Հայերեն   English   Русский  

​Սիրիահայերի արդյունաբերական գոտի. բիզնես հարթակ, որը կօգնի մնալ Հայաստանում


  
դիտումներ: 7148

Սիրիական պատերազմի հետևանքով մինչ օրս Հայաստան է տեղափոխվել մոտ 22 հազար սիրիահայ: Շատերը Սիրիայում հաջողակ ձեռնարկատերեր ու գործարարներ էին,

որոնք Հայաստան էին եկել ֆինանսական կորուստներով, բայց ոչ ամենևին բիզնես ոգու կորստով, ընդհակառակը՝ նորարարական մտածելակերպով, ծառայությունների մատուցման նոր որակով ու մշակույթով, հայաստանյան շուկայում բիզնես հեռանկարների փնտրտուքով:

Ցավոք, մեր երկրում պատրաստ չէին գնահատելու և զարգացնելու այդ ռեսուրսը, համապատասխան միջավայր չկար, ինչն էլ հանգեցրեց նրան, որ շատ սիրիահայեր հեռացան երրորդ երկրներ: Հայաստանը կորցրեց տնտեսությանը նոր լիցք հաղորդելու մի լուրջ հնարավորություն: Ավելի ակտիվ իրականացվում էին սոցիալական ծրագրեր, որոնք, ճիշտ է, անհրաժեշտ էին, սակայն կարճաժամկետ արդյունավետություն ունեին:

Հրայր Մկրտչյան

2013 թ. մայիսին Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատու Հրայր Մկրտչյանը, որ սիրիահայերի համար կազմակերպվող բիզնես թրեյնինգների հիմնական դասընթացավարն էր, առաջիններից էր Հայաստանում, որ աշխատանքի բերումով շփվելով գործարար սիրիահայերի հետ՝ նկատում ու բարձր է գնահատում այն ներուժը, որ իրենց հետ բերել էին սիրիահայերը:

Հենց այդ ժամանակ էլ գաղափար է առաջանում, որ անհրաժեշտ է ստեղծել մի կառույց, որը Հայաստան տեղափոխված ձեռներեց սիրիահայերի հետ հատուկ աշխատանք կկատարի: Հրայր Մկրտչյանի գաղափարը ոչ միայն ողջունում, այլև գործնական դաշտ է բերում նրա ղեկավարը՝ ՓՄՁ ԶԱԿ-ի այն ժամանակվա ղեկավար Վարազդատ Կարապետյանը: Վերջինս կենտրոնում անգամ տարածք է տրամադրում, որպեսզի գործն ընթացք ստանա: Շուտով գաղափարի շուրջ միավորվում է շուրջ 100 ակտիվ սիրիահայ, և ստեղծվում է Սիրիահայ գործարարների միության խորհուրդը:

Հասարակական հիմունքներով աշխատող այս կառույցը կազմակերպում էր քննարկումներ, որոնց ընթացքում ուրվագծվում էին հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Կառույցի անդամներն իրենց անձնական միջոցներն էին ներդնում, որպեսզի տեխնիկական խոչընդոտների պատճառով իրենց նպատակներից հետ չկանգնեն: Իսկ գլխավոր նպատակը հետևյալն էր՝ անել ամեն ինչ, որպեսզի ակտիվ, գործունյա սիրիահայերը մնան Հայաստանում: «Օրինակ՝ կազմակերպում էինք տեղացի գործարարների հետ հանդիպումներ, ապահովում օրենսդրության հետ կապված խորհրդատվություն, կամ եթե ինչ-ինչ կառույցների հետ խնդիրներ էին լինում՝ փորձում էինք հարթել»,- «Անկախի» հետ զրույցում ասում է Հրայր Մկրտչյանը:

2016 թ. փետրվարին կազմակերպությունը պաշտոնապես գրանցվում է՝ վերանվանվելով «Սիրիահայերի միություն»: Հրայր Մկրտչյանի համար սկզբունքային էր, որ կազմակերպության նախագահը սիրիահայ լինի: Այժմ կազմակեպության նախագահն է սիրիահայ գործարար Ներսես Քեվոն, որը Հայաստան է տեղափոխվել սիրիական պատերազմի ժամանակ: Ministry of Diaspora, Armenia-ի լուսանկարը:

Իբրև հասարակական կազմակերպություն՝ այն սկսում է համագործակցել հեղինակավոր կազմակերպությունների հետ (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (UNHCR), Հայկական կարմիր խաչի ընկերություն, «Հայկական Կարիտաս», «Վորլդ Վիժն Հայաստան», Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), «Վերադարձ Հայաստան» և այլն) և մասնակցում է սիրիահայերին ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացմանը (ցուցահանդես-վաճառքներ, խորհրդատվություն, դասընթացներ, շահերի պաշտպանություն և այլն):

Սիրիահայերի միության հետ արդյունավետ համագործակցում են նաև պետական կառույցները: «Մեզ սկսեցին վստահել ու համագործակցել, քանի որ մեր բոլոր ծրագրերը բխում են հենց սիրիահայերի կարիքներից»,- շեշտում է զրուցակիցս՝ մատնանշելով այն հանգամանքը, որ հաճախ սիրիահայերին ուղղված ծրագրեր են իրականացվում, որոնք արդյունավետ չեն, քանի որ խնդիրներն ու առաջնահերթությունները ճիշտ չեն որոշված:

Հինգ տարվա գործունեության ընթացքում Սիրիահայերի միությունը ստեղծում է սիրիահայ գործարարների տվյալների ամենամեծ շտեմարանը, որը ներառում է շուրջ 500 անուն: Հրայր Մկրտչյանի ոխսքով՝ այս ընթացքում միությունը տարբեր ծրագրերով աջակցել է ավելի քան 400 սիրիահայ անդամների:

Օրեր առաջ կազմակերպությունը «Անի Պլազա» հյուրանոցում ներկայացրեց սիրիահայերի ինտեգրմանն ուղղված երկու նոր ծրագիր.

1. ԻնֆոՀաբ՝ մեկ պատուհանի սկզբունքով աջակցման համակարգ Հայաստանում հաստատվող պոտենցիալ առաջադեմ ձեռներեցներին ու ներդրողներին: Այն օգնում է ճանաչելու հայկական գործարար միջավայրը, Հայաստանում ներմուծման և արտահանման գործընթացներն ու մաքսային օրեսդրությունը, տեղեկանալու ՀՀ հարկային օրենսդրության դրույթներին ու համապատասխան գործընթացներին, կապ հաստատելու ՀՀ գործարար ոլորտի ծառայությունների մատակարարների հետ և այլն:

2. Սիրիահայերի արդյունաբերական գոտի (ՍՀԱԳ) - պրոֆեսիոնալ գործարար ծառայությունների հզոր հարթակ՝ միտված սիրիահայերի տնտեսական ինտեգրացիայի ընդլայնմանը: Այն ուղղված է հասանելի և արտոնյալ բիզնես ծառայությունների իրականացմանը՝ օգտվելով մատչելի արտադրական տարածքներից և արտադրանքի ցուցադրման սրահներից:

Երկրորդը բավական կարևոր ու հետաքրքիր ծրագիր է: Սիրիահայերի արդյունաբերական գոտին շուրջ 1500 քմ տարածք է Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը 5 տարի ժամկետով անհատույց Սիրիահայերի միությանն է տրամադրել ՀՀ կառավարությունը:

Այն դառնալու է արտադրական և բիզնես կենտրոն, որտեղ Սիրիահայերի միության անդամ գործարարներն ու ձեռներեցները հնարավորություն կունենան շուկայականից մի քանի անգամ մատչելի գնով ձեռք բերելու տարածքներ արտադրական գործունեություն ծավալելու և իրենց արտադրանքը տարածքի սրահներում ներկայացնելու նպատակով: «Օրինակ, եթե շուկայական գնով տվյալ տարածքը հնարավոր է ձեռք բերել 100-150 հազար դրամով, ապա մեր արդյունաբերական գոտում՝ 25 հազարով»,- պարզաբանում է զրուցակիցս:

Հրայր Մկրտչյանը հույս ունի, որ այս փորձնական ծրագիրը հաջողություն կունենա և կառավարության համար նմանատիպ ավելի լայնածավալ ծրագիր իրականացնելու նախադեպ կդառնա:

սիրիահայերի միություն

Ի դեպ, Սիրիահայերի միության անդամ դառնալու երեք տարբերակ կա՝ բազիսային, ստանդարտ և վիպ:

Բազիսայինի դեպքում կազմակերպության անդամը որևէ անդամավճար չի կատարում, սակայն օգտվում է նախնական ընդհանուր խորհրդատվությունից (ուղղորդում, կապեր և այլն), լոբբինգից, հանրային շահերի պաշտպանությունից, միության համայնքի հասանելիությունից:

Ստանդարտ անդամակցության դեպքում որոշակի անդամավճար է սահմանված, բայց փոխարենը անդամը կարող է միության անունից ներկայանալ պաշտոնական և բիզնես միջավայրում, կիրառել միության լոգոն, օգտվել տարեկան ֆիքսված ժամաքանակով անվճար դասընթացների փաթեթից, անվճար թարգմանչական ծառայությունների որոշակի ժամաքանակից, իսկ դրանից դուրս՝ ցածր գներից, անվճար մարքեթինգային ծառայությունների փաթեթից և ցածր գներից, հարկային, մաքսային, իրավաբանական միջնորդություն-խորհրդատվությունից, միության արդյունաբերական գոտում արտադրական տարածքների անհամեմատ մատչելի գներից և այլն:

Վիպ անդամակցությունը ենթադրում է լոբբինգ, միջնորդություն, պետական կառույցներում անդամների հանրային շահերի պաշտպանություն, հաճախորդների ցանցի ապահովում, պոտենցիալ գործընկերների ցանցի ապահովում, հանդիպումների կազմակերպում պետական կառույցների ներկայացուցիչների հետ, բարձրակարգ բիզնես միջոցառումներին մասնակցության կազմակերպում, հարկային օրենսդրության և հաշվապահության անվճար դասընթացներ և խորհրդատվություն տարեկան ֆիքսված ժամաքանակով և այլն:

Գործարկվել է նաև Սիրիահայերի միության նոր կայքը (www.syrarbi.am), որից յուրաքանչյուր ոք կարող է տեղեկանալ, թե ինչով կարող են միության նախագծերը և ծառայություններն օգտակար լինել իր բիզնեսին։ Արտադրանքի առաջխաղացումը, անհրաժեշտ խորհրդատվությունը կամ Սիրիահայերի միության գործարար համայնքի մաս կազմելն այն նվազագույնն է, որով այդ նախագծերը կարող են օգտակար լինել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: