Հայերեն   English   Русский  

​Աշխարհաքաղաքական օրակարգերի բաղադրիչներ`Սարգսյան-Աուն հանդիպման առանցքում


  
դիտումներ: 1399

Լիբանանի նախագահի երեւանյան այցի եւ այդ առիթով միջնախագահական հանդիպումներից բխած երկկողմ հայտարարություններում կան աշխարհաքաղաքական օրակարգին վերաբերող խնդիրների մասին նշումներ, ակնարկներ եւ բնականաբար երկու պետությունների դիրքորոշումներ, որոնք ուղղակի-անուղղակի համատեղելի կետեր են ընդգծում։

Բնականաբար, նախ շատ օրինաչափ պիտի նկատվեր եւ այդպես էլ ընկալվեր, որ երկու նախագահները խոսեին երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, միջպետական հարաբերությունների անցած ուղու, տարբեր ոլորտների ուղղությամբ համագործակցությունը խորացնելու եւ այս բոլորում լիբանանահայ համայնքի ունեցած ուրույն դերակատարության մասին:

Այդ բոլորից բացի, քաղաքական հարցերի քննարկումը առիթ էր նաեւ կովկասյան եւ միջինարեւելյան տարածաշրջաններին վերաբերող ամենաթեժ իրադարձություններին անդրադառնալու եւ կարեւոր ընդգծումներ կատարելու:

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդիրը եւ հաստատել, որ երկու նախագահների աներկբա համոզումն է, որ հակամարտության լուծումը կայացած պիտի լինի արցախահայության իր պատմական հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքի վրա: Այս հստակեցմանն անմիջապես հետեւում է Երուսաղեմի հարցի ակնարկը, ուր ասվում է, թե նախագահները համաձայն են եղել, որ հանգուցալուծման մեջ ամենակարեւորը բանակցային գործընթացն է եւ ուժի կիրառման բացակայությունը:

Անցում է կատարվել սիրիական ճգնաժամին, բարձր գնահատվել ահաբեկչության եւ արմատականության դեմ պայքարին Լիբանանի ունեցած ներդրումը եւ ապա սահուն անցում` փախստականների հարցին, որը մեծ տարողությամբ դիմագրավում է Լիբանանը եւ ավելի նվազ` Հայաստանի Հանրապետությունը: Նման օրակարագային կետերին ներառվել է նաեւ Լիբանանի խաղաղության եւ կայունության համար Երեւանի ընգրկումը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին:

Ահաբեկչության դեմ պայքարի, սիրիական ճգնաժամի, եւ փախստականների վերաբերյալ թղթածրարների բաժինների արծարծումով նախագահ Աունը եւս գրեթե միեւնույն դիրքորոշման շեշտադրումներ է կատարել: Իր բաժնում ավելանում է Լիբանանին ուղղված Իսրայելի սպառնալիքները, Լիբանանի նավթային իրավունքների խնդիրը, եւ մանավանդ Լիբանանի ցամաքային եւ օդային սահմանների պաշտպանության առաջադրանքում միջազգային ընտանիքից Բեյրութի ակնկալած աջակցությունը:

Եթե նկատի ունենանք նաեւ պաշտոնական ընթրիքի առիթով երկու նախագահների կատարած հայտարարությունները, գերակա երկու հիմնահարցերի` Արցախի ինքնորոշման եւ Ցեղասպանության ուղղությամբ կան վերլուծական եւ այժմեական նշանակություն պարփակող հայտարարություններ:

Երբ ասվում է, որ աներկբա համոզում է, որ հակամարտության լուծումը պիտի կայացած լինի արցախահայության՝ իր պատմական հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքին վրա, դա նշանակում է պարզապես, որ հարգվում է արցախահայության ինքնորոշման իրավունքը եւ հայրենիքի պատկանելիությունը:

Հիմա մեջբերենք պաշտոնական ընթրիքին նախագահ Աունի կատարած հայտարարության հետեւյալ բաժինը. ակնարկելով օսմանյան քաղաքականությունը՝ «Այդ մտածելակերպը թշնամին ուրիշի մեջ էր տեսնում, որ պետք է սպանել եւ ոչնչացնել նրա մշակույթն ու քաղաքակրթությունը: Այդ մտածելակերպը իրագործեց ամենից սարսափելի կոտորածները` պատճառելով միլիոնավոր նահատակներ: Մեր երկու ժողովուրդները այդ մտածողության զոհերն էին: Հայ ժողովուրդը սրով սպանվեց, լիբանանցի ժողովուրդը` սովի միջոցով: Ցավոք սրտի այդ նույն մտածելակերպը վերջին ժամանակաշրջանում վերստին երեւաց` խլելով հարյուր հազարավոր կյանքեր: Վստահաբար անցյալի կոտորածները չճանաչելը եւ նրանց հանդեպ պատասխանատվության բացակայությունը, անշուշտ, խրախուսոմ են ներկա ջարդերը»:

Նախագահ Աունը հետեւողականություն է ցուցաբերում այս հարցի առնչությամբ իր կատարած հայտարարութուններում: Ցեղասպանության 100-ամյակի առիթով իր ելույթում նա զուգահեռ էր անցկացրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության եւ 21-րդ դարի միջին արեւելան տարածշրջանում կրոնական արմատականության անվան տակ գործող ահաբեկչության կողմից իրականացվող ցեղային զտումների միջեւ, քաղաքական ենթատեքստով փոխանցելով, որ միեւնույն պետությունն է, որը ժամանակին ուղղակի, այժմ միջնորդավորված իրականացնում է ցեղասպանական քաղաքականություն: Իսկ վերջին հաստատումը, որ եթե Ցեղասպանությունը միջազգային ընտանիքի կողմից դատապարտված լիներ կկանխագելվեր դրա կրկնությունը` պաշտոնական Երեւանի եւ ընդհանրապես հայկական կողմի համար միշտ օգտագործվող տեսակետ է:

Գոյություն ունի հայկական եւ լիբանանյան հիմնախնդիրների եւ դիրքորոշումների համատեղելիություն: Եւ սա ոչ միայն պատմական հարցերի կամ ժողովուրդների բարեկամությանը վերաբերող երեւույթների, այլեւ այժմեական խնդիրների` որոնք աշխարհաքաղաքական ներկա օրակարգերի բաղադրիչներ են համարվում։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: