Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ է հայցի ապահովումը


  
դիտումներ: 5486

Շատերը, ովքեր դատական գործերի հետ առնչություն են ունեցել, հանդիպել կամ լսել են «հայցի ապահովում» տերմինը։ Շատերն էլ զարմացել են, երբ մինչև դատարանի կողմից վերջնական դատական ակտ կայացնելն իրենց գույքերի նկատմամբ արգելանքներ են կիրառվել։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բովանդակում է հայցի ապահովման ինստիտուտը։ Ի՞նչ է այն, երբ է կիրառվում, ինչ կարգով և ինչպես է վերացվում։

Ո՞վ կարող է կիրառել հայցի ապահովման միջոց։ Հայցի ապահովումը կիրառվում է դատարանի կողմից դատական գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ։ Հայցի ապահովում կիրառվում է, եթե նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացման:

Ե՞րբ կարող է կիրառվել հայցի ապահովում։ Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:

Ի՞նչ ժամկետներում է որոշում կայացվում։ Միջնորդությունը քննարկվում է այն ստացվելու օրը և կայացվում է որոշում:

Հայցի ապահովման ի՞նչ միջոցներ գոյություն ունեն։ Հայցի ապահովման միջոցներն են պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը, պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը, այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը, գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում գույքի իրացումը կասեցնելը, հայցվորին պատկանող և պատասխանողի մոտ գտնվող գույքի վրա արգելանք դնելը անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում: Ընդ որում, դատարանը կարող է միաժամանակ կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց։ Ավելին, գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինել մեկ այլ միջոցով կամ ձևափոխել:

Ինչպե՞ս կարելի է վերացնել հայցի ապահովումը։ Հայցի ապահովման վերացումն իրականացվում է գրեթե նույն կերպ, ինչ կիրառումը։ Այսպես, հայցի ապահովումը վերացվում է գործը քննող դատարանի կողմից՝ գործին մասնակցող անձի միջնորդության հիման վրա։ Ի՞նչ ժամկետում է որոշում կայացվում։ Հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, դատական նիստում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: