Հայերեն   English   Русский  

​Շարժիչ ուժը հավատն էր, իսկ հիմա այն չկա. Ղարաբաղյան շարժման մասնակից


  
դիտումներ: 2678

Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ «Անկախին» իր հուշերն է ներկայացնում շարժման ակտիվ մասնակից, Սահմանադրական խմբերի միության անդամ, Մյասնիկյանի շրջանի (այժմյան Կենտրոն վարչական շրջան) ընտրությունների համակարգող Կարինե Վարդանյանը:

Անդամակցությունը շարժմանը

Մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրիկ եմ: Աշխատում էի «Հայէներգացանց նախագիծ» ինստիտուտում: Փետրվարյան մի օր աշխատանքից հետո ես ու ընկերուհիս, այսպես ասած, քաղաք իջանք. մեր գործարանը Նորքում էր: Մաշտոցի պողոտայում ականատես դարձանք գոնե ինձ համար արտառոց երևույթի. մարդկանց մի խումբ վանկարկումներով ու երթով իջնում էր պողոտայով: Ընկերուհուս հետ միացանք նրանց՝ ճանապարհին հարցուփորձ անելով, թե ինչ նպատակ ունեն։ Պարզվեց, որ Աբովյանում պահեստներ կան, որոնց պայթելու վտանգ կա, և իրենք դեպի կառավարության շենք էին գնում՝ պահանջելով խնդրի լուծում։ Այդտեղ հանդիպեցի Աբովյանից իմ կուրսեցիներին, զրուցելով հասանք հրապարակ։

Այնտեղ թռուցիկներ բաժանեցին, որոնցում ասվում էր, որ հաջորդ օրը Թատերական (այժմյան Ազատության) հրապարակում Ղարաբաղի հետ կապված միտինգ է լինելու։

Հենց այդ պահից միացա շարժմանը։ Ինձ համար այդ ամենը հետաքրքիր ու անսովոր էր։ Սկզբում մասնակցում էի հետաքրքրությունից դրդված: Ղարաբաղի մասին էլ շատ բան չգիտեինք, պատմական փաստերից գոնե ես տեղյակ չէի։ Սկսեցի հարցուփորձ անել իմացողներից, կարդալ, ցույցերի ժամանակ էլ այդ ամենը ներկայացվում էր: Ու մեկ էլ հանկարծ հասկացա, որ այդ գաղափարների կրողն եմ: Առաջին օրերին, երբ մարդիկ բռունցք էին բարձրացնում՝ ինձ համար տարօրինակ էր, որոշ ժամանակ անց զգացի, որ ես էլ եմ բռունցք բարձրացնում։ Բնազդաբար սկսեցի, հետո ոգևորված մտա շարժման մեջ։

Պահանջն արդար էր, խնդիրը` օրենքով լուծելի

Մեր ցույցերը հակակառավարական չէին։ Սկզբնական շրջանում «Լենին, պարտիա Գորբաչով» կարգախոսն էր տիրում։ Մենք հավատում էինք, որ մեր պահանջն օրինական է, որ մեր պայքարն արդար է. մեր հայրենակիցներին այնտեղ ճնշում էին, թույլ չէին տալիս ազատ ապրել, մենք էլ ուզում էինք մերոնց սատարել։

Ես շատ էի հավատում, որ կարող ենք խնդիրն օրենքով լուծել։ Բայց հետո, երբ կենտրոնական թերթերում մեր մասին վատ ու սուտ բաներ սկսեցին գրել, երբ Սումգայիթը եղավ, տեսանք, թե կենտրոնական իշխանություններն ինչ դիրք գրավեցին, արդեն սկսեցինք չհավատալ, որ օրենքով հնարավոր է հարցը լուծել։

Ճիշտ է, ես միշտ սիրել եմ իմ լեզուն, հպարտ եմ եղել, որ հայ եմ, բայց այդ ժամանակ իմ ներսում զարթնեց ազգայինը, որը քնած էր սովետական դաստիարակության հետևանքով:

Մեր խմբով որոշեցինք, որ միտինգներին մասնակցելուց բացի, նաև օգտակար գործով պետք է զբաղվենք: Անդամակցեցինք «Հայ դատ» կազմակերպությանը: Այստեղ ավելի շատ ինքնապաշտպանական խմբեր էին ձևավորում, ինքնաշեն զենք էին սարքում, ուստի մենք շատ անելիք չունեինք: Բայց այնտեղ շատ գրականություն էին տալիս և՛ Ղարաբաղի մասին, և՛ հայոց պատմության։ Շատ էին հակասեմական, հակասովետական նյութերը: Նրանց մոտեցման համաձայն` առանձին Ղարաբաղի հարցը լուծել հնարավոր չէր: Սահմանադրությունը թույլ էր տալիս հանրապետություններին դուրս գալ ԽՍՀՄ կազմից։ Ասում էին, որ մենք պետք է դուրս գանք ԽՍՀՄ-ից, նման շարժում պետք է սկսվեր նաև Արևմտյան Հայաստանում, հետո կմիավորվեինք՝ այդպիսով Ղարաբաղի և Նախիջևանի հարցն էլ կլուծվեր։ Քաղաքականությունից շատ հեռու էի, բայց հավատում էի այդ տեսլականին։

«Հայ դատում», սակայն, քննադատում էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, նրանց գործունեությունը, ինչն ինձ համար անընդունելի էր. «Ղարաբաղ» կոմիտեից ամեն մեկը մեզ համար մի կիսաստված էր: Շուտով հեռացա «Հայ դատից»` նաև հաշվի առնելով, որ նրանց գաղափարները շատ վերացական են, մինչդեռ «Ղարաբաղ» կոմիտեն հստակ պահանջներ ու նպատակներ էր դնում:

Անկախության պահանջը

Անգամ անկախության պահանջը հակասովետական չէր. օրենքը թույլ էր տալիս: Ղարաբաղի հարցում էլ սահմանադրությունն ինքնորոշման հնարավորություն էր տալիս։

Հավատում էի, որ անկախություն, ի վերջո, կունենանք, բայց չէի պատկերացնում, որ այդքան շուտ այդ ամենը կլինի։ Բայց և 1990 թ., երբ Ռաֆայել Ղազարյանը միտինգի ժամանակ ասաց՝ ժողովուրդ ջան, քիչ մնաց, մի կես կամ մեկ տարի էլ պայքարենք, ու հարցը կլուծվի, զարմացանք՝ այդքան երկա՞ր։ Ինչ իմանայինք, որ մի ողջ կյանք` երեսուն տարի կանցնի, ու հարցն այդպես էլ չի լուծվի։

Ընտրությունները. արդարությունից մինչև կեղծիք

Եղել եմ Մյասնիկյանի շրջանի ընտրությունների համակարգողը: 1990 թ. Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ նպատակն էր ընտրել լավագույններից լավագույններին: Առաջադրվող թեկնածուները բոլորը կիրթ ու զարգացած մարդիկ էին, մտավորականներ, որոնք ո՛չ մականուններ ունեին, ո՛չ էլ գողական էին:

Բայց դրանից հետո՝ 1991-ին, երբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եղան, հիասթափվեցի ու հեռացա. առաջադրում էին իրենց ծանոթներին, բարեկամներին, մինչդեռ ես պնդում էի, որ առաջադրվողը լավ մարդ կամ ՀՀՇ-ական լինելուց բացի, նաև պետք է կարողանա աշխատել։ Ես ինձ համար մի սև ցուցակ ունեի. թեկնածուներից ովքեր մոտենում էին ու խնդրում օգնել, ասում էին, թե ուզում են շրջսովետի նախագահ դառնալ, դրանց միանգամից սև ցուցակ էի գցում։

Հետո ինձ ընդգրկեցին նաև անկախության հանրաքվեի հանձնաժողովում: Հիշում եմ՝ զանգեցին, առաջարկեցին, ես մերժեցի, բայց հետո ռադիոյով իմ անունը հայտարարեցին:

Գնացի, որ հրաժարվեմ: Հասկացել էի՝ մեզ կոտորելով, պայքարելով ձգտում էինք, որ ընտրվեն լավերը, նրանցից առավել լավերն էլ ղեկավար դառնան, բայց նրանք անում էին այն, ինչում մեղադրում էինք կոմունիստներին՝ հովանավորչություն։

Շատ պնդեցին, որ մնամ: Ի վերջո, մնացի հանձնաժողովում:

Պետք է ասեմ, որ հանրաքվեն, ինչպես և 1990-ի Գերագույն խորհրդի ընտրությունները, արդար են եղել: Ժողովուրդն ինքնաբուխ էր մասնակցում: Փոքր գյուղերից օրվա կեսին զանգում ու ասում էին, որ բոլորն արդեն մասնակցել են քվեարկությանը և տեղամասը փակում են: Մեծ ոգևորություն էր։ Ամփոփումն էլ եղել է հեռուստատեսությամբ` ուղիղ եթերով։

Նախագահական ընտրություններին չեմ մասնակցել, իրոք չէի ուզում, արդեն հավատ չունեի։ Իսկ 1995 թվականին ինձ ԱԺՄ-ից համոզեցին, որ ընդգրկվեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Մասնակցեցի ու տեսա մի ահավոր բան, մեկ բառով ասած` բեսպրեդել. այն ժամանակ միաժամանակ սահմանադրության հանրաքվեն էր ու խորհրդարանական ընտրություններ:

Մենք հանձնաժողովում 23 հոգի էինք, որից 6-ը ընդդիմադիր, մնացածը՝ իշխանության ներկայացուցիչներ։ Մեր ցանկացած առաջարկ մերժվում էր. բոլոր հարցերը քվեարկության էին դրվում, իսկ իրենք մեծամասնություն էին: Անզորությունից գիշերները չէի կարողանում քնել։ Ճիշտ է, հարցազրույց էինք տալիս, լրագրողների էինք հրավիրում, բայց դա արդյունք չուներ։

Մի անգամ Ռոբերտ Մաթևոսյանն առաջարկեց ընտրական օրենսգրքից մի հատված վերցնել ու որպես առաջարկ ներկայացնել ԿԸՀ քննարկմանն ու քվեարկությանը։ Գործող ընտրական օրենսգրքին դեմ քվեարկեցին, քանի որ մեր՝ ընդդիմադիր ներկայացուցիչներիս առաջարկն էր։ Ջհանգիրյանն էլ հավելեց, թե մեզ թող չթվա, որ իրենք չկռահեցին, որ առաջարկը ընտրական օրենսգրքից էր վերցված։

Մեկ-մեկ ուզում եմ ներկայում արդար ընտրություններ պահանջող որոշ գործիչների հարցնել՝ եթե արդար ընտրություններ են ուզում, այն ժամանակ իրենք ինչո՞ւ էին կեղծում ընտրությունները։

Հիշում եմ նաև, որ 95-ի ընտրություններից հետո բողոքի ցույցեր եղան ԿԸՀ-ի մոտ։ Հանձնաժողովի իշխանական անդամներին զենք բաժանեցին ինքնապաշտպանության համար, իսկ մեզ՝ 6 ընդդիմադիր անդամներիս, չտվեցին։

Ինչ էինք ուզում և ինչ ունենք

Շարժման ընթացքում որպես քաղաքացի շատ աճեցինք, օրենքները յուրացրինք, հասկացանք, որ եթե ուզում ենք մի բան փոխել դեպի լավը, ապա պետք է ընտրենք լավագույններին ու ամեն մեկին իր ոլորտում գործելու հնարավորություն տանք։

Այն, ինչ ունենք հիմա, բոլորովին այն չէ, ինչ ակնկալում էինք: Այն մութ ու ցուրտ տարիներին, երբ սով էր, մարդիկ տներում ցրտահարվում էին, եթե իմանայինք, որ այսպես կլինի, երևի կմեռնեինք, չէինք գոյատևի։ Հավատն էր մեզ պահում առ այն, որ մի քիչ դիմանանք, լավ կլինի։

Որտե՞ղ սխալվեցինք

Հավանաբար նրանք կոմպետենտ չէին երկիր ղեկավարելու։ Ճիշտ է, լավ մարդիկ էին, բայց երևի կոմպետենտ չէին երկիր ղեկավարելու։ Հետո դեգրադացվեցին։ Մի երկու կոպեկ ընկավ ձեռքները, համն ընկավ բերանները, և ստացանք այսպիսի մի բան։

Ցավով պետք է նշեմ, որ մեր ժողովուրդը սոցիալական խնդիրների համար ոտքի ելնող չէ։ Մեր ժողովուրդը սոցիալականի համար բողոքում է՝ երկրից դուրս գալով։ Ղարաբաղի հարցն ուրիշ էր, սրտիդ ամենանուրբ լարերն էր շոշափում, քո ազգակցին նեղացնում էին, դա ուրիշ բան է: Իսկ որ սննդամթերքի գնի համար պետք է կռիվ տանք, դա մեր մեջ չկա:

Այն ժամանակ, որ ասում էին` հայերն էքստրեմիստ են, մենք նեղանում էինք։ Բայց մենք միայն էքստրեմալ պայմաններում ենք ոտքի կանգնում, իսկ այն ժամանակ այդպիսի իրավիճակ էր։

Եթե պահեինք այն լավը, նվիրումը, գաղափարները, որ ունեինք սկզբում, որով պետություն ստեղծեցինք, լավ կլիներ։ Բայց իշխանությունը գաղափարներից հեռացավ, ժողովուրդն էլ հիասթափվեց: Ու մարդիկ իրենց հիասթափությունն ու դժգոհությունը հեռանալով են արտահայտում։

30 տարվա հեռավորությունից

Դժվար է այսօրվա աչքերով նայել այն ժամանակվա իրադարձություններին։ Այն ժամանակ ռոմանտիզմ կար, հավատ կար։ Օրվա մեջ 24 ժամ աշխատում էի։ Իմ ուղեղը չէր հանգստանում։ Մեկ էլ անկողնուց գիշերվա երեքին վեր էի թռչում ու նոթատետրում գրառում անում, թե հաջորդ օրն ինչ պետք է անեմ։ Ողջ էությամբ նվիրված էինք։ Տարիներ հետո, երբ իմ բլոկնոտը բացեցի ու տեսա, թե մի օրվա մեջ ինչքան գործ եմ արել, զարմացա, թե ինչպես եմ այդքան բան հասցրել։ Հիմա չեմ կարող։ Շարժիչ ուժը հավատն էր, իսկ հիմա այն չկա:

Բայց չեմ զղջում, որ այդ ամենի մասնակիցն եմ եղել, որովհետև ոչ մի վատ բան չեմ արել: Ինչ արել ենք, անկեղծ սրտով, նվիրումով ու հավատով ենք արել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: