Հայերեն   English   Русский  

​ԳՐԻԳՈՐ Է ԱՆԱՎԱՐԶԵՑԻ


  
դիտումներ: 4530

Լեռնային Կիլիկիայի Կանչ ամրոցի և դղյակի տերը՝ Օշին Հեթումյան իշխանը, Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսի մասին բանաստեղծական տողեր է գրել՝ փառաբանելով նրան.

- Այսպէս ի հռչակասքանչ աստուածազգեաց հայրապետիդ

Սրբոյ Լուսաւորչին պատշաճաւոր երէց որդիդ.

Նախ ըզգործն առբերելով, ապա զանուն Հայրապետիդ,

Տեառն Գրիգոր Անաւարզոյ դիտապետիդ…

Օշին իշխանն ապա շատ ավելի հեռուն է գնում՝ կաթողիկոսին բնութագրելով հետևյալ կերպ.

- ՅՕշնէ հնազանդ որդւոյ ընկալ զողջոյնդ նմանիդ,

Եւ համբոյր տիրաշոշափ ի շնորհաբաշխ սրբոյ աջիդ,

Մանաւանդ բուռն հարել զերկնագնաց գարշապարիդ…

Իրականում, ինչպիսի՞ն էր Գրիգոր Է Անարվազեցի կաթողիկոսը, որի մասին գովեստի խոսքեր չի խնայում արքայական գերդաստանին պատկանող Օշին Հեթումյան իշխանը:

Կաթողիկոսի մասին ժամանակակիցների գնահատականները խիստ հակասական են: Օշին իշխանի՝ պաշտամունքի հասնող այս գրառման կողքին ակնառու է հայ միջնադարյան պատմագիտության ամենահավաստի հեղինակներից մեկի՝ արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանի գնահատականը նույն կաթողիկոսի մասին. «Իսկ հայրապետն մեր Տէր Գրիգոր սխալեաց մեծապէս եւ ի բաց եկաց ի ճշմարտութենէն»:

Ստեփանոս Օրբելյանի նման բնորոշումը չպետք է վերագրել նրա և Գրիգոր Անարվազեցու միջև մրցակցությանը կաթողիկոսական գահի համար պայքարում: Բնավ, պատմիչը, ըստ հարկի, չի զլանում նաև գովերգել կաթողիկոսի շնորհները՝ գրելով, որ նա խելացի է, հմուտ գիտության մեջ և այլն…

Բոլոր ժամանակակիցները, ի դեպ, միաբերան նշում են, որ Գրիգոր Անարվազեցին հմուտ է եղել գիտության մեջ, օտար լեզուների է տիրապետել (հունարեն, լատիներեն, ասորերեն), կատարել է թարգմանություններ այդ լեզուներից:

Գրիգոր Անարվազեցու ծննդյան հստակ թվականը հայտնի չէ, սակայն պետք է որ ծնված լինի 1240-ականներին Կիլիկիո Անարվազա քաղաքում: Գրիգոր Յոթերորդը կաթողիկոսական գահ բարձրացավ որպես Անարվազայի արքեպիսկոպոս:

1293 թ. եգիպտական մամլուքները գրավեցին Հռոմկլայի կաթողիկոսությունն ու գերեցին Ստեփանոս Դ կաթողիկոսին: Նոր կաթողիկոսի ընտրություն չէր կարող կատարվել, քանի որ գերյալ Ստեփանոսը ողջ էր: Կաթողիկոսական գործերի կառավարումը Հեթում Բ հայոց արքան (1289-1301) հանձնեց Գրիգոր Անարվազեցուն: Իսկ երբ Սիս հասավ Ստեփանոսի մահվան լուրը՝ տեղում հավաքվեց հոգևորականների ժողով, և առանց ընտրության, արքայի կամքով ուղղակի կաթողիկոս օծեցին տեղապահին՝ Գրիգոր Է Անարվազեցուն: Ի դեպ, թե՛ ժողովը, թե՛ արքան հաշվի չառան Արևելից կողմանց՝ բուն Հայաստանի հոգևորականության կամքը և կաթողիկոսական գահ բարձրացրին լատինամոլ հոգևորականին:

Գրիգոր Է-ն իր կաթողիկոսական աթոռը հաստատում է Սիս մայրաքաղաքում: Նա ի սկզբանե անհաշտ էր բուն Հայաստանի հոգևորականության հետ և Արևելյան կողմի վարդապետներից վրեժ լուծելու համար Աղթամարի կաթողիկոսության վրայից հանեց բանադրանքը՝ նրանց թույլ տալով իրականացնել իրենց թեմերում լիիրավ կաթողիկոսական իշխանություն:

Ի դեպ, հայոց նորընծա կաթողիկոսը հայ մատենագրության մեջ հանդես է գալիս տարբեր մականուններով՝ Անարվազեցի, Սսեցի, Երգող, Տուրքերիցանց, Ջրող, Հոռոմ…

Նրա Երգող մականունը վկայում է, որ հայոց կաթողիկոսը շարականներ է հեղինակել: Այդ մասին մատենագրական վկայություններ էլ կան, սակայն Գրիգոր Անարվազեցու հեղինակած շարականներից քիչ բան է պահպանվել:

Մինչ կաթողիկոս օծվելը Գրիգոր Է-ն ուսում է ստացել և գործել Մեծ Այր կամ Մեծ Քար վանքում: Այնտեղ է տիրապետել աստվածաբանությանը, իմաստասիրությանը, օտար լեզուներին: Վաղ շրջանի աղբյուրներում նա կոչվել է նաև Մեծքարեցի կամ Մեծայրեցի:

Իսկ Հոռոմ մականունը ստացել է օտարամոլության, Վատիկանին՝ լատին եկեղեցուն հարելու համար:

1294 թ. Գրիգոր Է-ն Հերթում Բ արքայի աջակցությամբ կարողացավ Եգիպտոսից վերադարձնել Գրիգոր Լուսավորչի աջը՝ դրա փոխարեն Եգիպտոսի սուլթանությանը զիջելով Ծագ, Ապլճես և Բեհեսնի ամրոցները և Մարաշ քաղաքը… Հայոց երկրի ամրոցներն ու մի քաղաք Լուսավորչի աջի փոխարեն:

Հեթում Բ-ն թուլամորթ արքայի գահակալության խառը տարիներին Կիլիկիո հայոց թագավորության վիճակը ծանր էր: Թուլամորթ հայոց գահակալն իր թագավորության շրջանում մի քանի անգամ կամավոր հրաժարվեց գահից ու մենաստան մտավ՝ երկրում առիթ տալով քաղաքացիական կռիվների: Այս պարագայում կաթողիկոսն էլ իրեն թույլ էր տալիս արտաքին քաղաքական հարցերով զբաղվել:

Արաբները վաղուց գրավել էին Անտիոքը, վերացրել տեղի լատին կոմսությունը: Սակայն մնացել էր Անտիոքի կաթոլիկ եկեղեցին: Հայոց կաթողիկոսը ցանկանում էր Անտիոքի վրա տարածել իր իշխանությունն ու այդ նպատակով բանակցությունների մեջ մտավ Վատիկանի հետ:

Եվ նա պապի առաջ պարտավորվեց էական զիջումների գնալ՝ հանուն Անտիոքի աթոռի վրա իր վերահսկողության սահմանման: Այդ զիջումներից էր նաև պատարագի գինուն ջուր խառնելը, որով հայ եկեղեցին ընդունում էր Հիսուսի երկու՝ մարդկային և աստվածային բնույթները՝ այդպիսով մեծ քայլ կատարելով դեպի կաթոլիկություն: Ի դեպ, հենց այս պատճառով կաթողիկոս Գրիգոր Է-ն հայտնի է նաև Ջրող մականունով:

Կաթողիկոսը նաև համաձայնեց ընդունել հույների և լատինների կողմից ընդունված յոթ ժողովները, որով ընդունելի ժողովների թիվը հասավ 14-ի: Նա ընդունեց նաև Հիսուսի երկու բնության, երկու ներգործության սկզբունքները:

Հայոց եկեղեցում նույնպես ժամերգությունները պետք է եկեղեցում կատարվեին, քահանայական աստիճանները տրվեին լատինների նմանությամբ, պատկերներն ընդունվեին անխտիր և առանց օրհնության: Կաթողիկոսը համաձայնեց նաև Հիսուսի ծնունդը հունվարի 6-ի փոխարեն նշել դեկտեմբերի 25-ին:

Այս նորամուծությունները, սակայն, բուն Հայաստանի եկեղեցին չընդունեց և չկիրառեց, իսկ հետագայում Գրիգոր Տաթևացին առհասարակ հերքեց:

Կաթողիկոսը մեծ ազդեցություն ուներ արքայի վրա և հայոց պետության բոլոր լծակները վերցրել էր իր ձեռքը: Նա ամենազոր էր Կիլիկիո երկրում և երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վրա ավելի մեծ ազդեցություն ուներ, քան անձամբ արքան: Գրիգոր Է-ն միջամտում էր պետական, գահակալական գործերին, Հեթումի ու իր եղբայրներ Սմբատի, Թորոսի միջև ծավալված արյունահեղ գահակալական կռիվներին:

Թուլամորթ Հեթումն իր գահակալության ընթացքում մի քանի անգամ լքեց թագն ու վանք մտավ, բայց շարունակում էր միջամտել պետական գործերին հենց կաթողիկոսի ձեռամբ: Հայոց գահը երերում էր կրոնական ու գահակալական կռիվների պատճառով: Սակայն կաթողիկոսը դավաճանեց նաև Հեթումին ու նրա եղբայր Սմբատին օծեց թագավոր:

Սմբատը սպանեց իր Թորոս եղբորը և կուրացրեց Հեթումին: Կաթողիկոսը Սմբատի անիրավությունների աջակիցն էր: Նա նաև միջամտեց, որ Հռոմի պապը Սմբատին վերաբերվի որպես յուրայինի և լատինամետի:

Սակայն Սմբատն էլ երկար չմնաց գահին: Նա գահընկեց արվեց մյուս եղբոր՝ Կոստանդին Հեթումյանի կողմից, որն էլ գահ բարձրացրեց դարձյալ Հեթում Բ-ին, իսկ վերջինս գահընկեց արեց իր փրկչին:

Ի վերջո՝ 1301 թվականին, Հեթումը կրկին վանք մտավ՝ գահը հանձնելով իր սպանված Թորոս եղբոր պատանի որդուն՝ Լևոն Դ-ին, որն ընդամենը 12 տարեկան էր:

Ի դեպ, արևելահայ կղերականությունը բացահայտ թշնամական դիրք էր բռնել կաթողիկոսի նկատմամբ: Ստեփանոս Օրբելյանի առաջնորդությամբ անգամ 1297 թվականին ժողով է գումարվել, որտեղ քննադատվել ու անընդունելի է համարվել կաթողիկոսի վարքը:

Գրիգոր Է կաթողիկոսը մահացավ 1307 թ: Գևորգ Սկևռացին իր Վարքում այսպես է նկարագրում կաթողիկոսի մահը. «Եւ կարկեցաւ լեզուն հայհոյիչ ըստ բանի սրբոյն Գէորգեայ, թիւրէցաւ մսուր բերանոյն և մասունք յատամանաց, թափեցան եւ ականողիքն ակամբն՝ յայլանդակ դէմս շրջակրէցան, եւ կողմն աջոյն առաւ, եւ ձախուն նուաղեցաւ, եւ ջիլք ոտքացն եւ բազկացն իբր զջուր թուլացան… Նաեւ գործի ձայնին խափանեցաւ»:

Թե ինչ է նկարագրում պատմիչ՝ դժվար է հասկանալ. Հիվանդությո՞ւն, գուցե գլխուղեղի կաթվա՞ծ, գուցե թունավորո՞ւմ…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: