Հայերեն   English   Русский  

​Առանց գիտության զարգացման չենք կարող դառնալ զարգացած երկիր. Լևոն Թավադյան


  
դիտումներ: 5167

ԳԱԱ կազմած և կառավարությանը ներկայացրած «Ինովացիոն առաջարկների փաթեթում» Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը երեք նորարար ծրագիր է առաջարկում.ժանգի ձևափոխիչ լուծույթ, հեղուկ կոմպլեքսային պարարտանյութեր և բիօքսիլ ախտահանիչ միջոց, որը քլոր չի պարունակում։

Առաջարկների առևտրայնացման պոտենցիալի և գիտության խնդիրների մասին է «Անկախը» զրուցել ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանի հետ։

- Պարոն Թավադյան, ի՞նչ է իրենից ներկայացնում առաջարկներից յուրաքանչյուրը և առևտրայնացման ի՞նչ պոտենցիալ ունի։

- Առաջարկները կազմելիս երեք հիմնական չափանիշ ենք հաշվի առել. նորույթ, որակ, որը կապահովի մրցակցությունը շուկայում, և պահանջարկ։

Ժանգի ձևափոխիչի մշակման աշխատանքները ֆինանսավորել են գիտության կոմիտեն և արցախյան մի ընկերություն։ Ֆինանսավորումը հնարավորություն է տվել կիրառական արդյունքը վերածելու ինովացիոն առաջարկի. կառուցվել է փորձնական արտադրամաս, որի հզորությունը կազմում է տարեկան հազար տոննա։ Լաբորատոր մշակումներից անցել ենք փորձնական արտադրության մակարդակի։ Սա մեծ քայլ է։

Դա փաստորեն հեղուկ նյութ է, որով պատում են ժանգոտ մակերեսը։ Ժանգը վերանում է, ու ձևավորվում է ամուր շերտ` նախաներկ, որի վրա կարելի է տարածել ներկանյութը։

Նյութի առավելությունը որակն է։ Համեմատել ենք այլ նմանատիպ նյութերի հետ, որոնք արտադրվում են զանազան երկրներում: Մերը որակի առումով չի զիջում լավագույն տարբերակներին, բայց գնային առումով զգալի առավելություն ունի։ Սա նշանակում է, որ կարող ենք լինել մրցունակ համապատասխան շուկայում։

Հիմա արտադրության ծավալները մեծ չեն, բայց աշխատում ենք նոր, արտասահմանյան շուկաներ գրավելու ուղղությամբ։ Բայց այդ գործընթացը գիտնականի համար բարդ է։ Գործընկերներ ենք փնտրում մեր արտադրանքն ընդլայնելու համար. տեղական շուկայում կարողացել ենք փոքր ծավալներով ներկայանալ, գիտական արդյունքն առևտրայնացնել։ Այժմ նպատակահարմար ենք համարում նաև ընդլայնել գործունեությունը։

Երկրորդը բիօքսիլ նյութն է։ Ախտահանումը շատ կարևոր է մի շարք ոլորտներում. հիվանդանոցներ, կենցաղ, գյուղատնտեսություն, սննդի վերամշակում և այլն։ Ախտահանող նյութերը պետք է քլոր չպարունակեն, եվրոպական համապատասխան կոնվենցիաներով քլոր պարունակող ախտահանիչների օգտագործումը խիստ սահմանափակվել է, քանի որ դրանցից արտանետվում են տոքսիկ նյութեր։ Եվ քանի որ խոսքը կոմերցիայի մասին է, այդ նյութերը նաև պետք է լինեն էժան, ինչպես նաև բնապահպանական տեսանկյունից անվնաս թե՛ արտադրության և թե՛ օգտագործման ժամանակ։

Մեր առաջարկած նյութը համապատասխանում է այս բոլոր պահանջներին։ Փորձարկումները ցույց են տալիս, որ այն որակով, էկոլոգիական անվտանգությամբ ու գնային առումով մրցունակ է շուկայում։ Նաև որպես ախտահանիչ միջոց կարող է երկար կյանք ունենալ, քանի որ կոմպոզիցիոն նյութ է, պարբերաբար մի փոքր փոփոխելով՝ կարելի է լուծել ախտահանիչ նյութի նկատմամբ մանրէների իմունիտետ ձեռք բերելու խնդիրը։

ԳՊԿ և ԳԱԱ Գիտության զարգացման ֆոնդի ֆինանսավորմամբ պիլոտային կայանք ենք ստեղծել նյութի փորձնական արտադրության համար։ Ծրագիրը շուտով կավարտվի, և մենք կներկայանանք պատրաստի արտադրանքով։

Երրորդը հեղուկ պարարտանյութերն են։ Ամբողջ աշխարհն անցել է հեղուկ պարարտանյութերի օգտագործմանը, քանի որ դրանք կաթիլային ձևով ներմուծման հնարավորություն են տալիս։ Այդպես բույսերն ավելի լավ են յուրացնում, կորուստներն էլ քիչ են, հետևաբար նույն արդյունքը կարելի է ստանալ ավելի քիչ պարարտանյութով և գումարով։ Մեր առաջարկածը կոմպլեքս լուծույթ է, որը հնարավորություն է տալիս համատեղելու տարբեր տեսակի պարարտանյութերը՝ կախված պահանջից։

Տեխնոլոգիան մշակված է, արտադրության համար կարող ենք օգտագործել այն փորձնական արտադրամասը, որ օգտագործվում է ժանգի ձևափոխիչի համար։ Սակայն այստեղ դեռ փորձարկումների, շուկայի ուսումնասիրության և առևտրայնացման առումով որոշակի ճանապարհ ունենք անցնելու։

- Կառավարությունը կամ շահառու պետական կառույցներն ինչ-որ կերպ արձագանքե՞լ են ձեր առաջարկներին։

- Հայաստանի շուկան պետք է լինի զգայուն նորամուծության նկատմամբ, ինչի համար ջանքեր և օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ։ Իսկ եթե ուզում ես ներդրում, ապա պետք է ներկայացնես բիզնես պլան և ներդրողին ապացուցես, որ գումարն իզուր չի տալու։ Այլ հարց է, որ Հայաստանում չեն գործում վենչուրային հիմնադրամներ։

- Իսկ ինստիտուտն ինքնուրույն քայլեր ձեռնարկե՞լ է առևտրայնացման ուղղությամբ։

- Ինստիտուտում ստեղծված է ինովացիոն խումբ։ Աշխատանքներ են ընթանում շուկայի հետ կապ հաստատելու ուղղությամբ։ Ճիշտ է, մեր սպասելիքներն ավելի մեծ էին, բայց որոշ պատվերներ ունեցել ենք։ Կարևոր է, որ Հայաստանում ապահովվի որակի ստուգման գործընթացը։ Այդ պարագայում գիտության պահանջարկը շատ ավելի մեծ կլինի։

Առևտրայնացումը պահանջում է յուրահատուկ, ավանդական գիտությանը ոչ բնորոշ քայլեր։ Գիտնականը ֆինանսական, նաև շուկայի վերլուծության տեսանկյունից միշտ չէ, որ պատրաստ է այդ գործունեությանը։

Նախ պետք է գնահատել լաբորատոր փորձարկումները. հնարավո՞ր է դա ընդլայնել, զանգվածային արտադրության վերածել։ Երկրորդ՝ լաբորատոր մակարդակում նախնական ֆինանսական հաշվարկներ իրականացնել, թե որքանով ձեռնտու կլինի։ Ապա ապրանքային տեսքին մոտենալիս պետք է ուսումնասիրել շուկան, մրցակիցներին և առհասարակ գնահատել, թե որքան կտևի նոր լինելը, որովհետև ցանկացած ապրանք իր կյանքի տևողությունն ունի։

Հուսով եմ, որ հանրապետությունում կստեղծվի այնպիսի մթնոլորտ, որ խորհրդատվական ընկերություններ գործեն և գիտնականների հետ համագործակցությամբ կյանքի կոչեն ստացված գիտական մշակումները։ Այդ կազմակերպությունները ոչ թե ինչ-որ պարտք պետք է կատարեն, այլ մեխանիզմն այնպիսին պետք է լինի, որ իրենք էլ շահագրգռված լինեն այդ գործունեությամբ։

Իսկ գիտնականներս, եթե ինքնուրույն չենք կարող առևտրայնացման գործն առաջ տանել, պետք է պատրաստ լինենք համագործակցելու այդպիսի խորհրդատու կազմակերպությունների հետ։

- Պետական կառույցների հետ համագործակցություն ունե՞ք, օրինակ՝ առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների հետ։ Պետական կառույցներն իրենց կարիքների մասին ձեզ տեղեկացնո՞ւմ են։

- Այդ գործընթացը պետք է լինի երկկողմանի։ Գիտնականն ինքը մի կողմից պետք է այդ կառույցներին առաջարկ անի, մյուս կողմից՝ նախարարությունները պետք է ներկայացնեն իրենց պահանջը՝ որպես պետպատվեր։ Երկու կողմից էլ կաղում է գործընթացը։

Մասնավորի հետ համագործակցության համար պետք է պայմաններ ստեղծել, որ ձգտումը դեպի գիտությունը մեծ լինի։ Տնտեսության մասնագետները կարող են ասել, թե ինչ քայլեր են հարկավոր, որ գիտության պահանջարկը մեծանա։

Ինչ վերաբերում է պետության հետ համագործակցությանը, այդ խնդիրը պետք է հստակ դրվի։ Եթե նախարարությունները քաջ ծանոթ լինեն իրենց խնդիրներին, բացահայտեն, թե իրենց ոլորտի կառույցներում ինչ պահանջարկ կա, միանգամից կծագեն գիտական նոր խնդիրներ, որոնք կարող են առաջարկել գիտական հիմնարկներին։ Բայց ներկայումս այդպես չէ, քանի որ մեխանիզմները ճշգրտման կարիք ունեն։

- Պարո՛ն Թավադյան, գիտությունը Հայաստանում որքանո՞վ է ծառայում իր նպատակին։

- Գիտությունը կապված է կրթության, մշակույթի, տնտեսության հետ, նաև աշխարհում ներկայացնում է պետությունը։ Եթե ֆինանսավորում ես գիտությունը՝ նշանակում է ֆինանսավորում ես և՛ կրթությունը, և՛ մշակույթը, և՛ երկրի ներկայացվածությունը միջազգային ասպարեզում։ Ինչ վերաբերում է տնտեսական գործառույթին, ապա համապատասխան մեխանիզմները կատարելագործման կարիք ունեն։ Համոզված եմ, որ առանց գիտության զարգացման չենք կարող դառնալ զարգացած երկիր։

- Հնարավո՞ր է գիտության զարգացումը ֆինանսավորման կրճատման պայմաններում։

- Պատահական չէ, որ գիտության ֆինանսավորման կրճատումը գիտական հանրության կողմից չողջունվեց։ Կա մի շեմ, որից ցածր ֆինանսավորումը դժվարացնում է գիտության զարգացումը. դա կապված է և՛ գիտական արդյունքի որակի, և՛ սարքավորումների հետ, երբ խոսքը փորձարարական գիտության մասին է, և կադրերի հետ։ Իսկ կիրառական արդյունքների զգալի մասը գալիս է փորձարարական գիտությունից։ Եթե բավարար չեն տնտեսության զարգացմանը նպաստող գիտական պատվերները, չկան համապատասխան ֆինանսավորում, սարքավորումներ, գիտական մթնոլորտ, ենթակառուցվածք, ապա երիտասարդը որոշ կրթություն, գիտական աստիճան ստանալուց հետո լքում է իր գիտական հիմնարկը, երբեմն՝ նաև երկիրը կամ փոխում է մասնագիտությունը։

Այժմ առաջնահերթ խնդիր է դարձել գիտության պահպանումը։ Կա ֆինանսավորման և գիտնականների գործունեության արդիականացման խնդիր։ Իհարկե, ցանկալի է, որ գիտնականը կարողանա ինքնուրույն ներգրավել անհրաժեշտ ֆինանսների մի մասը։ Դա ոչ միայն գիտնականների, այլ նաև կազմակերպության խնդիրն է։

- Կարելի՞ է եզրակացնել, որ կրթական համակարգում փոփոխությունների կարիք ունենք, որպեսզի գիտություն եկող շրջանավարտը նաև բիզնեսի ոլորտի որոշակի հմտություններ ունենա։

- Կրթության, գիտելիքների խնդիրը միշտ կա։ Ժամանակակից գործընթացներում կարևոր է, որ շրջանավարտները ոչ միայն ավանդական գիտելիքներ ունենան, այլև ժամանակակից պահանջներին համապատասխան որոշ գիտելիքներ։ Բայց միայն կրթական համակարգում փոփոխություններով խնդիրը չի լուծվի։ Գիտնականի համար պատշաճ պայմաններ պետք է ստեղծվեն, ինչը ենթադրում է համապատասխան գիտական մթնոլորտ, ենթակառուցվածք, ֆինանսական ռեսուրսներ, սոցիալական ապահովություն։ Դրանց ապահովման դեպքում գիտնականը կկարողանա գործել և դրսից լրացուցիչ միջոցներ ներգրավել։

- Ֆինանսավորման կրճատման պայմաններում կիրառական ուղղություններին առաջնահերթություն տալու դիրքորոշումը որքանո՞վ եք տեղին համարում, այն ինչպե՞ս կանդրադառնա հիմնարար գիտության վրա։

- Կառավարության որոշումը կիրառական ուղղություններին առավել մեծ ուշադրություն դարձնելու կոչ է, բայց դա տարանջատում չի նշանակում։ Առանց հիմնարար գիտելիքների չենք կարող ստեղծել համապատասխան նախադրյալներ, գիտական մթնոլորտ և կադրեր, որոնք կարող են կիրառական աշխատանքներ մշակել։ Աջակցելով կիրառական աշխատանքներին՝ պետք է այնպես անել, որ հիմնարարը ոչ միայն չտուժի, այլև զուգահեռաբար զարգանա՝ հաշվի առնելով կիրառական և հիմնարար գիտության սերտ փոխկապվածությունը։

- Իսկ ինչպե՞ եք կազմակերպել ինստիտուտի գործունեությունը կրճատված ֆինանսների պայմաններում։

- Երիտասարդների ոչ բավարար հոսքն ինստիտուտ հանգեցրել է նրան, որ գիտելիքները կուտակված են մեծ տարիքի գիտնականների մոտ։ Եթե առանց գիտելիքի փոխանցման հեռացնում ես գործող վաստակաշատ գիտնականներին, դա վնասում է ինստիտուտի գործունեությունը։ Այնուամենայնիվ, ինչ-որ բան կարողացել ենք համաձայնեցնել. որոշ հաստիքներ կրճատվել են կես դրույքով։ Ցածր վարձատրության պայմաններում երիտասարդներն ավելի հեշտ են հեռանում, բայց մենք որևէ դեպքում չենք կրճատում իրենց։ Ավելին, մեր սուղ միջոցներով փորձում ենք իրենց համար համապատասխան աշխատանքային պայմաններ ստեղծել․ երիտասարդները մեզ մոտ 26 տոկոս են կազմում։

Նախկինում մենք ունեցել ենք ռեսուրսներ, որով խրախուսել ենք լավ աշխատողներին, հիմա դա չունենք և մտածում ենք, թե որտեղից կարող ենք այդ նպատակով ռեսուրսներ ներգրավել։

- Ի՞նչ ապագա ունի գիտությունը Հայաստանում։

- Ես, այնուամենայնիվ, լավատես եմ։ Կարծում եմ՝ կգա օր, երբ նաև գիտության զարգացման շնորհիվ կաճի տնտեսությունը, գիտության ֆինանսավորման խնդիրները կլուծվեն, գիտության հանդեպ պահանջարկը կաճի և գիտությունն էլ ավելի մեծ տեմպերով կզարգանա։

Բայց դա չի նշանակում, որ ձեռքներս ծալած պետք է նստենք ու սպասենք լավ օրերին, բոլորս պետք է մեր տեղում քայլեր ձեռնարկենք, սա համատեղ աշխատանքի արդյունք պետք է լինի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: