Հայերեն   English   Русский  

​Հարություն Նազարյան. «Հաղթանակի բերկրանքը վայելելու համար հարկավոր է քրտնաջան աշխատել»


  
դիտումներ: 2169

Փետրվարի 5-10-ը կայացավ բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցեց շուրջ 150 բռնցքամարտիկ Հայաստանից և Արցախից: Ստուգատեսի արդյունքներով ձևավորվելու է հավաքական, որը նախապատրաստվելու և մասնակցելու է մրցաշրջան 2018-ի կարևորագույն մեկնարկներին:

«Անկախի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր մարզիչ, կրտսեր տարիքի հավաքականի 2-րդ և Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Հարություն Նազարյանն ամփոփում է մրցաշարի արդյունքները, գնահատում մարզիկների ելույթները և խոսում բռնցքամարտի զարգացման հեռանկարների մասին:

- Պարո՛ն Նազարյան, «Դինամո» ՄՀԿ-ում կայացած առաջնությունում 10 քաշային կարգերում մարզիկները պայքարեցին Հայաստանի չեմպիոնի կոչման համար: Ընդհանուր առմամբ մարզիկների պատրաստվածության մակարդակն ինչպե՞ս կգնահատեք:

- Հայաստանի երիտասարդների առաջնությունն անցավ հետաքրքիր, լարված ու դիտարժան պայքարում: Որպես մարզիչ` ուրախությամբ պետք է նշեմ, որ տեխնիկապես և տակտիկապես ուժեղ երիտասարդ մարզիկներ ունենք, որոնք անչափ գեղեցիկ մենամարտեր անցկացրին: Ընդամենը մեկ քայլ է մնացել, որ նրանք իրավունք ձեռք բերեն և հանդես գան մեծահասակների ազգային հավաքականի կազմում: Առաջիկա միջազգային մրցաշարերը ցույց կտան, թե ովքեր արժանի կլինեն հետագայում համալրելու մեծահասակների կազմը:

Անպայման ցանկանում եմ նշել երիտասարդ մարզիչների աշխատանքի մասին: Մարզիկների ելույթներից կարելի է եզրակացնել, որ նրանք աշխատում են նպատակային և նվիրված: Ուրախալի է, որ ոլորտում աշխատում են բարձրակարգ մասնագետներ Երևանից, Վանաձորից, Գյումրիից: Ոչ միայն մարզիկների, այլև մարզիչների հրաշալի հերթափոխ ունենք, և նրանք հաստատ կարող են շարունակել բռնցքամարտի լավագույն ավանդույթները:

- Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այս առաջնությանը թույլատրեց մասնակցել բոլորին, ուստի և մասնակից մարզիկների մեծ թիվ գրանցվեց:

- Սա ողջունելի քայլ էր: Ցանկացած մրցաշարում որքան շատ է մասնակիցների թիվը, այնքան բարձր է մրցակցությունը:

Տեղական մրցումներում մարզիկները 3-4 մենամարտ են անցկացնում, միջազգային մրցաշարերում` 5-6: Երբեմն նրանք պատրաստ չեն լինում այդ ծանրաբեռնվածությանը: Այս դեպքում արդեն նրանք հոգեպես, տեխնիկապես և տակտիկապես պատրաստ կլինեն 5-6 մենամարտ անցկացնելու միջազգային ստուգատեսներում: Նախկինում ընդամենը 16 մարզիկ էր մասնակցում տվյալ քաշային կարգում: Այս առաջնության ժամանակ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն ու երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը մասնակցելու հնարավորություն ընձեռեցին բոլորին:

- Բռնցքամարտը հենակետային մարզաձևերից է Հայաստանում և հարուստ ավանդույթներ ունի: Նկատելի է, որ վերջին տարիներին մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը վերստին մեծացել է:

- Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներդրումն այս գործում անասելի մեծ է: Ֆեդերացիան ամուր հիմքեր է դրել: Մարզադպրոցներում երեխաների թիվն ավելացել է, քանի որ մարզումներն անվճար են: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի պահանջն է, որ մարզիչները մշտապես աշխատեն մասնագիտական որակները բարձրացնելու, գիտելիքները հարստացնելու ուղղությամբ: Մարզիչները քրտնաջան աշխատում են:

Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ մարզական կյանքն ակտիվ է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում և Արցախում: Այս տարվա մայիսին Արցախում միջազգային մրցաշար է կազմակերպվելու: Արցախում նույնպես բավական ուժեղ բռնցքամարտիկներ ունենք:

- Բայց վերջերս Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարեց, որ բռնցքամարտը կարող է հանվել 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի և 2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագրից:

Հարություն Նազարյան

- Բռնցքամարտն օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված եղել է դեռևս հնագույն ժամանակներից: Պատճառը բռնցքամարտի միջազգային ասոցիացիայում տիրող վիճակն է: Կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունի: Վերջին շրջանում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում ղեկավար կազմում: Բացի այդ, կողմնապահությունն ու անարդարությունը տիրում են ամբողջ աշխարհում: Շատ հաճախ մենամարտերում հաղթում են անարժանները: Այդ առումով էլ փորձում են քայլեր ձեռնարկել նման երևույթներից խուսափելու համար: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը պահանջում է, որ պատասխանատուներն այս ամենին ուշադրություն դարձնեն, այլապես ՄՕԿ-ը խիստ պատժամիջոցներ կկիրառի:

- Պարո՛ն Նազարյան, մարզչական աշխատանքի բազմամյա փորձ ունեք: Մարզիկին հաջողության հասնելու համար ի՞նչ է հարկավոր:

- Մարզիկները նվիրված պետք է աշխատեն, մշտապես մասնակցեն պարապմունքներին և միջազգային մրցաշարերում հանդես գալու փորձ ունենան: Փորձի փոխանակումն անչափ կարևոր է: Այսօր այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում: Մեր մարզիկներն այժմ ավելի հաճախ են միջազգային մրցաշարերի մասնակցում:

Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արման Հարությունյանի նախաձեռնությամբ մեր դպրոցի սաները տարվա մեջ 4 անգամ մրցումների են մասնակցում: Երեխաները պարտադիր դուրս են գալիս միջազգային մրցահարթակ, մարզիչները տեսնում են նրանց հնարավորությունները:

Այսօր ճանաչված ու սիրված մարզիկներն օրինակ են ծառայում երիտասարդներին: Վերջիններս ձգտում են նմանվել նրանց, կոչումներ նվաճել, երկրի պատիվը բարձր պահել, հայտնի դառնալ և խրախուսանքների արժանանալ: Միաժամանակ երիտասարդները պետք է գիտակցեն ու հասկանան, որ միանգամից ոչինչ չի տրվում: Արդյունքի հասնելու, հաղթանակի բերկրանքը վայելելու համար հարկավոր է քրտնաջան աշխատել: Իմ բոլոր սաները սիրով են մարզվում և ոգևորում ինձ, նրանց հետ նախատեսվածից ավելի երկար եմ աշխատում: Անգամ մարզադահլիճից դուրս շարունակում ենք մարզումները: Շաբաթվա ընթացքում առնվազն երկու անգամ բացօթյա մարզումներ ենք անցկացնում Հրազդանի կիրճում՝ աշխատելով ընդհանուր ֆիզիկական պատրաստականություն ապահովել:

Մարզիչը պետք է իր աշխատանքը սիրի, իր գործի նվիրյալը լինի և օրինակ ծառայի մարզիկներին իր պահվածքով ու վարվելակերպով: Մարզիչը պետք է հոգեբան լինի` յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերելով: Երբ երեխաները հետաքրքվում են մարզումներով՝ կրկնակի ոգևորությամբ եմ աշխատում:

Նշեմ նաև, որ բռնցքամարտը դաստիարակում է, հեռու պահում վատ սովորություններից: Հպարտությամբ կարող եմ ասել, որ իմ սաները բարձր առաջադիմությամբ փայլում են նաև դպրոցում: Նրանցից շատերն ուսման գերազանցիկներ են:

- Պարո՛ն Նազարյան, վերջին շրջանում շատ հաճախ բռնցքամարտիկները սիրողականից տեղափոխվում են պրոֆեսիոնալ ռինգ: Այս միտումը կարո՞ղ է բացասական անդրադառնալ սիրողական բռնցքամարտի վրա:

- Տարիներ առաջ, երբ պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացած չէր Հայաստանում, մեր մարզիկները հեռանում էին երկրից, որպեսզի պրոֆեսիոնալ ռինգում հանդես գան, գումար վաստակեն: Այժմ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին թույլ են տալիս մասնակցել օլիմպիական խաղերին: Ուստի տղաներն իրենց հնարավորությունները փորձում են նաև պրոֆեսիոնալ ռինգում:

Մենք ունենք տաղանդավոր մարզիկներ: Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը, Գոռ Երիցյանը հրաշալի ելույթներ են ունենում պրոֆեսիոնալ ռինգում և միաժամանակ կարող են պայքարը շարունակել սիրողական բռնցքամարտում:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: