ ծերունին Խաչեն գավառի Խնածախ գյուղից էր, որ երեք ժամվա ոտքի ճամփա կտրելով՝ հասել էր Շուշի, որպեսզի «Գաղտնիք Ղարաբաղի» հուշագրությունը հանձնի Բարխուդարյանցին: Ձեռագիրը նվիրում է մի խնդրանքով, որ այն թարգմանվի աշխարհաբար: «Դուք նախ սորա լեզուն աշխարհաբար փոխադրեք և ապա հրատարակել տվեք, որպեսզի դյուրըմբռնելի լինի սորա իմաստն հասարակության: Հիմա գրական լեզուն աշխարհաբարն է և ոչ թե գրաբարը, որ շատերին անհասկանալի է: Վերջապես սա է միայն իմ սրբազան կտակը. երկու տարի էլ համբերեք և ապա հրատարակել տվեք, եթե արժան կհամարեք հրատարակության և եթե կհարգեք իմ կտակը»,- ասում է ծերունին ու հրաժեշտ տալով հեռանում:

Թարգմանիչը թախանձագին խնդրում է, որ գոնե անուն-ազգանունն ասի, նաև վարձատրության պայմանները: «Իմ վարձատրությունը, հարգանքն ու պատիվն այն կլինի, որ իմ կտակը ճշտիվ կատարեք, իսկ անուն-ազգանունս կիմանաք ձեռագրից»,- ասում է ծերունին:

Ապագա թարգմանչին այլ բան չէր մնում, քան բացել թաշկինակներով փաթաթված ծրարն ու ծայրեծայր կարդալ կապտագույն հաստ թղթերին փետրագրչով գրված դժվարընթեռնելի, դժվար վերծանելի, բայց անչափ ուշագրավ ձեռագիրը:

Պատվարժան Բարխուդարյանցն ազնվորեն կատարեց ծերունու կտակը: Թարգմանեց առանց իր կողմից մի բառ ավելացնելու և պակասեցնելու, շարադրանքի ոգին ու իմաստը փոխելու: Միայն առաջաբանում իր կողմից մի հռետորական հարցադրում ունի. «Գաղտնիք Ղարաբաղի» գիրքը լույս տեսնելու արժանի կամ անարժան պատմությո՞ւն է, թե՞ պատմավեպ, ընտի՞ր գործ է, թե՞ հոռի»: Որոշումը վերապահված է բանիմաց պատմաբաններին ու անաչառ քննադատներին՝ հույս փայփայելով, որ այն լույս կսփռի ոչ միայն Ղարաբաղի պատմության մութ դրվագներին, այլև Անդրկովկասի գաղտնի գործարքներին:

Բարխուդարյանցը հեղինակի ամենագովելի հատկությունն այն է համարում, որ բոլոր նամակների և շահի հրովարտակների պատճենները նույնությամբ ու ժամանակագրական կարգով զետեղել է բնագրում իբրև անհերքելի և շոշափելի փաստեր, որոնք էլ ընթերցողի առջև գաղտնիության փականով շատ գոց դռներ են բացում: Քաղաքական ձգտումներ, գաղտնի հարաբերություններ, որ ունեցել են Ղարաբաղի հայ մելիքները միմյանց հետ, հայ կաթողիկոսներն ու մելիքները՝ ռուսների հետ, ճըռ-խաները՝ ճըռ-մելիքների հետ, պարսից շահերը և շահի ժառանգները՝ Անդրկովկասի բոլոր խաների հետ.. Եվ այսպես շարունակ:

Հեղինակը միայն ձմեռներն էր երբեմն տանը լինում, իսկ գարնանը, ամռանը և աշնանը` Կյուլստանի (Գյուլիստան), Ջրաբերդի և Խաչենի հարազատ-մելիքների հետ` ճըռ-խաների և ճըռ-մելիքների դեմ պատերազմում:

Նա հարազատ է կոչում այն իշխանությունը, որ շատ հնուց` որդոց-որդի է շարունակվել: «ճըռ» Ղարաբաղի բարբառով նշանակում է վայրի, անպատվաստ պտղատու ծառ: Իսկ այս պարագայում գործածվում է կեղծ, շինծու, անհարազատ բառերի նշանակությամբ, որովհետև այդ խաներն ու մելիքները ոչ թե իրենց պապերից էին ժառանգել իրենց տիտղոսները, այլ ավազակաբար ձեռք բերել ու իրենք իրենց մելիք ու խան հռչակել: (Ճըռերի ազգակործան քայլերին կանդրադառնանք հաջորդիվ:)

Առաջաբանի ավարտին Մակար Բարխուդարյանցը ցավով հայտնում է, որ 1884 թ. օգոստոսի 30-ին բնակարանից բնակարան տեղափոխվելու ժամանակ` երեկոյան մթին, բեռնակիրների անզգուշության պատճառով գրքի ձեռագիրն ու հինգ այլ գրքեր փաթեթից ընկել են: Երբ կորստի մասին հաջորդ օրն իմանում են, երեք օր հայտարարություն են տալիս ողջ քաղաքով, անգամ պարգև խոստանում գտնողին, բայց ապարդյուն: Բնագիրն այդպես էլ չեն գտնում: Բարեբախտաբար թարգմանիչն արդեն ավարտել էր իր գործը, չէ՞ որ արդեն անցել էր երեք տարի:

Առաջին հատորը հեղինակը սկսում է 1795 թ. մայիսի 15-ին բերնեբերան անցած մի գույժով, որը կայծակի արագությամբ տարածվել է ողջ Ղարաբաղով: Պարսից Աղա-Մամատ շահը, Խուտափերինի կամուրջը, այնուհետ Երասխ գետն անցնելով, անթիվ զինվորներով գալիս է Շուշին կործանելու և Ղարաբաղը թալանելու: Ամեն մարդ թող տեսնի իր գլխի ճարը: Սարսափ է պատում պարսից շահերի հաճախակի արշավանքներից դառն փորձ ձեռք բերած ժողովրդին:

Երկար մտածելու ժամանակ չկար: Կյուլստանի և Ջրաբերդի հայությունն ամրանում է Ջրաբերդում, Խաչենի ժողովուրդը՝ իր անառիկ Կաչաղակաբերդում, Խնածախցի Բեկնազարյանցի գյուղացիք` Շուշիում, որը երկու ժամվա հեռավորություն ուներ Խնածախից: Դիզակի և Վարանդայի ժողովուրդը նույնպես Շուշի է բարձրանում՝ միանալու Իբրահիմ ճըռ-խանի հետ, որը Փանահի որդին էր: Վերջինիս հետ շատերն են միանում, իսկ Ջրաբերդի հարազատ Մելիք Մեժլումը միանում է Աղա-Մամատ շահի հետ, որ իր այդ քայլը արդարացնում էր շահի տված անսուտ երդմամբ` ջնջել Ղարաբաղի ճըռխանությունը, ճըռմելիքությունը և ճըռկաթողիկոսությունը և փոխարենը հաստատել բազմադարյա հարազատ կաթողիկոսություն ու մելիքություն:

Մինչդեռ շահի այդ խոստումը Բեկնազարյանցին անհավատալի էր թվում: Իսկ թե ինչու, կիմանանք հաջորդիվ:

1701 թ. Արցախի մելիքությունների հոգևոր և քաղաքական կենտրոն Գանձասարում հրավիրվեց գաղտնի ժողով, որտեղից Իսրայել Օրին և Մինաս վարդապետը Արցախը Պարսկաստանի լծից ազատելու օգնության խնդրանքով նախ Եվրոպա, ապա Ռուսաստան մեկնեցին: Պետրոս Մեծի մոտ գնացին ժողովի կողմից հաստատված հետևյալ հանրագրով.

«Հայերս 78 հազար զինվոր ունենք, բայց պարտավորվում ենք այդ թիվը100 հազարի հասցնել, եթե կայսրը բարեհաճի իր 15 հազար զինվորով առաջնորդել հայ զորքը: Բոլոր ծախսերը հայերը պարտավորվում են իրենց վրա վերցնել: Իսկ երբ կթոթափեն պարսկական լուծը և կմտնեն ռուսական պետության հովանու ներքո` պահպանելով իրենց հայկական իշխանությունը բազմադարյա իրավունքներով, ապա պարտավորվում են որոշակի տուրք վճարել ռուսաց կառավարությանը»:

Մի պահ կտրվենք Բեկնազարյանցի պատումից ու հասկանանք, թե ինչու Օրին, որ, ինչպես ընդունված է ասել, հիմք դրեց հայ ժողովրդի ռուսական կողմնորոշմանը, մինչ Ռուսաստան մեկնելը վարդապետի հետ նախ Եվրոպա գնաց: Մի մարդ, որ հեծելազորի կապիտանի աստիճանով1688-95 թթ. մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին, անգլիական 3-ամյա գերությունից հետո հայտնվել է Գերմանիայի Հռենոսյան Պֆալց երկրամասում և 1698 թ. տեղի կայսրընտիր Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և օսմանյան կառավարության (որի դեմ մղվող պատերազմին այդ ժամանակ մասնակցում էր նաև Պֆալցը) թիկունքում անկախ Հայաստան և Վրաստան ունենալու միտքը, հանկարծ Ռուսաստանում է հայտնվում:

Որովհետև այդ ծրագիրը նա դեռևս 1700-ի սկզբին էր ներկայացրել մեծ իշխան Վիլհելմին, որին պիտի միանար նաև Ռուսաստանն իր 25 հազար զինվորով: Թեև նրան տեղեկացրել էին, որ ռուս արքունիքը Հայաստանի ազատագրման հարցով կզբաղվի միայն Շվեդական պատերազմից հետո:

Ինչո՞ւ Եվրոպա, երբ հայերս մեր փրկությունը Ռուսաստանի հետ էինք կապում: Մի՞թե մի ձեռքով երկու ձմերուկ էինք ուզում բռնել, բայց երկուսն էլ կորցրինք: Գուցե վիճելի պնդում է, բայց ասեմ, որ խորհրդային պատմագրությունն այս փաստը ձախողված ծրագիր համարեց: Այսպես թե այնպես կաթողիկոս Նահապետ Ա. Եդեսացին ու Գանձասարի Սիմոն կաթողիկոսն այդպես էլ չարձագանքեցին նրա այս առաջարկությանը: Բեկնազարյանցն էլ իր հերթին Եվրոպա մեկնելու փաստին այդպես էլ չանդրադարձավ, որովհետև մյուս ձեռնարկումներն էլ ասես ձախողվեցին: Մինչդեռ առավել տարօրինակ է, որ մեր այսօրվա պատմագրությունը Օրու անունն ու դերը անուրանալի է համարում Ռուսաստանի հետ բարեկամական կապեր հաստատելու, Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանին միավորվելու գործում: Անգամ այն դեպքում, երբ այդ պայմանագիրը կնքվեց 1813 թ., իսկ Օրին մութ հանգամանքներում մահացավ 1711 թ. օգոստոսին Հաշտարխանում (Աստրախան)` ողջ կարողությունը թողնելով գործընկերներին:

Դառնանք Ռուսաստանի կայսրին ուղարկված հանրագրին, որի բնագիրը, ըստ Բեկնազարյանցի, պահվում է Գանձասարի հնադարանում, իսկ պատճենը՝ կայսերական դիվանատան արխիվում: Վերջապես կայսրն ընդունում է մեր առաջարկը և խոստանում այն կատարել, բայց այն ևս օդում կախված է մնում մի անհեթեթ պատճառաբանությամբ:

Քանի որ կայսրը միշտ զբաղված էր քաղաքական այլևայլ գործերով, հայերին միշտ պատվիրում է համախմբվել ու սպասել: Հայերին այլ բան չէր մնում:

Իսկ երբ Գանձասարի Եսայի կաթողիկոսը հայկական զորքը պատրաստ պահելու նամակ է ստանում կայսրից, խաչն ու Ավետարանն առած՝ իր զորքը Գանձակ է առաջնորդում, ուր միանում են նաև վրաց սակավաթիվ զորքը: Սակայն կայսրից առաջ անհեթեթ լուր է հասնում՝ իբր Պետրոս Մեծն իր զորքով եկավ Դարբանդ` Ղարաբաղ գնալու համար, բայց անմիջապես Ռուսաստան վերադարձավ՝ ծովից վախենալու պատճառով: Պարսից շահերն ավելի չարացան: Այս անօգուտ արշավանքի իրադարձությունների մանրամասները գրառել է նաև ականատես Եսայի կաթողիկոսը:

Հասկանալու համար, թե իրականում ինչ կատարվեց, Բեկնազարյանցի մի պնդում էլ առանձնացնեմ: Կայսրը, որ խոստացել էր օգնել հայերին Պարսից լծից ազատվելու համար, պարսիկների հետ կնքած մեկ այլ համաձայնությամբ գրավում է Դարբանդը, Մազանդարան և Գիլանը, իսկ մյուսով 1724 թ. օսմանցիներին նվիրում Շամախին, Նուխին, Ղարաբաղը, Վրաստանը, Արարատյան և Ատրպատական նահանգները: Մեկ տարի անց վախճանվում է կայսրը, որից հետո գահակալում է նրա կինը` Եկատերինա Առաջինը:

Արդեն Ներսես կաթողիկոսի օրոք, երբ Նադիր շահը պատերազմով Ռուսաստանից հետ խլեց այն քաղաքներն ու գավառները, որոնք գրավել էր կայսրը, պարսից շահից ոչ միայն մեծամեծ արտոնություններ ու պարգևներ ստացան հայոց և Աղվանքի կաթողիկոսները, այլև Դիզակի, Ջրաբերդի, հայ հարազատ մելիքները:

Այնուամենայնիվ Ներսես կաթողիկոսն ու Ղարաբաղի հինգ հարազատ մելիքները նախընտրեցին հարել ռուսաց կառավարութանը՝ իբրև քրիստոնյա տերության:

Պատմաբանի համոզմամբ՝ արդեն Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանցի ձեռամբ շարունակվեցին հայերի և ռուսների հարաբերությունները, որոնք ոչ միայն մազաչափ օգտակար չեղան հայերիս համար, այլև քաղաքականապես ամենամեծ վնասը հասցրին հատկապես Ղարաբաղի հոգևոր և մարմնավոր իշխանություններին ճնշելու, ժողովրդի մի մասին գաղթեցնելու, իսկ մնացածի ուժերը տկարացնելու առումով:

Սակայն այս անգամ զերծ մնալով որևէ տեսակետ արտահայտելուց՝ այնուամենայնիվ մի իրողություն ուզում եմ հասկանալ. այդ դեպքում մեզ ի՞նչ տվեցին Ռուսաստանի հետ միավորվելու այդ քոռուփուչ հանրագրերը, 1813 թ. Գյուլիստանի պայմանագիրը, որով իբր Ղարաբաղի համար տնտեսական զարգացման, պաշտպանության ամրապնդման մի նոր դարաշրջան սկսվեց, Ղարաբաղը մտցվեց Ելիզավետպոլի (նախկին Գանձակ) նահանգի մեջ որպես առանձին գավառ: Մի՞թե ռուսամետ կողմնորոշմամբ Բեկնազարյանցը մի լավ բան այդ ամենում չի տեսել, որ գրեր: Որքան էլ փնտրեցի, նման փաստերի չհանդիպեցի:

Փոխարենը շարունակ մորմոքում է, որ բավական ժամանակ է, ինչ մենք խաբվել ենք օտարներից, որոնք, դատարկ խոստումներով, մեր գլխի տակ փափուկ բարձ դնելով՝ մեզ քնեցրին: Մեր թանկագին ժամանակն իզուր ծախսեցինք՝ մեր հայրենիքին այդքան վնաս պատճառելով: Երբ կամենում էինք Ղարաբաղից արմատախիլ անել ճըռերը, ճըռությունը, միշտ մեր մելիքները արգելում էին ասելով. «Որդիք, կարծես ժամանակն է անգամ ճըռացել, որ մեզ համար կարճ կյանք ունեցող ճըռշահեր է ծնում: Համբերեք, որդիք, մի փոքր ևս համբերեք, Աստված ողորմած է»: Հինգ հազար զինվոր ունեցող հրամանատար-պատմագիրը, որ Եկատերինա թագուհու գահակալման տարիները ևս անպտուղ համարեց, սրտնեղում է, թե հերիք է ինչքան մեզ կաշկանդեցին մեր մեծերն իրենց անօգուտ հրամաններով: Բայց էլի այլընտրանք չունենալով՝ նույնաբովանդակ մի հանրագիր էլ այս անգամ կայսրուհուն են ուղարկում:

Ցավոք, Գանձասարի երդվյալ ուխտապահ հայերից մեկը` Հովհաննես Ջալալյան հարազատ կաթողիկոսի հարազատ եղբայր Մուլքի բեկը, որ ժողովից առաջ նույնպես երդվեց Գանձասարի տաճարով և խաչով, ժողովի գաղտնիքը հայտնում է Իբրահիմ ճըռխանին: Վերջինս էլ անմիջապես նամակ է ուղարկում Գանձակ, որով էլ Ամարասի հարազատ կաթողիկոսությունը խոստանում է Իսրայել ճըռկաթողիկոսին, որ եթե հաջողվի՝ կալանավորել հանրագիրն ու Շուշի ուղարկել: Ինչն էլ հաջողվում է, և Իսրայել ճըռկաթողիկոսը շուտափույթ Գանձակից Ամարաս է ուղարկվում:

ՄԱԴԱԹՈՎԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԽՈՍՏՈՒՄՆ Ու ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Վարանդա գավառի Չանախչի գյուղում ծնված կնյազ Մադաթովը 1816 թ. նշանակվեց Ղարաբաղում ռուս և հայկական զորքերի միաժամանակյա հրամանատար: Պարսկական դիվանը և՛ հետաքրքրված, և՛ տագնապած էր Մադաթովի վերադարձով: 1812 թ. մեծ զորքով Ղարաբաղ արշաված և 1813-ին ռուսներից Լենքորանի բերդը գրաված Աբաս Միրզան Մեյտի ճըռխանին հրամայեց, որ ամեն գնով կնյազ Մադաթովին համոզի ու խանի վրա գրանցել տա Ղարաբաղի բոլոր հողերը, որպեսզի գոնե այդ կերպ պատժեն հայերին, մելիքներին թշնամի ռուսների կողմն անցնելու,Պարսկաստանի, հատկապես Աբաս Միրզայի դեմ պատերազմելու համար:

Մադաթովի մուտքը Ղարաբաղ սկզբում խոստումնալից էր. նա առաջին հերթին հանդիսավոր երդվեց ռուսաց կայսրին ներկայացնել հայ քաջերի` Ռուսաստանին մատուցած այն բոլոր ծառայությունները, որոնք մինչ այդ զլացել էին տեղեկացնել իրենից առաջ եղած ռուս պաշտոնյաներն ու վրացի գործընկերները: Երկրորդ` բոլոր հարազատ մելիքների և քաջերի խորհրդով` ստորագրություն առավ Մեյտի ճըռխանից, Ջափար-Ղուլի ճըռբեկից և բոլոր թուրք գյուղապետներից, որով նրանք պատասխանատվություն պիտի կրեին Ղարաբաղում կատարվող թալանի, մարդասպանությունների, գողությունների համար: Դրժողներին խոստացավ Սիբիր աքսորել: Այդ ամենի մասին Բեկնազարյանցին, որ արդեն Թեհրանում էր, գրում է Մելիք Վանը` Մադաթովի բռնած գործը ճիշտ համարելով:

Բեկնազարյանցի պատասխանն առավել հեռուն էր գնում: Թեև Մադաթովը ղարաբաղցի էր, սակայն անփորձ մարդ էր, բայց որ անզգուշությունից կարող էր մեծ վնաս ծնվել, ոչ միայն մասնավոր անձի, այլև ողջ Ղարաբաղի համար, պատմագիրը որևէ կասկած չուներ: Ուստի իր պարտքն է համարում Մելիք Վանին նամակով տեղեկացնել, որ Աբաս Միրզան ծածուկ հրահանգներ է ուղարկել բոլոր խաներին, որպեսզի գաղտնի կաշառեն Մադաթովին և իրենց զբաղեցրած բոլոր հողերը հօգուտ խաների վճռվեն: Իսկ Մեյտի խանին հատուկ հրամայված էր ամեն գնով բոլոր հողերն իր վրա գրանցել տալ` դրանով իսկ պատժելով հայերին:

Ավելորդ չհամարելով հիշեցնել, որ ո՛չ ավազակապետ Փանահն է Ղարաբաղ հող բերել Պարսկաստանի խորքերից, ո՛չ Իբրահիմ ճըռխանը Շիրազի բանտից և՛ ոչ կնյազ Մադաթովը Ռուսաստանից, Բեկնազարյանցը շեշտում է, որ Ղարաբաղի բոլոր հողերը սեփականությունն են մեր բազմադարյա վանքերի և հարազատ մելիքների, որոնք որդոց որդի հաստատված են անգամ շահական հրովարտակներով: «Սիրելի Մելիք, համոզեք հարազատ մելիքներին, որ հաստատել տան վանքապատկան, եկեղեցապատկան և մելիքապատկան հողերը: Դրանց ճշմարտացիության մասին քաջ գիտի նաև Ղարաբաղի հողում ծնված ու նրանով սնված Մադաթովը, բայց վախենամ, որ նա այդ արդարությունը զոհաբերի անիրավությանը, իսկ իրավունքը՝ կաշառքին: Պարսից շահերից առավել ստոր գտնվի, որոնք գոնե հազարավոր տարիներ անբռնաբարելի են պահել այդ եռապատկան հողային հարստությունները, որոնք հիմա կնյազին է հանձնվել»,- դառնացած եզրափակում է իր նամակը Բեկնազարյանցը, որում ինչպես խնդրանք, այնպես էլ պարտադրանք կա:

Ոչ միայն Բեկնազարյանցի, այլև հայ մելիքների հույսերն այս անգամ էլ չարդարացան, որովհետև Մադաթովին Հյուսիսային Դաղստան ուղարկեցին: Ռուսաստանի ուժերը Կովկասում տկարացնելու, նրա սահմանները կրճատելու համար այնտեղ խժդժություններ էին սկսվել: Պարսկաստանն էլ, մասնավորապես Աբաս Միրզան, լեկզիններին (չեչեններ) օգնելու նպատակով 1818-ին զորք է ուղարկում Դաղստան, որտեղ հրամանատար էր կարգված կնյազ Մադաթովը: Նա այնտեղ մենակ չգնաց: Իր ազդու հորդորով իր հետ տարավ 5 գավառների հարազատ մելիքների հեծելազորը: Ղարաբաղցիներն այնպես կռվեցին ու հաղթեցին, ինչի շնորհիվ նրանց համբավը ոչ միայն հարևաններին հասավ, այլև Պարսկաստան: Իսկ, թե դրանից մենք ինչ շահեցինք, կտեսնենք հաջորդիվ:

Ե.Ա.

Շարունակությունը այստեղ

Հ.Գ. Պարսկաստանից Ղարաբաղ տեղափոխված թուրք թափառական ցեղերը ինչպես բնակռվեցին Արցախ աշխարհում,այդ թվում նաև Աղդամում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: